ԿարևորՀասարակություն

Թուրքերը գաղտնի կապով ասել էին՝ որտեղ տեսնեք, սմերչով խփեք․ ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 45

«Ամենահրամանատարը» կամ «Օմարի արծիվը»․ ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 45 տարեկան։ Վահագնը ընկավ Հադրութում․ մեկ օր հետո ընկավ Հադրութը։  44-օրյա պատերազմում Հայրենիքին մատուցած  ծառայությունների համար գնդապետն արժանացել է   պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Եռաբլուրում հերոսի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել։

«Ամենահրամանատար» կամ «Օմարի արծիվ».  այսպես էին բնութագրում նրան՝  գնդապետ Վահագն Ասատրյանին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ընտանիքի անդամներն են, նրա զինակից ընկերներն ու  հարազատները։ Արցախյան  44-օրյա պատերազմի հերոսն այսօր կդառնար 45  տարեկան։  Վահագնը ընտանիքի կրտսերն էր, մայրը՝ տիկին Սիման, պատմում է՝ մինչև վերջին պահը բոլորը կարծում էին, թե աղջիկ են ունենալու, միայն հայրն էր վստահ՝  տղա է։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում տիկին Սիմայի հուզմունքը խառնվում է հուշերին։  

«Բժշկուհին եկավ ու հումորով ասաց՝ աղջիկ եք ունեցել, ամուսինս զարմացավ։ Նա միշտ ասում էր՝ ինձանից միայն տղա է ծնվում»։

Այդպիսի օր չկա, որ ես չլսեմ որդուս սխրագործությունների մասին, ամեն քայլափոխի պատմում են Վահագնի  մասին, իսկ  ամենաշատ հնչող արտահայտությունը՝  «հրամանատարի ճիշտ գործողությունների շնորհիվ բոլորս փրկվեցինք։

«Այս մեկ տարին կարծես նոր քնից արթանացած լինեմ, ես չեմ կարողանում համակերպվել այդ մտքի հետ։ Վահագիս համար զինվորներն ամենաառաջնային տեղում էին, ինքն ապրում էր իր զինվորներով, զինվորներն իր կյանքն էին»։

Գնդապետ Ասատրյանը ռազմական հինգ բուհ է ավարտել։  Նրա համար հրամանատարի օրինակ էր Մոնթեն։  Պարբերաբար մեջբերում էր նրա խոսքերը, բայց ինքն էլ ուներ թեզեր, որոնցով  առաջնորդվում էր։

«Մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հայ զինվորի մատը փուշ մտնի, մեզ համար մեր զինվորը շատ թանկ է՝ ի տարբերություն թշնամու։  Հրամանատարը պետք է լինի գրագետ, սպան՝ կարդացած,  ու դու այդ դեպքում դառնալու ես առաջնորդ, որը հաղթելու է հակառակորդին»։

Երբ Վահագնը  ընտրեց զինվորականի մասնագիտութունը, որևէ մեկը չզարմացավ։ Ազգային հերոսի ընտանիքում  զինվորական լինելը ձևավորված   ավանդույթ  էր։  Պապիկը  Հայրենական  պատերազմի  մասնակից է  եղել,  մորեղբայրը գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն է։  Քեռու օրինակով ոգեշնչվել է,Մոնթեի օրինակով հիացել  ու արդեն հասուն տարիքում մտերմացել Վազգեն Սարգսյանի հետ։  Վահագնը  Արցախյան առաջին պատերազմում  քեռու հետ իր աչքով տեսավ ամեն ինչ, շփվեց կռվող տղաների հետ։ Հենց հերոսների հետ շփումները որոշեցին զինվորական դառնալու ուղին։ Միայն թե մայրը ցանկանում էր, որ որդին  բժիշկ դառնա։ Բայց երբ մի անգամ  շարադրություն  էր  տվել Վահագնին, թե ինչ է երազում դառնալ, որդին գրել էր․ «Միայն օդաչու, որ հսկեմ  հայրենիքիս սահմանները երկնքից»։

Զինվորականները սովորաբար խիստ սակավախոս են իրենց գործի մասին, բայց մորը հաջողվում էր այնպես անել,  որ որդին պատմեր զինվորական կյանքից։

