ԿարևորՀասարակություն

«Վաղարշապատի հիվանդանոց»-ն ու «Էջմիածին» բժշկական կենտրոնը կօպտիմալացվեն

Առողջապահական համակագերի օպտիմալացման ծրագրով Վաղարշապատում նախատեսվում է միավորել «Վաղարշապատի հիվանդանոց»-ն ու «Էջմիածին» բժշկական կենտրոնը: Կարևորվում են կառույցների արդյունավետ գործունեության հեռանկարը, բնակչությանը մատուցվող բուժծառայության որակը, գումարի տնտեսումը։

Մինչև միավորումը հիմնանորոգվելու է հիվանդանոցի 2 մասնաշենքերից մեկը, ինչի համար հայտարարվել է մրցույթ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն այսօր է:

Վաղարշապատում, մինչև առողջապահական համակարգերի ընդհանուր օպտիմալացումը, գործում էր 5 առանձին բժշկական կազմակերպություն: 2006թ-ի օպտիմալացումից հետո վերակազմակերպվեց  «Էջմիածին» բժշկական կենտրոնը, որը միավորում է  Վաղարշապատի պոլիկլինիկան ու ծննդատունը,  իսկ «Վաղարշապատի հիվանդանոց»-ում  ներքին օպտիմալացում տեղի ունեցավ՝ միավորվեցին բաժանմունքները:  Կառավարության օպտիմալացման 2006թ. որոշման մեջ ևս մեկ փոփոխություն է առաջարկվում՝ միավորել Վաղարշապատի հիվանդանոցն ու «Էջմիածին» բժշկական կենտրոնը: «Հիվանդանոցի 2 մասնաշենքերը վերակառուցման կարիք ունեն»,-ասում է Վաղարշապատի հիվանդանոցի գործադիր տնօրեն Գոռ Ասատրյանը.

«Վերանորոգման խնդիրները բարձրաձայնել ենք, և հիմա լուծման փուլում են։  Նախագծահաշվարկային աշխատանքներն ավարտված են, արդեն հայտարարվել է մրցույթ՝ վերակառուցման աշխատանքները կազմակերպելու համար: Մասնաշենքերից մեկն ամբողջական վերակազմակերպվելու, վերազինվելու է: Նաև օպտիմալացման ծրագիր ունենք. մահճակալների ֆոնդը 110-ից կրճատվելու, դառնալու է 85»։

Հիվանդանոցի վիրաբուժարանի քառահարկ շենքը կառուցվել է 1989թ, իսկ թերապևտիկ եռահարկ մասնաշենքը՝ 1971թ: Շահագործումից հետո կառույցները կապիտալ վերանորոգման չեն ենթարկվել, միայն ներքին հարդարման աշխատանքներ են արվել: Հիվանդանոցային պայմանները վատ են, չեն բավարարում 21-րդ դարի առողջապահական հիմնարկների պահանջներին, չկա տաք ջուր:

«Խոհանոցում էլեկտրական սալօջախերի վրա ենք տաքացնում ջուրը, պայմանները լավ չեն, բայց շատ լավ սպասարկում են: Մեր բժիշկներից մենք շատ գոհ ենք»,-ասում է հիվանդներից մեկը։

«Թթվածին եմ շնչում,  ասթմայով հիվանդ եմ: Վատացել էի, բերեցին վերակենդանացման բաժանմունք, այնտեղից էլ տեղափոխել են թերապևտիկ: Հիմա լավ եմ զգում և բժիշկներից էլ գոհ ու շնորհակալ եմ»,- նկատում է մյուս հիվանդը:

Բաժանմունքի վարիչ Կլարա Մանուկյանի խոսքով՝ ամսական  50-80 հիվանդ են բուժում: Նոր սարքավորումների կարիք ունեն.

