ԿարևորՔաղաքական

Գործընթացն առաջին իսկ պահից հրապարակային է․ ԱԺ-ում քննարկել են հայ-թուրքական հանդիպման արդյունքները

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատումը բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից՝  ԱԺ այսօրվա նիստում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ 8-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի աշխատանքը սկսվել է հայ-թուրքական հարաբերություններին և 3 օր առաջ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձով։ Ի՞նչ են քննարկել Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները, ինչպե՞ս և ինչո՞ւ ՝ հարցերը հետարքրքել են հատկապես ընդդիմության ներկայացուցիչներին։ Միակ գործընթացն է, որ առաջին իսկ պահից հրապարակային է՝ ի պատասխան մտահոգություններին  հայտարարել է ԱԺ փոխնախագահը։  

8-րդ գումարման ԱԺ-ի երրորդ նստաշրջանի մեկնարկը բուռն էր, առիթը՝ 3 օր առաջ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում։  Ի՞նչ է քննարկվել, ի՞նչ գաղտնի բանակցություններ են ընթանում , ի՞նչ դրական ու կառուցողական մթնոլորտի մասին  է խոսքը․ հարցերը հետաքրքրում էին հատկապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին։ Գործընթացում Հայաստանի ներկայացուցչի՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի համար ամենաանըդունելին բանակցությունները գաղտնի որակելու մոտեցումն է։

Սա միակ դեպքն է, երբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը և առաջին իսկ կետը հրապարակային է՝ շեշտեց Ռուբինյանը։

«Պարզ է չէ՞, ամեն ինչ հրապարակայնորեն է եղել, ես հենց նոր ամբիոնից մեջբերեցի մեր Արտգործնախարարության հայտարարությունը, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարությունը: Երբ որ ասում եք՝ «ամեն ինչ իմանում ենք Թուրքիայից», չի եղել մինչ այս պահը մի իրադարձություն, որի մասին մեր համապատասխան գերատեսչությունը, այս համատեքստում արտգործնախարարությունը չի տեղեկացրել: Որ դուք ասում եք՝ «տեղի են ունենում գաղտագողի գործընթացներ», ինձ ամենաշատը սա է նյարդայնացնում, որովհետև, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունենում գաղտագողի գործընթացներ», ինձ ամենաշատը սա է նյարդայնացնում, որովհետև, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք»։

«Հայաստան» խմբակցությունից  Գեղամ Մանուկյանին էլ  հետաքրքրում էր, թե ինչ փաստաթղթի հիման վրա է  բանագնաց նշանակել Ռուբեն Ռուբինյանը և   որ կառույցն է ներկայացնում ընթացող  բանակցություններում։  Ազգային ժողովի խորհրդում այդ հարցը քննարկվե՞լ է՝ հարցրեց Մանուկյանը:

«Հատուկ ներկայացուցիչը մեր դեպքում պաշտոն չէ, գործառույթ է, այսինքն՝ ես չեմ նշանակվել որևիցե պաշտոնի, ես ինչպես Ազգային ժողովի փոխնախագահ հանդիսանում էի, այնպես էլ շարունակում եմ հանդիսանալ, բայց իրականացնում եմ հատուկ ներկայացուցչի գործառույթը»,-պատասխանեց Ռուբինյանը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ հստակեցրեց․ «Պետության կողմից բանագնաց է նշանակված, եւ ըստ այդմ՝ բանագնացի ծախսերը եւս պետությունն է հոգում»։

Ընդդիմադիրների մյուս հարցը բանակցությունների մթնոլորտին էր վերաբերում։ Երկու երկրների արտգործնախարարությունն էլ հանդիպումը  կառուցողական ու դրական  էին որակել։ Ի՞նչն է հիմք տալիս  նման որակումներ անելու համար։

«ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպումն անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում։ Քանի որ երկրում կարեւոր գործընթացներ են տեղի ունենում, հանրությանը կարո՞ղ եք տեղեկացնել, թե ինչ դրական ու կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը։ Որտե՞ղ է ձեռք բերվել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հատուկ ներկայացուցիչներ ունենալու որոշումը»։

«Հատուկ ձեզ համար կխախտեմ ընթացակարգն  ու կպատասխանեմ ձեր հարցին, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե խուսափում ենք հարցերին պատասխանել։  Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը  դեռ նախորդ տարի հայտարարեց, որ կա պրոցես, եւ հայկական կողմը  խոսել է ռուսական կողմի հետ գործընթաց սկսելու վերաբերյալ։ Հետո ՀՀ ԱԳՆ հայտարարեց այդ մասին։ Հետո թուրքական կողմը հայտարարեց բանագնացի նշանակման մասին՝ առանց անունի, ինչը ողջունեց ՀՀ ԱԳՆ-ն, հետո տեղեկացրեց, որ հատուկ բանագնաց կնշանակի»։

Հայ-թուրքական հարաբերությունների հարցը տեղափոխվեց նաև նիստերի  դահլիճից դուրս։ ԱԺ միջանցքում արդեն  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Խաչատուր Սուքիասյանը պարզաբանեց՝ գործընթացի նպատակը  հակամարտությունը սերունդներին չփոխանցելն է։

«Լինելու են դեպքեր, բայց ունենք այն, ինչ ունենք։  Ունենք մի պետություն, որն ապրում է այս տարածաշրջանում, եւ քարտեզով գիտեք՝ մենք որտեղ ենք գտնվում, գիտեք ինչ հարեւաններ ունենք եւ պետք է մեր հարեւանների հետ կարգավորենք մեր հարաբերությունները, որպեսզի մենք մեր սերունդներին թշնամանք չհանձնենք»։

Պաշտոնական Երևանը և Անկարան կառուցողական են որակել իրենց հատուկ բանագնացների միջև հունվարի 14-ին Մոսկվայում կայացած առաջին հանդիպումը։ Հաղորդագրություններում նշել են, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Հաստատել են նաև, որ երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվեն «պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»։

Ցուցադրել ավելի
Back to top button