«Մի անգամ ասեցի՝ դու որտե՞ղից ես նայում, դիտակետդ որտե՞ղ է։ Ասեց մամ, դժվար է, որ դու գաս իմ հետևից , հասնես։ Ասեցի՝ ուզում եմ գամ․ դա Նոյեմբերյանում էր։ Իջանք մեքենայից,  ինքը գնաց,  ես էլ ուղիղ քայլերով գնացի, բայց պետք է կռացած գնայի։ Ասեց, մա՛մ,գոնե մի քիչ կծկված արի, ասեցի՝ բա դու հպարտ գնում ես, ես ի՞նչու պետք է քո հետևից  հպարտ չգամ»։

Վերջին անգամ տանն էր սեպտեմբերի 26-ին։ Կնոջը՝ Հասմիկին, որին Վահագնը Հասիկո էր դիմում,  ասում է՝ իր կյանքը սկսվել է  հենց Վահագնով,  նրա հետ ծանոթացել է  16 տարեկանում։ Խիստ ու պահանջկոտ զինվորականը ռոմանտիկ էր ու հումորով՝ պատմում է։ Վահագնի համար չլուծվող խնդիր չկար՝ ասում է։

«Կիրակի օրը մեր հատուկ ընտանեկան  օրն էր։ Մենք արթնանում էինք երաժշտության ձայնից,  ու ինչ-որ բան պետք է պատրաստեր մեզ համար»։

Վահագնը անձամբ է գնում հետախուզության՝ բոլորը դա գիտեին։ Պատերազմից առաջ նա հասցրեց լինել ողջ Արցախում։ Տեսնում էր, որ թշնամին պատրաստվում է պատերազմի։ Ազգային հերոսն Արցախի սարերում   ու ձորերում  կռիվ   տվեց, չնահանջեց  անգամ այն ժամանակ,  երբ տղաները  շրջափակման մեջ  հայտնվեցին։ Նրա օպերացիաներից  մեկի մասին տեղեկացանք  պատերազմից հետո՝ զինվորներից մեկի գրառումից։

Հոկտեմբերն  էր հրամանատար Վահագն Ասատրյանի մշակած օպերացիայով կարողացանք հետ գրավել Քելբաջարի «Շղթաներ» դիրքը, որտեղ տվեցինք մեկ զոհ՝ Խաչատուրյան Խաչատուրին։ Դիրքը գրավելուց հետո հրամանատարը հրամայեց , որ այդ դիրքը կոչվի Խաչատրյանի անվամբ»։

Ադրբեջանցի զինվորականները 6 ամիս զորավարժություններ էին արել Օմարի լեռները բարձրանալու համար։ Նրանց հաջողվել էր վերցնել Օմարի ամենաբարձր դիրքը, որից հետո հայ զինվորները հայտնվել էին շրջափակման մեջ․ նրանց ո՛չ սնունդ էր հասնում, ո՛չ զենք։

Գնդապետ Ասատրյանը կարողանում է շատ արագ հետ վերցնել դիրքը և զորքին դուրս բերել այդտեղից։

«Զանգեց, ասեց՝ մամ, դիրքը հետ վերցրի, բայց Խաչատուրիս գնով։ Նա այդ դիրքը Խաչատուրի անունով էր կոչել»,- պատմում է մայրը։

«Օմարի արծիվը» թշնամու ահն  ու սարսափն էր՝ ասում է   հրամանատարի  օգնական  Արթուր Մուսայելյանը․ նա Վահագնին հանդիպել է զոհվելուց երկու ժամ առաջ։

«Վահագնը չխփվեց, Վահագնի հետևից ընկել էր ամբողջ ֆրոնտը։ Մի ռադիոկապով, որ մերոնք էին գրանցել, թուրքերն ասել էին՝ Վահագնին որտեղ տեսնեք, սմերչով խփեք»։

Վահագն Ասատրյանը զոհվեց Հադրութում․ մեկ օր հետո  Հադրութն ընկավ։ 44-օրյա պատերազմում հայրենիքին մատուցած  ծառայությունների համար գնդապետն արժանացել է  պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

Back to top button