ԿարևորՀասարակություն

Կհրաժարվի՞ Ծառուկյանը Հիսուսի արձանը կանգնեցնելու մտքից․ եկեղեցականները դեմ են, ճարտարապետները դեռ սպասում են

«Քրիստոնեությունն առաջինը ընդունած երկրին պակասում է Հիսուս Քրիստոսի արձանը»,-կարծում է «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը։ Գագիկ Ծառուկյանն օրերս էր հայտարարել, որ Հայաստանում 2022-ին կկանգնեցվի Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձ արձանը․

«Մենք, առաջին քրիստոնյա ազգը լինելով, պետք է ունենանք աշխարհում Հիսուս Քրիստոսի ամենաբարձր արձանը։ Ես ուզում եմ իմ ընտանիքի անունից այս նախագիծը կյանքի կոչել, իսկ այն արդեն ընթացքի մեջ է։ Հանձնարարությունները տրված են, ճարտարապետները, գծագրողները, քանդակագործներն արդեն զբաղվում են այս հարցով»,-ասում է Գագիկ Ծառուկյանը։

Ըստ Ծառուկյանի՝ միայն արձանը կունենա 33 մետր բարձրություն, պատվանդանի հետ միասին՝ մինչև 100 մետր։ Հիսուս Քրիստոսի ամենաբարձր արձանը Ռիո դե Ժանեյրո քաղաքի Կորկովադու լեռան գագաթին է․ «Հիսուս Ամենափրկիչ» կոչվող արձանի բարձրությունը 30 մետր է, պատվանդանինը՝ 8 մետր։

Գագիկ Ծառուկյանի արտասովոր մտադրությունը համացանցում քննարկումների  առիթ դարձավ․կան օգտատերեր, որոնք արձանի կառուցումը համարում են աննպատակ ծախս, որը, ավելի արդյունավետ կլիներ, եթե ուղղվեր բանակին։ Եղան նաև գաղափարը ողջունողներ։ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների արձագանքն էլ չուշացավ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հիշեցրեց, որ հայ եկեղեցին արձանաշինությունը երբեք չի ողջունել, այդ ավանդույթը բնորոշ է կաթոլիկ եկեղեցուն։ Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն էլ նկատեց, որ ներկայիս դժվար պայմաններում թե պետական բյուջեի, թե անհատների ծախսերը պիտի ունենան առաջնային և երկրորդային նշանակություն, իսկ այդպիսի արձան ունենալը առաքելական ընկալումների և ավանդույթների հետ ոչ մի առնչություն չունի։

Որքան էլ ԲՀԿ առաջնորդը հայտարարի, որ նախագիծն ընթացքի մեջ է, նպատակը կյանքի կոչելու համար պետք է ստանա Երևանի ավագանու և քաղաքապետարանում գործող քաղաքաշինական խորհրդի հավանությունը, եթե արձանը կանգնեցվելու է Երևանում։ Որևէ համայնքում կանգնեցվելու դեպքում պետք կլինի տվյալ համայնքի ղեկավարության և քաղաքաշինության կոմիտեի հավանությունը։ Ընդհանրապես, արձան տեղադրելու հարցը քննարկվում է նաև Ճարտարապետների միությունում։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Միսայանն է․

«Այդ նախագիծը ուղղակի չի կարող կյանքի կոչվել, մինչև մի քանի փուլեր չանցնի։ Օրինակ՝ պիտի տրվի տարածքի ընտրություն և թուլտվություն, նախագիծը պետք է ստանա քաղաքաշինական խորհրդի հաստատումը, արժանանա ճարտարապետների հավանությանը։ Քանի որ Քրիստոսի արձանն է, նաև Մայր աթոռի հետ պետք է համաձայնեցնել, առհասարակ, անհրաժեշտությունը շատ մեծ է բազմապիսի քննարկումներ ունենալու»,-ասում է Մկրտիչ Մինասյանը։

Ճարտարապետների միության նախագահը կարծում է, որ արձանի գումարը հետպատերազմյան Հայաստանում կարելի էր շատ այլ ուղղություններով ծախսել՝ անկախ նրանից՝ դա դուրս է գալու պետբյուջեից, թե անհատի գրպանից։ Դիտարկումը, թե արձանը կհետաքրքրի զբոսաշրջիկներին, ու Հայաստան եկողների թիվը կավելանա, Մկրտիչ Մինասյանը իրատեսական չի համարում։  Օրինակ է բերում տարիներ առաջ ձախողված Նոյան տապան կառուցելու նախագիծը․

«Մոտ 10-15 տարի առաջ տարբեր մարդիկ Նոյան Տապան կառուցելու նախագիծն էին առաջ քաշում, որը պիտի մեծ չափերի լիներ, տուրիստական ներհոսք ապահովվեր, բայց մասնագիտական քննարկումներից հետո պարզ դարձավ, որ ռիսկերը շատ են, և նախագիծը ուղղակի մոռացության մատնվեց։ Այսինքն, արձան, կոթող տեղադրելու գաղափար ունենալուց հետո շատ փուլեր կան, որտեղ այդ գաղափարը պետք է հաստատվի, նոր վերածվի շոշափելի նախագծի»,-ասում է ճարտարապետը։

Ինչպե՞ս են անդրադարձել 2–օրյա հանրային քննարկումները, նաև ճարտարապետական ու հոգևոր շրջանակների արձագանքները Հիսուսի արձանը կանգնեցնելու՝ Գագիկ Ծառուկյանի մտադրության վրա։ Հնարավո՞ր է՝  դրանք հաշվի առնելով՝ նա հրաժարվի իր որոշումից․ հարցն ուզեցինք ուղղել Գագիկ Ծառուկյանին։ Նրա գրասենյակից, մերձակա շրջապատից որևէ արձագանք  ստանալ չհաջողվեց։

Ցուցադրել ավելի
Back to top button