Ծովահայեր

Միլիոնավոր տարիների գոյացություններ՝ Սևանի հատակին. «Ծովահայեր»

Սևանի ավազանի ափամերձ հատվածում ու նույնիսկ 30 մետր խորություններում «Արմդայվինգ» ակումբի սուզուրդների հետ կոշտ, քարացած զանգվածների ենք հանդիպել, զարմացել, բացատրությունն էլ՝ համացանցում փնտրել։

Դրանք ստրոմատոլիտներ կամ միկրոբիոլիտներ են, որոնց հայալեզու տարբերակը հնարավոր չէ գտնել որևէ հանրագիտարանում կամ Վիքիպեդիայում։ Իսկ օտարալեզու աղբյուրներից տեղեկանում ենք, որ այդ գոյացությունները Երկիր մոլորակի վրա կյանքի առաջին պարզունակ ձևերի և քիմիական միացությունների արդյունքում են ձևավորվել, ցիանաբակտերիաների, կամ՝ կապտականաչ ջրիմուռների, ջրի ու արևի էներգիայի շնորհիվ թթվածին են սինթեզել և Երկիր մոլորակի վրա ստեղծել թթվածնային միջավայրը՝ հանդիսանալով կյանքի սկզբնաղբյուր։

Ըստ երկրաբանների՝ Ավստրալիայում հայտնաբերած ստրոմատոլիտները մոտ 4 մլրդ տարի առաջ են ձևավորվել։ Սևանի միկրոբիոլիտները ևս մեկ անգամ տեսնելու, շոշափելու ու տեսագրելու համար «Արմդայվինգ»-ի սուզորդների՝ Գրիգոր Ավետիսյանի ու Դավիթ Սիրունյանի հետ սուզվում ենք Սևանի՝ տղաներին արդեն քաջածանոթ հատվածներ։

Մոտ 20 մետր խորանալուց հետո ջրի աղտոտվածությունը գիշերային մթություն է հիշեցնում, մի պահ կորցնում ենք ժամանակի զգացողությունը և հատուկ լուսարձակների օգնությամբ սկսում ենք որոնել այդ առեղծվածային գոյացությունները։

Քարացած առաջին զանգվածին հանդիպում ենք 26 մետր խորության վրա։

Լուսանկարները՝ «Արմդայվինգ» ի էջից

Արդյո՞ք այդ գոյացությունները կենդանի են, շարունակո՞ւմ են մեծանալ, թե՞ անշունչ ապարներ են, արդյո՞ք ազդում են Սևանի ջրի բաղադրության վրա։ Ամեն մի նոր բացահայտում, նոր հարցեր է ծնում:

Պատասխանները փնտրում ենք Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, որտեղ Սևանի գոյացությունները ոչ թե միկրոբիոլիտ կամ ստրոմատոլիտ, այլ հենց «Սևանիտ» են անվանել հայ և ֆրանսիացի գիտնականները, ովքեր ավելի քան 10 տարի հետազոտում են Սևանի հատակի կառուցվածքը և խզումների հետևանքով Սևանի հատակից դուս եկող գազի ու ջրի աղբյուրները։

Լուսանկարները՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ՖԲ էջից

Սևանի հատակից դուրս եկող ածխաթթու գազն ինչքանո՞վ է նպաստում նոր սևանիտների զարգացմանը, արդյոք կա՞պ ունի ներկայիս ցիանոբակտերիաների՝ կապտականաչ ջրիմուջների հետ և արդյո՞ք ազդում է ջրի բաղադրության վրա. այս հարցերի պատասխանները պարզելու համար Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, Լիլիթ Սահակյանի ղեկավարությամբ  կազմված «Միկրոբիոլիթները որպես Սևանա լճի պալեոմիջավայրի պահոցներ» ծրագիրը Գիտության կոմիտեն կֆինանսավորի։ 

Հետազոտական աշխատանքների մասին «Ծովահայերի» տաղավարում պատմում է Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Լիլիթ Սահակյանը։

Back to top button