ԿարևորՄշակույթ

Այսօր բրիտանական «Բիթլզ»-ի համաշխարհային օրն է

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 2001թ.-ից հունվարի 16-ին աշխարհում նշվում է The Beatles-ի միջազգային օրը: 1957թ. այս օրը Լիվերպուլում կայացավ Cavern ակումբի բացումը, որտեղ ժամանակին իր առաջին ելույթներն է ունեցել լեգենդար խումբը։ Խումբն այդ տարվա առաջին կեսում կազմակերպեց երեք համերգային շրջագայություն Բրիտանիայում։

Չորս շաբաթ տևող շրջագայություն փետրվարին, և երկու-երեք շաբաթ մարտին և մայիս-հունիս ամիսների։ Նրանց հանրաճանաչություն ձեռք բերելուն զուգընթաց սկսվեց «Բիթլոմանիա» կոչվող երևույթը, երբ երկրպագուները գոռուն-գոչյուններով դիմավորում էին նրանց, ամենուր սիրում և կատարում նրանց երգերը։

«Բիթլզ» (The Beatles) բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը ստեղծվել է 1960 թվականին: Լեգենդար խմբի անդամներն էին Ջոն Լենոնը (ռիթմ-կիթառ, սոլո-կիթառ, բաս-կիթառ, ստեղնաշար, փողային գործիքներ, հարվածային գործիքներ, վոկալ), Փոլ Մաքքարթնին (բաս-կիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, կիթառ, վոկալ), Ջորջ Հարրիսոնը (սոլո-կիթառ, ռիթմ-կիթառ, սիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, վոկալ) և Ռինգո Սթարը (հարվածային գործիքներ, ստեղնաշար, վոկալ):

Ինչպես նաև տարբեր ժամանակներում խմբի կազմում են եղել Փիթ Բեստը (հարվածային գործիքներ, վոկալ), Ստյուարտ Սատկլիֆը (բաս-կիթառ, վոկալ) և Ջիմի Նիկոլը (հարվածային գործիքներ): 1950-ականներին սկսելով հետևել ամերիկյան դասական ռոք-ն-ռոլին՝ «Բիթլզը» եկավ իր սեփական ոճին և հնչողությանը:

«Բիթլզը» զգալի ազդեցություն ունեցավ ռոք երաժշտությանը և մասնագետների կողմից ճանաչվել է որպես 20-րդ դարի ամենահաջող խմբերից մեկը ինչպես ստեղծագործական, այնպես էլ կոմերցիոն առումով: Շատ ռոք երաժիշտներ խոստովանում են, որ դարձել են այդպիսին «Բիթլզի» երգերի ազդեցությամբ: Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1963 թվականին` «Please Please Me/Ask Me Why» սինգլի թողարկումից հետո և իր ստեղծարարությամբ սկիզբ դրեց գլոբալ մի երևույթի՝ «բիթլմանիա» անունով:

Քառյակը դարձավ բրիտանական առաջին խումբը, որի ձայնասկավառակները մեծ ճանաչում ձեռք բերեցին ԱՄՆ-ում և գրավեցին առաջին հորիզոնականները: Խմբի երաժիշտներին, իրենց պրոդյուսերին և ձայնային ռեժիսոր Ջորջ Մարտինին են պատկանում ձայնագրության բնագավառի նորարարություններ՝ տարբեր ոճերի համադրությունը, այդ թվում՝ սիմֆոնիկ և փսիխոդելիկ երաժշտությունը, ինչպես նաև տեսահոլովակների նկարահանումը։

«Բիթլզի» ստեղծագործությունների մեծամասնությունը ստեղծված են համահեղինակային ու ստորագրված Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարթնիի անուններով:

«Rolling Stone 500» ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» ալբոմը (և ևս չորս ալբոմ առաջին տասնյակում): «The Beatles» ալբոմը ԱՄՆ-ում 19 անգամ ճանաչվեց պլատինե: Խումբը նվաճել է 7 Գրեմմի մրցանակ: «Let it Be» ֆիլմը ստացավ երկու «Օսկար» մրցանակ:

Խմբի չորս անդամներն էլ, ի նշան երկրի առաջ իրենց արժանիքի, պարգևատրվել են Բրիտանական կայսրության շքանշանով։ Ըստ «Rolling Stone» ամսագրի՝ «Բիթլզը» «բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողների» ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը։

«Բիթլզի» անդամները դադարեցրին իրենց համատեղ աշխատանքը 1970 թվականին, չնայած դեռ 1967-ին Փոլը և Ջոնը շոուբիզնեսում կատարում էին սեփական նախագծերը: Իսկ արդեն խմբի լուծարումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը շարունակեց իր սոլո կարիերան: 1980 թվականին սեփական տան մոտ սպանվեց Ջոն Լենոնը, 2001-ին քաղցկեղից մահացավ Ջորջ Հարրիսոնը: Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը շարունակում են ստեղծագործել:

Back to top button