ԿարևորՀասարակություն

«Ֆիզգորոդոկ»-ում անհամբեր սպասում են Երևանի նոր քաղաքապետին

Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում կամ առավել հայտնի «Ֆիզգորոդոկ»-ում անհամբեր սպասում են Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ Սարգսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում խոստացել էր հանդիպել բնակիչների հետ, իրենք էլ հույս ունեն, որ գուցե նոր քաղաքապետին հաջողվի լուծել տարիներ շարունակ չլուծվող խնդիրը։

«Ֆիզգորոդոկ»-ի բնակիչ Լուսինե Գրիգորյանը պատմում է՝ շուրջ 2 տարի առաջ էին բացահայտել, որ 3-4 հարկանի շենքների հարևանությամբ հանրային, ընդհանուր օգտագործման տարածքում 12 հարկանի բազմաբնակարան շենք է կառուցվելու։ Հետո արդեն բնակիչներով միավորվել ու սկսել են պայքարել, իրենց ձևակերպմամբ, ապօրինի շինարարության դեմ։

«Մենք շարունակում ենք պնդել, որ այդ տարածքը հանրային օգտագործման տարած է և պետք է պաշտպանված լիներ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով, այսինքն` դա պիտի լիներ օտարման չենթակա տարածք։ Բացի այդ, մեր կարծիքով, այս տարածքը նախկինում օտարվել, սեփականաշնորհվել է կեղծիքներով, իբրև թե այնտեղ կա նկուղ, բայց նկուղ այնտեղ չկա և երբեք էլ չի եղել»,- ասում է «Ֆիզգորոդոկ»–ի բնակիչ Լուսինե Գրիգորյանը։

Բնակիչների բողոքների հիման վրա հարուցվել է քրեական գործ, որով քննվում է ժամանակին այդ հողատարածքի օտարման և սեփականության իրավունքի ձեռք բերման օրինականությունը։ Կառուցապատողը «Ռատկո» ՍՊԸ–ն է։ Դեռ ամիսներ առաջ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում «Ռատկո» ՍՊԸ–ի տնօրեն Արթուր Մնացականյանը պնդում էր, որ իրենք գործում են օրենքի շրջանակում, որևէ խախտում թույլ չեն տվել, հետևաբար չեն պատրաստվում դադարեցնել շինարարությունը։ Բնակիչները փաստում են՝ այս պահին էլ շինարարությունը ընթանում է՝ չնայած քրեական գործի հարուցմանը։

«Ի վերջո թույլատրվեց այդ շինարարությունը, և քանդվեց այն հատվածը, որը վիճարկելի էր․ պետք է քննության արդյունքում պարզվեր՝ այդտեղ նկուղ եղել է, թե ոչ։ Չգիտեմ քննիչներն ուսումնասիրել էին և հետո տվել թույլտվություն, թե ոչ, բայց փաստացի այս պահին այդ հատվածը քանդված է, գոյություն չունի։ Բացի այդ կտրվել, ոչնչացվել են ծառեր, որոնք նույնպես վերականգնել չի լինի։ Արդյունքում այդ աղմկոտ ու տհաճ շինարարական պրոցեսը ընթացքի մեջ է»,-ասում է բնակիչը։

Փաստաբան Դավիթ Ազիզյանն ասում է՝ երբ իրենք վարչական դատարանում վիճարկել են Երևանի քաղաքապետի կողմից տրված շինարարության թույլտվությունը, միջնորդություն են ներկայացրել նաև կասեցնելու շինարարական գործողությունները, սակայն վարչական դատարանը միջնորդությունը մերժել է։

«Մենք բողոքարկեցինք վերաքննիչ վարչական դատարան, բայց վերաքննիչ դատարանը նույնպես մեր միջնորդությունը մերժեց․ փաստացի այս պահին մենք չունենք դատարանի կողմից որևէ որոշում, որը կկասեցնի շինարարությունը։ Սկզբում քննիչի որոշմամբ արգելվել էր այդ տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելը, բայց հետագայում ինչ–ինչ պատճառաբանություններով նույն քննիչը թույլատրել է շինարարությունը»,– ասում է փաստաբան Դավիթ Ազիզյանը։

Օրերս բնակիչներին զայրացրել էր կառուցապատող ընկերությանը քաղաքապետարանի կողմից  տրված գրավոր թույլտվությունը, որով ընկերությունը դեպի բակ գնացող ճանապարհներից մեկը ժամանակավորապես փակելու թույլտվություն էր ստացել։ Բնակիչները վստահ են՝ փաստաթղթում ամսաթվային անճշտություններ կան։

«Այդ փաստաթղթում տարեթիվը նշված չէ, գրված է, որ թույլտվությունը տրվում է 20 օրով, բայց այդ 20 օրը վաղուց արդեն լրացել է։ Փաստաթղթում գրված էր նաև, որ աշխատանքները կարող են կատարվել միայն բնակիչների համաձայնությամբ, բայց որևէ մեկս չգիտի՝ այդ համաձայնությունը ո՞ւմ հետ, ե՞րբ է ձեռք բերվել։ Սա մեզ առիթ է տալիս մտածելու, որ Քաղաքապետարանի կողմից առանձնապես վերահսկողություն չկա»,-ասում է Լուսինե Գիրգորյանը։

Բնակիչները շեշտում են՝ իրենց հիմնական դժգոհությունն այն է, որ գործընթացի որևէ փուլում իրենց կարծիքն ու ձայնը լսելի չեն եղել, անպատասխան են մնացել բոլոր նամակ-բողոքներն ու արդեն նախկին քաղաքապետի հետ հանդիպելու իրենց առաջարկները։ Ակնկալում են, որ նոր քաղաքապետը իրենց կարձագանքի խնդրին։ Երևանի քաղաքապետարանից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ հարցը քաղաքապետի օրակարգում է, հանդիպման հստակ օր դեռ չեն կարող նշել, հարցերին կանդրադառնան ավելի ուշ։

Ցուցադրել ավելի
Back to top button