«Թթվածնի կետեր, ֆունկցիոնալ մահճակալներ, մոնիտոր, որը հիվանդներին շատ անհրաժեշտ է, հատկապես՝ համակարգչային տոմոգրաֆիա՝ ԿՏ։ Հիվանդը գալիս է հիվանդանոց, իրեն ուղարկում ենք հարևան բուժհաստատություն՝ ախտորոշման»:

Վաղարշապատի հիվանդանոցը նեղ մասնագետների կարիք չունի, բժիշկները գալիս են նաև Երևանից: Հիվանդանոցը 2-րդային մակարդակի բուժհաստատություն է: Տարբեր խնդիրների պատճառով Էջմիածնից հիվանդները շատ են դիմում մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ, բայց  Վաղարշապատի հիվանդանոցի գլխավոր բժիշկը լավատես է, ասում է՝ իրենց բուժառուների թիվն ավելացել է.

«Ստացիոնար բուժվող հիվանդների թիվը 4000-ից տարեկան դարձել է 5000, ամբուլատոր սպասարկվող հիվանդների թիվը 2000-ից դարձել է 6000, վիրահատությունների քանակը 1060 և ավելի: Վճարովի ծառայությունները 80 մլն դրամից դարձել են 180 մլն դրամ, իսկ պետպատվերի շրջանակում իրականացված բուժօգնությունը 380-ից 530-ի է հասել»:

Բժշկական սարքավորումների մեծ մասը հին է, բայց կան նաև նորերը: Համավարակի սրացման շրջանում նոր ռենտգեն սարք էին նվեր ստացել՝ քովիդով հիվանդների ախտորոշման նպատակով:

Օպտիկական սարքավորումը հեշտացրել է քիթ-կոկորդ-ականջաբան Գայանե Չարչյանի գործը. «Էնդոսկոպիա է. Դրանով կատարում ենք քթի խոռոչի և կոկորդի հետազոտություն՝ քթի խոռոչի պոլիպներ, օտար մարմին, գոյացություններ՝ տեսանելի աչքով տեսնում ենք»:

«Էջմիածին» բժշկական կենտրոնում տնտեսված միջոցների հաշվին աստիճանաբար վերանորոգել են պոլիկլինիկայի ու ծննդատան մասնաշենքերի մի մասը: Հիվանդանոցի համեմատ, լավ պայմաններ ունեն՝ ջեռուցում, տաք ջուր, խոհանոց:  Վերանորոգումից հետո ծննդօգնության համար դիմողների թիվը մեծացել է՝ տարեկան գրանցվում է 600 ծնունդ:

Ծննդատան վարիչ Սվետլանա Պողոսյան. «Առաջին կարգի ծննդատուն  է, չունենք վերակենդանացման բաժանմունք՝ ո՛չ նորածնային,  ո՛չ էլ մեծահասակների: Դա է պատճառը, որ ծանր դեպքերը տեղափոխում ենք: Միաժամանակ, մեզ մոտ լավ  ցուցանիշներ են գրանցված. 22 տարի չունենք մայրական մահ, մոտ 9 տարի՝ նորածնային, իսկ մեռելածիններ, եթե լինում են, ապա  պայմանավորված են պտղի արատներով, 500-600գ քաշով պտուղներով հղիություններն  ընդհատվում են»:

Հունվարի 1-ին բուժկենտրոնում ծնվել է մեկ երեխա, իսկ մինչև օրս՝ 20-ից ավելի: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դեռ չունի պատասխանը հարցի, թե երբ են օպտիմալացվելու առողջապահական կառույցները։ Ասում է՝ հիվանդանոցի մի մասնաշենքը կվերակառուցեն.

«Նախահաշվարկային արժեքը 1 մլրդ 468 մլն դրամ է։ Այս պահին մրցույթ է հայտարարված կապալառու կազմակերպության ընտրության նպատակով»:

«Էջմիածին» բժշկական կենտրոնի և բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող «Վաղարշապատի հիվանդանոցի» միավորմամբ վերակազմակերպվելու է  «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն։ Այն առաջիկայում արդիականացվելու է,   նյութատեխնիկական բազան՝ թարմացվելու։ Կենտրոնը մատուցելու է առողջության առաջնային պահպանության և ծննդօգնության ծառայություններ։

Ցուցադրել ավելի
Back to top button