Մենաստան

Ղազարավան՝ Հայաստանի միակ մենաստանը․ «Մենաստան»

«Մենաստան»  փոդքասթի հատուկ ռեպորտաժը նվիրված է Հայաստանի միակ՝ Ղազարավանի մենաստանին, որը հիմնադրվել է 2018 թվականի հունվարին: Մենաստանում ապրող 8 միանձնուհիներից երեքը պատմում են վանք գալու ու Տիրոջը ծառայելու իրենց որոշման, հարազատների արձագանքի ու բարդ ճանապարհի մասին:

Քույր Եղիսաբեթը, որ 21 տարի է միանձնուհի է, 41 տարեկանում է հավատքի եկել ու Աբխազիայից տեղափոխվել Հայաստան: Սկզբում ծառայել է Սուրբ Հռիփսիմե, Հաղպատ, Սուրբ Գայանե վանքերում, իսկ հիմա ապրում է Ղազարավանում: Եթե քույրերից շատերը քրիստոնեական դաստիարակություն են ստացել ու տարիների ընթացքում հասկացել, որ ուզում են միանձնուհու կյանքով ապրել, ապա քույր Եղիսաբեթի դեպքում դա տեղի է ունեցել մեկ ակնթարթում: Մայրը, որ հավատացյալ կին էր, նեղսրտում էր՝ տեսնելով աղջկա պաշտամունքը Լենինի ու Ստալինի գաղափարախոսության հանդեպ: Այդ պատճառով էլ, երբ Սպիտակի երկրաշարժից հետո զանգեց մորն ու ասաց, որ Աստված կա, մայրը սկսեց լաց լինել:

Քույր Շուշանիկն էլ պատմում է, որ առաջին անգամ միանձնուհի դառնալու մասին մտածել է 25 տարեկանում ու եղբորը խնդրել հետաքրքրվել, թե արդյո՞ք Հայաստանում կա մենաստան: Փորձաշրջանը հաղթահարելուց հետո, սակայն, վերանայել է որոշումն ու վերադարձել դպրոց՝ աշխատելու որպես դաստիարակ: Հինգ տարի է պահանջվել քույր Շուշանիկից, որ վերջնական որոշում կայացնի ու այս անգամ հաստատվի մենաստանում ընդմիշտ: Բարեկամներից հաճախ էր լսում խորհուրդ, թե երիտասարդ է, պետք է ամուսնանա, երեխաներ ունենա: Ասում է, որ այնպես չէ, որ նման ցանկություն չի ունեցել, բայց Աստծուն ծառայելը միշտ առաջնահերթ է եղել ու մնացած զգացումները ճնշել է հանուն այդ նպատակի:

Քույր Մարիամը, որ Ղազարավանի մենաստանի նորեկներից է, ասում է, որ իր համար միանձնուհու կյանքով ապրելը երազանք էր: Եթե ընկերուհիները դասերից հետո կարող էին գնալ սրճարան, թատրոն կամ կինո, ապա նա ժամերով նստում էր Գյումրու Յոթ վերք եկեղեցում ու աղոթում: Ընտանիքի անդամները դժվարությամբ ընդունեցին նրա որոշումը՝ դառնալ միանձնուհի: Մեկ տարի շարունակ համոզում էր, բացատրում, որ այլ կյանք իր համար գոյություն չունի: Վերջապես ձմռան մի օր եկավ Ղազարավան ու մեկ տարուց ավելի է, ինչ չի լքել մենաստանը գեթ մեկ րոպեով: Ընկերուհիներ ունեցել է, սակայն մենաստան գալուց հետո բջջայինից էլ է հրաժարվել, հետևաբար կապի միջոց չունի նրանց հետ շփումը պահելու: Խոստովանում է, որ ցանկություն էլ առանձնապես չկա: Տնեցիներին էլ խնդրել է հաճախ այցելության չգալ, որովհետև նա մենություն է փնտրում ու իր առաքելությունն է համարում Տիրոջը ծառայելը

Ցուցադրել ավելի
Back to top button