ԿարևորՀասարակություն

Հրամանը՝ ապրել․ Ջրականում ընկած 120 զինծառայողների ծնողները պետությանն առաջարկ ունեն

Առնո Բաբաջանյան համերգասրահում նախօրեին անցկացվել է հուշ-երեկու՝ նվիրված Ջրականում զոհված 120 զինծառայողների հիշատակին։ «Ապրելու հրաման» խորագրով միջոցառումը կազմակերպել էր Ջրականում զոհված «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ռաֆո Սահակյանի մայրը։ Դահլիճում էին նաեւ մարտի դաշտում որդի կորցրած, սակայն պատերազմից հետո մայրանալու նոր ուժ գտած կանայք։ Միջոցառմանը մասնակցել է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, իսկ ներկա գտնվող առողջապահության նախարարին միջոցառման կազմակերպիչը դիմել է հատուկ առաջարկով։

Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճի բեմում երգիչ Արթուր Խաչենցն է։ Չի երգում։ Կարդում է։ 44-օրյա պատերազմում Ջրականում զոհված 120 տղաների անուններն են հնչում։ Արթուրը պատերազմի ժամանակ պատերազմի նման ավարտ չէր էլ պատկերացնում։  Նրան հաճախ հիշում են «Գինի լից» երգով, որ կատարում էր պատերազմի դաշտում։

Հիմա նա բեմում է, էկրանին տղաների նկարներն են, դահլիճում՝ տղաների ծնողները։ «Նրանցից շատերին գիտեմ, մարտի դաշտում միասին ենք եղել, բայց հանուն այդ տղաների չապրած կյանքի պետք է ապրենք»,-ասում է։

«Ողջ ենք մնացել ավելի շատ գործ ունենք անելու։ Ու ես չեմ ուզում մենակ լացի ու ողբի և տխրության մեջ լինենք։ Ես ուզում եմ, որ այս ցավն ու անորոշությունները ազգին միավորի ոչ թե վհատության տարանջատենք մեկս մյուսի։ Ոչ թե պետք է ցավի մեջ տապակվել, այլ փորձել այս ցավից ճիշտ տարբերակով դուրս գալ։ Այդ տղաների արյունը մեզ հավերժ սպասելու է։ Ու մենք պետք էգործով հետ բերենք, ոչ թե հեքիաթների հավատանք»։

Գնդացրորդ, ավագ հրաձիգ հրետանավոր, դիպուկահար, դիրքի ավագ, կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար, լավագույն նշանառու, բանակի գերազանցիկ։ Այս 120 տղաների կյանքն ու ճակատագիրը մեկ ընդհանուր գիծ ունեն՝ նրանց միավորել էր հայրենիքը։

Հատված միջոցառումից․․

«Ոչ մի քայլ հետ սկզբունքով՝ Ջրականի տղաները գնացին պաշտպանելու Հադրութը։ Որդիս կռիվ է տվել պատվի համար, հաղթանակի համար։ Մասնակացել է Ջրականի թեժ մարտերին, ապա Հադրութի։ Ջրականից քչերը հետ դարձան։ Վերադարձողներն էլ չեն ուզում պատմել տխուր հիշողությունները։ Ասում են՝ որդիս կատարել է հրամանատարի դեր, կռվի թեժ պահին խոսել է ապագայից՝ չմտածելով զոհվելու մասին»։

«Ապրելու հրաման» խորագրով միջոցառումը կազմակերպել էր Ջրականում զոհված «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ռաֆո Սահակյանի մայրը՝ Վարդուհի Մանուկյանը։ Ասում է՝ այս միջոցառումը պարզապես պարտքի գիտակցում էր․ իր ապրելու բանաձևն էլ հետևյալն է․

«Ապրեցնելը, իմ հերոսին ապրեցնելը, քանի ես կամ, քանի իմ երակներում արյունս հոսում է,  եկող սերնդին պետք է պատմեմ մեր տղաների մասին»։

Իսկ տղաների ու իր եղբոր մասին նորածին Էմմանուել Մանուչարյանը դեռ շատ կլսի։ Հունվարի 6-ին լույս աշխարհ եկած փոքրիկն ապրելու նոր  բանաձև տվեց ծնողներին։

 «Ես ու ամուսինս որոշեցինք թեկուզ բալիկ ունենալով մեզ սփոփենք, ինչ-որ կերպ ցավը մեղմել։ Իրենք էլ մեզանից հետո ապրեն ու ապրեցեն իրենց եղբոր ու մնացած հերոսների անուններն ու պահեն հայրենիքը։

Արդեն բեմից առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դիմում է Ռաֆո Սահակյանի մայրը՝ Վարդուհի Մանուկյանը, ասում է՝ պատերազմի պատճառով շատ երիտասարդներ չհասցրին ամուսնանալ, և նրանց գենը չշարունակվեց ու առաջարկում։

«Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք այդ քայլին գնալու։ Բանակ զորակոչվող յուրաքանչյուր զինվորի սերմնահեղուկ պահվի, որպեսզի տարիներ հետո, եթե Աստված չանի՝ կորցնենք մեր զավակներին, կարողանանք ունենալ իրենցից սերունդներ։  Նման քայլ իրականացնում են յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրներում»։

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ «Մենք դարեր շարունակ պայքարել ենք հայրենիք ունենալու իրավունքի համար»,-շեշտում է Հարությունյանը։

«44 –օրյա պատերազմում ամեն մի սմ համար պայքար են մղել մեր հերոսները։ Ես ուզում եմ խոնարհվել բոլոր ծնողների առաջ։ Քրիստոսը խաչվել է մարդկության համար,մեր տղաները նահատակվել են մեր  ապրելու իրավունքի համար։ Եվ նրանք արժանի են սրբադասվելու»։

Վարդուհի Մանուկյանը հուշ–ցերեկույթին  ներկա պաշտոնյաներին՝ ճանապարհեց խորհրդանշական նվերներով՝ Շուշիի, Հադրութի,Քարվաճառի լուսանկարներով՝ որպես պայքարի ու պարտքի հիշեցում։

Ցուցադրել ավելի
Back to top button