ԿարևորՏնտեսական

Ինչո՞ւ է Հայաստանում բարձրացել բենզինի գինը, կա՞ կենտրոնացվածության ռիսկ շուկայում

Մեկ տարում Հայաստանում բենզինը թանկացել է շուրջ 44, դիզելային վառելիքը՝ ավելի քան 50%-ով։ Մրցակցության հանձնաժողովում ուսումնասիրել են հարցը ու պարզել՝ 2020-ին բենզինի ու դիզելային վառելիքի գները նվազել էին՝ պայմանավորված Covid-ի սահմանափակումներով։ Դրանց վերացումից հետո  իրավիճակը փոխվել է։  

Գների բարձրացման օբյեկտիվ պատճառներ փորձագետները նույնպես տեսնում են, միաժամանակ մտահոգություն ունեն՝ որքանո՞վ է բենզինի գնի բարձրացումը բխում նաև ներկրող ընկերությունների ներքին  պայմանավորվածություններից։ Մրցակցության հանձնաժողովից հակադարձում են՝ շուկան բաց է, ավելին, առաջիկա օրերին նոր խաղացողի մուտք է ակնկալվում։

Մեկ տարում Հայաստանում բենզինը թանկացել է շուրջ 44, դիզելային վառելիքը՝ ավելի քան 50%-ով։ Մեկ ամսում երկուսի գինն էլ մոտ 1 տոկոսով է բարձրացել։ Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը նկատում է՝ բենզինը Հայաստանում սկսեց թանկանալ 2020 թվականից, աստիճանաբար։ Սա իր բացատրությունն ունի։

«Քանի որ Հայաստանը  նշված ապրանքները ներմուծում է, գների բարձրացումը  պայմանավորված է հիմնականում միջազգային շուկաներում գների, ինչպես նաև արտարժութային փոփոխություններով»։

Մրցակցության հանձնաժողովում պարզել են՝ 2020-ին բենզինի ու դիզվառելիքի գները նվազել էին՝ պայմանավորված Covid-ի սահմանափակումներով։ Դրանց վերացումից հետո  իրավիճակը փոխվեց և սկսեց գործել տնտեսագիտական պարզ կանոնը՝ առաջարկի ու պահանջարկի տրամաբանությամբ։

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյան. «Ենթակառուցվածքների բացման հետ միաժամանակ, այն ընկերությունները, որոնք տևական  վնասներ էին կրել, միանգամից սկսեցին բարձրացնել գները»։

Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում բենզինի ու դիզվառելիքի գների բարձրացումը մտահոգիչ է համարում։ Բացատրում է ՝  գնաճը վերաբերում է ներմուծվող ապրանքներին, ինչն էլ  նշանակում է, որ տնտեսությունից ավելի շատ միջոցներ են դուրս հոսելու, սա էլ հերթին վատթարացնելու է վճարային հաշվեկշիռը։ Միաժամանակ  նկատում է՝ պատճառը ոչ թե տեղական, այլ միջազգային շուկաներում տիրող իրավիճակն է․

«Պատճառների մասին խոսելիս՝ առաջինն այն է, որ 2021թ համաշխարհային տնտեսությունում բարձր գնաճային միջավայր է  դրսևորվել, որը բարձր է վերջին մի քանի տասնամյակների համար։ ԱՄՆ-ում գնաճի տեմպը այսքան բարձր չի եղել 1970-ականներից սկսած։ Գնաճի տեմպը բարձր է հատկապես հումքային ապրանքների համար։ Նավթի գինն այս օրերին 80-90 դոլարի միջակայքում է, ուստի նավթից պատրաստվող հումքային ապրանքների գները աճում են, հետևաբար բենզինը ու դիզվառելիքի թանկանում են, իսկ այդ ազդեցությունը փոխանցվում է մեր տնտեսություն»։

