ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը սկսել է հետաքննել զինվորականներին խոշտանգելու մասին «Տերտերի գործը»

Ադրբեջանի անվտանգության ուժերը նախաքննություն են իրականացնում 2017 թվականին Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող զինծառայողների խոշտանգումների վերաբերյալ. երկրում այս միջադեպը կոչվում է «Տերտերի գործ», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ե՛վ իշխանությունների, և՛ իրավապաշտպանների տվյալներով՝ ավելի քան 100 մարդ տուժել է խոշտանգումներից. իշխանությունները խոսում են մեկ մահացածի, իրավապաշտպանները՝ 11-ի մասին։ Նախկինում գործի շրջանակներում դատվել և պատժվել են անհատ կատարողներ, սակայն այն երբեք բազմակողմանի քննության չի ենթարկվել։

2017 թվականի մայիսին՝ Արցախյան հակամարտության հերթական փուլից անմիջապես հետո, Ադրբեջանում զինվորները զանգվածաբար ձերբակալվել և դաժանորեն խոշտանգվել էին։ Նրանց տեղափոխել էին Ադրբեջանի Տերտերի շրջանի հին վարչական շենք, որտեղ խոշտանգումների էին ենթարկել՝ ստիպելով խոստովանել, որ լրտեսություն են կատարել հօգուտ Հայաստանի։ Իրավապաշտպանների տվյալներով՝ զոհվել էր առնվազն 11 զինվոր։

Խոշտանգումների զոհերը և նրանց հարազատները BBC-ին պատմել են՝ մարդկանց մերկացրել են, պատուհաններից դուրս նետել, փայտերով ծեծել, եղունգներ հանել, էլեկտրական կոնտակտներ տեղադրել վերքերի մեջ:

Զոհերը շատ են, անունները հայտնի են, շատ մանրամասներ են պատմվել։

Առնվազն 25 մարդ իրեն մեղավոր է ճանաչել լրտեսության մեջ և ստացել 12-ից 20 տարվա ազատազրկում: Դատարանները հաշվի չէին առել, որ ցուցմունքները տրվել են խոշտանգումների ներքո։ Անցկացվել էին դատավարություններ, որոնց արդյունքում տուժող էր ճանաչվել ավելի քան 100 մարդ, իսկ անմիջական մեղավորները ստացել էին տարբեր ազատազրկման ժամկետներ։ Բայց դատարանների որոշումները չէին բավարարել ոչ տուժողներին, ոչ նրանց հարազատներին, ոչ իրավապաշտպաններին։ Իսկ 2021 թվականի դեկտեմբերին անսպասելիորեն հայտնվել է գլխավոր դատախազության, ներքին գործերի նախարարության և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունը։ Դրանում ասվում է, որ այդ զանգվածային խոշտանգումների վերաբերյալ նոր նախաքննություն է սկսվել։

Խոշտանգումների գործի նախաքննությունը «հատուկ հսկողության» տակ կվերցնի երկրի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Էլչին Մամեդովը։ Իրավապաշտպանները վաղուց են ասում, որ Ադրբեջանում մարդկանց պարբերաբար խոշտանգում են հարցաքննության ժամանակ և բանտերում։

2004 թվականից ի վեր Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ներկայացուցիչները 6 անգամ այցելել են Ադրբեջան։ 2018 թվականին կոմիտեն եզրակացրել է, որ «ոստիկանության, այլ իրավապահ մարմինների և բանակի կողմից խոշտանգումները և վատ վերաբերմունքի այլ ձևերը համակարգված են, համատարած և արմատախիլ չեն լինում»:

Իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի խոսքով՝ գործի վերանայումը, անկախ արդյունքից, զոհերի հարազատներին լրացուցիչ հնարավորություն կտա դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Ինչու՞ է «Տերտերի գործը» բոլորին հետաքրքրել. որովհետև սկսեցին խոսել խոշտանգումների մասին, թեև էֆեմիզմներով, ասում են՝ «կիրառվել են ֆիզիկական հարկադրանքի մեթոդներ», բայց սկսել են խոսել», — ասում է Ադրբեջանի Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Էլդար Զեյնալովը։

Նրա խոսքով՝ նախկինում մարդիկ վախենում էին բողոքել, փաստաթղթեր հանձնել, իսկ հիմա պատրաստ են՝ «հոգեբանական արգելք այլեւս չկա»

Ցուցադրել ավելի
Back to top button