ԿարևորՎերլուծական

Ադրբեջանի դեմարշը՝ Ռուսաստանի դեմ․ Բաքուն իր քողարկված օրակարգում սպառնում է ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությամբ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն աշխարհաքաղաքական նոր խաղում փորձում է շահեկան դիրքավորվել` Արևմուտքին ցույց տալով իր ինքնուրույնությունը, թե կախված չէ Թուրքիայից և Ռուսաստանից։ Հունվարի 14-ին Կիևում Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման տողատակում իրականում Բաքվի դեմարշն է Ռուսաստանի դեմ։ «Ռադիոլուրի» զրուցակիցը` քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, կարծում է, որ Ադրբեջանը, հերթական անգամ հայտարարելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու, հիբրիդային պատերազմերին համատեղ դիմակայելու մասին, նաև թաքնված ուղերձ է հղում Ռուսաստանին` Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ։

Թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին Ռուսաստանի դեմ անուղղակի սակարկությունների մեջ է։ Այս անգամ հանդիպման վայրը Կիևն էր։ Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների համատեքստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, շտապելով Ուկրաինա, այդ երկրի նախագահ Զելենսկու հետ ստորագրել է Ուկրաինա-Ադրբեջան համատեղ հռչակագիրը` հայտարարելով՝ իրենք փոխադարձաբար աջակցում են միմյանց ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Ըստ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի` կրկին խոսելով Ղրիմն ուկրաինական տարածք ճանաչելու մասին՝ Բաքուն իրականում ցույց է տալիս տարածաշրջանում ծրագրած քաղաքականության հնարավոր ձախողման իր վախերը։ Սրանով է պայմանավորված նաև օրեր առաջ Ալիևի բացահայտ uպառնալից հռետորաբանությունը ՀԱՊԿ-ին, թե կառույցի միջամտnւթյnւնը Հայաստանի և Ադրբեջանի գործերին կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ալիևի այս մոտեցումը Բաքվի համար բավականին լուրջ անախnրժnւթյnւնների պատճառ կարող է դառնալ։

«Մենք պետք է հասկանանք, որ և՛ Ուկրաինան, և՛ Ադրբեջանն ունեն տարածքային ամբողջականության նույն խնդիրը։ Ռուս-ուկրաինական հարաբերությունները գնալով ավելի են սրվում, և այս լարված ժամանակաշրջանում Ալիևի ցուցադրական այցը Կիև դեմարշ է Ռուսաստանի դեմ»,- ասում է Դանիելյանը:

Ռուսաստանն այս ընթացքում շարունակում է Արևմուտքի հետ վերջնագրի լեզվով խոսել` ակնարկելով Ռուսաստան-Չինաստան ռազմական կոալիցիայի ստեղծման հնարավորության, ինչպես նաև Իրանի հետ ռազմական գործակցության խորացում մասին։ Հենց այստեղ է, որ ի հայտ են գալիս ալիևյան մտահոգությունները։

«Ադրբեջանը համարում է, որ ժամանակը քիչ է, և իրավիճակ կարող է փոխվել, ուստի փորձում է առավելագույնը ստանալ ստեղծված իրավիճակից` սրելով սահմանային լարվածությունը։ Ադրբեջանը նաև մտահոգված է հայ-թուրքական՝ Արևմուտքի կողմից պարտադրված հարաբերություններից։ Որքան էլ Թուրքիան հայտարարի, որ Ադրբեջանի շահերի դեմ քայլեր չի անի, այդուհանդերձ, Բաքուն մեծ մտահոգություններ ունի, վախենում է տարածաշրջանում իր ծրագրած քաղաքականության ձախողումից։ Թուրքիան ևս որոշակի խնդիրների առաջ է կանգնած, ուստի հայ-թուրքական հարաբերությունների միջոցով փորձում է որոշակի դրական արձագանքի արժանանալ Արևմուտքի կողմից»։ 

Ղրիմի վերաբերյալ Ալիևի կիևյան հայտարարություններն ուկրաինա-ռուսական հակամարտության լարվածության նոր էջ են բացում։ Ուկրաինայի հետ կապերի խորացման միջոցով Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են ստանալ հավաքական Արևմուտքի և ՆԱՏՕ-ի բարեհաճ վերաբերմունքը, նաև շարունակելու են ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունեության վիժեցման գործընթացը:

Այստեղ Ադրբեջանի հաշվարկները հիմնվում են հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ՌԴ հակամարտությունը ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում հնարավոր է վերածվի կրիտիկական լարվածության, ինչը կարող է նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ի վրա բացասաբար անդրադառնալ։ Ռուսաստանի հետ առճակատման գնալով՝ Ադրբեջանը ընդհուպ մինչև կտրուկ քայլերի կարող է դիմել։ Դրա «կարմիր գիծը» ՆԱՏՕ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցման հայտը կարող է լինել»:

«Ադրբեջանը ուղիղ առճակատման, չեմ կարծում, որ կգնա, բայց փորձում է շանտաժի ենթարկել Ռուսաստանին։ Թուրքիան, իր շահերից ելնելով, կարողանում է Ռուսաստանի հետ խաղալ` որոշակիորեն սրելով հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Ադրբեջանը կողմնորոշվում է դեպի Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան։ Ադրբեջանը կարող է Ռուսաստանի հետ հարաբերությունները էլ ավելի բարդացնել և որոշակի փուլում հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցման ցանկության մասին»։

Աշխարհաքաղաքական նոր բաժանման համատեքստում որո՞նք  պետք է լինեն հայկական կողմի քայլերը, ի՞նչ ենք հակադրելու հակահայկական օրակարգերին․ քաղաքագետ Ստեփան Դանիելյան.

«Մենք պետք է լավ հարաբերություններ զարգացնենք և  Ռուսաստանի, և Արևմուտքի հետ։ Հայաստանը պետք է ավելի շուտ դիրքավորվի Իրանի և Ռուսաստանի հետ, հակառակ դեպքում մենք Արցախն ամբողջովին կկորցնենք և ապագայի առումով հայկական պետականության գոյության խնդրի առաջ կկանգնենք»։

Այսպիսով, Ղրիմի հարցում իր աջակցությունը ցուցաբերելով Ուկրաինային եւ այս հարցում ունենալով Թուրքիայի քաղաքական աջակցությունը՝ Բաքուն ուղղակի եւ անուղղակի հակադրվում է Մոսկվային։ Դրա հետեւանքով նաեւ ՆԱՏՕ-ին անդամակցող  երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններն են մոտեցել «կարմիր գծին»։  Առաջիկայում Ռուսաստանի նախագահի հանդիպելու է իրանցի եւ չինացի իր պաշտոնակիցներին։ Քաղաքագիտական շրջանալկներում ակնկալում են, որ սա որոշակիորեն կհստակեցնի ՆԱՏՕ-Ռուսաստան նոր օրակարգը։

Ցուցադրել ավելի
Back to top button