Մրցակցության հանձնաժողովում շուկան մանրամասն են ուսումնասիրել։ Գիտեն, թե ինչու է օրինակ Իրանում բենզինի գինը ցածր։ Բացատրում են՝ նախ այդ երկիրն ինքն է էներգակիր, հետո նաև քվոտավորված վաճառք է իրականացնում։ Բենզինը Հայաստան   ներկրվում է նաև ՌԴ-ից։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն արձանագրում է՝  տրամաբանորեն չի կարող Հայաստանում և Ռուսաստանում բենզինը նույն գինն ունենալ։ 

«ՌԴ-ից ՀՀ բենզինը հետևյալ ճանապարհով է տեղափոխվում՝ ծովային փոխադրում է կատարվում ՝Բաթումի կամ Փոթիի նավահանգիստ, այստեղ գումարվում է բեռնաթափման ծախսը, ապա՝ բեռնաբարձում է կատարվում, երկաթուղով տեղափոխվում է Այրում։ Նորից՝ բեռնաթափվում ու մեքենաներով ներկրվում հանրապետություն։ 1 տոննա բենզինի համար շուրջ 120 դոլար կազմում է միայն տեղափոխման գինը։ Տրամաբանական է, որ ՌԴ-ում ու ՀՀ-ում նույն գինը չի կարող լինել»։

Փորձագետները դժվարանում են ասել, թե գնի բարձրացումը որքանով է պայմանավորված ներկրող ընկերությունների միջև ներքին  պայմանավորվածություններով։ Նարեկ Կարապետյանը նման  ռիսկ տեսնում է, բայց հստակ ասել չի կարող։

Փոխարենը բենզինի ու դիզվառելիքի շուկայի կենտրոնացվածության շուրջ բոլոր  կասկածները  հակամենաշնորհային մարմնի ղեկավարն է ցրում․

«Արդեն մեծացել է նաև տնտեսվարող սուբյեկտների քանակը։ Այսինքն՝ այն մտահոգությունները, որ բենզինի շուկան փակ է, չկան։ Հենց Իրանը շուկան բացում է, ակտիվությունը ակնհայտ է  դառնում։ Մեր ֆունկցիան այն է, որ արհեստական խոչընդոտներ չստեղծենք»։

«Ռադիոլուր»-ի հարցին, թե կոնկրետ քանի ընկերություն է բենզին ներկրում,  Գեղամ Գևորգյանը դժվարանում է պատասխանել։ Ընդգծում է՝ բենզին ներմուծող ընկերությունները շատ են, բայց խոշորները չորսն են՝ «CPS», «Ֆլեշ», «Max», « Rain Oil»։

Առաջիկայում այս շուկայում նոր խաղացող կհայտնվի։  «Անիս Փետրոլեում» և «Պորիմա Էներջի Սոլյուշնս» փոխկապակցված ՍՊԸ-ները ձեռք են բերել «Պետրոլ մարկետ» ընկերության 100 տոկոս ակտիվները: Գևորգյանի խոսքով՝ սա վրացական ընկերություն է։  Տվյալները, թե որքան բենզին է ներմուծվել 2021-ին,  դեռ ամփոփվում են։ Նախորդ՝ 2020 թվականին, Հայաստան է ներմուծվել շուրջ 220 մլն դոլարի վառելիք՝ բենզին, դիզել և ավիավառելիք, ընդհանուր՝ մոտ 460 հազար տոննա։

ԵԱՏՄ-ի օրակարգում է նավթի ու նավթամթերքի՝ միասնական շուկայի ձևավորման հարցը։ Սա իհարկե հավասար գնի հնարավորություն տալիս է, բայց ակնհայտ է նաև, որ անգամ այս դեպքում դեպի Հայաստան տեղափոխման ծախսն այլ արժեք կունենա, դեպի Ղազախստան  կամ ԵԱՏՄ մյուս երկրներ՝ այլ։

Ցուցադրել ավելի
Back to top button