ԿարևորՀասարակություն

Վարդենիսի պոլիկլինիկան վերազինվել է ակնաբուժական ախտորոշիչ սարքով

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի պոլիկլինիկան վերազինվել է ակնաբուժական «Ավտոռեֆրակտոմետ» ախտորոշիչ սարքով։

Վերազինումն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրված փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում։

Ինչպես ներկայացրել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից կազմակերպված դասընթացների շրջանավարտ, դրամաշնորհային ծրագրի մասնակից եւ հաղթող, ՀՀ միասնական սոցիալական ծառայությունների ղեկավարի խորհրդական Արտակ Պողոսյանը, ծրագիրն իրականացվել է «Վարդենիսի տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաներից անվտանգ օգտվելու», թեմայի շրջանակներում՝ «Երիտասարդություն հանուն փոփոխության»  ՀԿ-ի միջոցով։

Ակնաբուժական ախտորոշիչ սարքավորումը մատակարարվել է «Յունիմեդ» ՍՊԸ կողմից։

Վարդենիսի պոլիկլինիկայի ակնաբույժ Ժասմենա Վարդանյանի ներկայացմամբ` ակնաբուժական սարքը հնարավորություն է տալիս վաղ շրջանում հայտնաբերելու եւ բուժելու կարճատեսությունը եւ հեռատեսությունը, կեռատոկոնուս եւ աստիգմատիզմ հիվանդությունները։

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի հավաստմամբ` ակնաբուժական ախտորոշիչ սարքն առայժմ առաջինն ու միակն է Գեղարքունիքի մարզում։

«Այս ծրագիրն անչափ կարևոր ձեռքբերում է մարզի առողջապահության համար, քանի որ ախտորոշիչ սարքից կարող են օգտվել ոչ միայն Վարդենիսի, այլև մարզի մյուս տարածաշրջանների բնակիչները։ Սարքը արդյունավետորեն կծառայի նաեւ սկրինինգային հետազոտությունների, դեռահասների շրջանում ակնաբուժական հետազոտություններ իրականացնելու համար»,-նշել է Լուսինե Վարդանյանը։

Նույն ծրագրի շրջանակներում 

 «Երիտասարդություն հանուն փոփոխության» ՀԿ կողմից Վարդենիս քաղաքի երիտասարդների համար կազմակերպվել է երկօրյա դասընթաց՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներից անվտանգ օգտվելու մասին » թեմայով։ Դասընթացին մասնակցել են 140 ուսանող եւ դպրոցական։

Ցուցադրել ավելի
Back to top button