ԿարևորՀասարակություն

Առողջապահության նախարարությունը քննարկում է զինծառայության մեկնողների սերմնաբջիջների պահպանման հարցը

Դեռ 2016 թ-ի ապրիլյան  պատերազմից հետո բանակ զորակոչվողներից սերմնահեղուկ վերցնելու մասին ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախագիծն աղմուկ էր բարձրացրել հասարակության շրջանում: Նախագծի նպատակն էր ապահովել  պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վերարտադրության հետ կապված հետագա հնարավոր խնդիրները։ 

Այսինքն՝  մինչ զինծառայության մեկնելը  պետք է իրականացնել բանակ զորակոչվածների սեռաբջիջների պահպանության աշխատանքներ: Առաջարկը վերջին օրերին թարմացրել են արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան դրան արձագանքել են նաև առողջապահության նախարարությունից։

«Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ այդ քայլին գնալու։ Բանակ զորակոչվող յուրաքանչյուր զինվորի սերմնահեղուկ պահվի, որպեսզի տարիներ հետո, եթե Աստված չանի՝ կորցնենք մեր զավակներին, կարողանանք ունենալ իրենցից սերունդներ։  Նման քայլ իրականացնում են յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում»։

44 օրյա պատերազմում զոհված  Ռաֆո Սահակյանի մայրն է ՝ Վարդուհի Մանուկյանը։ Զինծառայության մեկնող տղաների սեռաբջիջների պահպանության առաջարկն  ուղղում է առողջապահության նախարարին։ Պատերազմների պատճառով շատ երիտասարդներ  չհասցրին ամուսնանալ, և նրանց գենը չշարունակվեց։  Դեռ 2016 թ․-ին   օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ ընդդիմադիր պատգամավոր Թևան Պողոսյանը։ Նա պնդում էր, որ   ժողովրդագրական մտահոգիչ պատկերը վտանգի տակ է դնում երկրի անվտանգությունը, իսկ հաշվի առնելով, որ երկիրն առաջիկա տարիներին էլ պատերազմական իրավիճակում է լինելում առաջարկել էր բանակ գնացող տղաների գենի պահպանության հարցը լուծել։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Թևան Պողոսյանը նշում է՝ այդ ժամանակ  օրենսդրական այս նախաձեռնությունը հրապարակավ արձագանք չգտավ իշխող ուժի կողմից, բայց, ասում է, փակ սենյակներում կարծիք էին հայտնում, որ շատ լավ նախաձեռնություն է, պարզապես մեծ գումարների հետ է կապված։

«Մի գուցե ժամանակից շուտ էր, ժամանակավրեպ էր այդ գաղափարը։ Մի կողմից ասում էին՝ այո, մարեց ընտանիքի  լույսը, բայց մյուս կողմից որևէ լուծում չէր առաջարկվում, թե ինչպես կարող են նպաստել ժողովրդագրական այդ խնդիրների լուծմանը»։ 

Նախկին պատգամավորը նկատում է, որ այժմ ավելի շատ է բարձրաձայնվում այս խնդրի մասին, ու, ցավոք, եթե այն ժամանակ այս գիտակցումը լիներ, գուցե պատկերն էլ այսօր այլ լիներ։ Թևան Պողոսյանը հիմա էլ նույն կարծիքին է՝  պարտադիր զինծառայության մեկնող երիտասարդների սերմնաբջիջները պահպանելը կլուծի 18 տարեկան տղաների գենետիկ վերարտադրության խնդիրը: Դեռ այդ ժամանակ  պատգամավորի  ուսումնասիրությունը  ցույց էր տվել, որ զոհված հերոսները հիմնականում ընտանիքների միակ արու զավակներն էին։

«Հանրային ընկալումները պետք է ճիշտ ձևավորել։ Ու, ցավոք սրտի, դրանք ոչ թե  մենք կամ պետական ինստիտուտները  ձևավորեցին, այլ պատերազմը»։

Նման օրենսդրությամբ հանդես գալուց առաջ  Պողոսյանն  ուսումնասիրել էր՝  արդյո՞ք աշխարհում կա նման պրակտիկա։

«Պարզվեց՝  Ամերիկայում ու Իսրայելում նման պարտադիր պահանջ կա։ Ամերիկայում դա սկսվել է այն ժամանակ, երբ Իրաք էին զինվոր  ուղարկում, ու դրանից հետո այն  դարձրին պարտադիր։ Իսրայելում արդեն շատ երկար ժամանակ կա  նման մոտեցում։  Տեսեք՝  իրենց բնակչությունը 7 մլն է, մենք՝ մոտ 3։ Ու մենք ժողովրդագրական լուրջ խնդիր ունենք»։

Արդյո՞ք այս հարցը քննարկվում է առողջապահության նախարությունում։ Գերատեսչությունից «Ռադիոլուրի» հարցին  ի պատասխան տեղեկացրին՝ 44-օրյա պատերազմից հետո հասկացել են հարցի կարևորությունն ու անհրաժեշտությունը: Դիտարկվում է խնդիրը, և հիմա քննարկում են, թե ինչպես կարող են իրականացնել ծրագիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button