ԿարևորՀասարակություն

Նոր մեքենա հնի փոխարեն. «թրեյդ–ին»–ի միջոցով նոր մեքենաների թիվը կավելանա

Կառավարությունը հաստատել է ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռք բերման «թրեյդ-ին» առևտրի լիցենզավորման կարգը: Հունվարի 1-ից մարդիկ կարող են իրենց հին մեքենան տալ դիլերներին և դրանց փոխարեն նորը ստանալ։ Հարկային նոր  կարգավորման արդյունքում փոխանակման գործարքների ժամանակ կբացառվի կրկնակի հարկումը։ Բարեփոխման նպատակը շուկան աշխուժացնելն է՝ փորձելով  մեծացնել նոր ավտոմեքենաների իրացման ծավալները, իջեցնել երկրորդային շուկայում շրջանառվող ավտոմեքենաների միջին տարիքը և, հետևաբար, բարձրացնել ընդհանուր տեխնիկական անվտանգության մակարդակը։ 

Հունվարի 1-ից մարդիկ կարող են իրենց հին մեքենաները տալ ավտոդիլերներին ու դրանց փոխարեն վերցնել նորերը։ Դիլերների միջոցով մեքենաների թարմացումը նորություն չէ մեր ավտոշուկայում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է   ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։ Նորությունը նախորդ տարի ընդունված հարկային փոփոխություններն են, որոնք կբացառեն կրկնակի հարկումը պաշտոնական ներկայացուցիչների կողմից իրականացվող թրեյդ-ինի, կամ փոխանակման գործարքների ժամանակ։

«Նմանատիպ գործարքներ Հայաստանում շատ վաղուց են արվում, սակայն վերջին ժամանակներում դրանց թիվը նվազել էր հարկային ոչ բարենպաստ դաշտի պատճառով։ Դրա հետևանքով առաջանում էր կրկնակի ԱԱՀ–ի վճարում, երբ դիլերը իր ընդունած մեքենան հետագայում վաճառելու ժամանակ ստիպված էր վճարել, և, որպես հարկային գործակալ, իրավաբանական անձը վճարում էր նաև 10 տոկոս եկամտային աճ ֆիզիկական անձի փոխարեն»։

Օրենսդրական նոր կարգավորմամբ՝ ԱԱՀ-ն կգանձվի միայն մեքենայի վաճառքից ստացված արժեքի տարբերությունից։  Զրոյացվել է նաև եկամտահարկի տոկոսադրույքը, որը վճարում էր դիլերը։ Զրուցակիցս կարծում է՝ նոր կարգավորումը էական աշխուժություն կառաջացնի առաջնային ավտոշուկայում՝ թույլ տալով ինչպես մեծացնել նոր ավտոմեքենաների իրացման ծավալները, այդպես էլ իջեցնել երկրորդային շուկայում շրջանառվող ավտոմեքենաների միջին տարիքը և, հետևաբար, նաև բարձրացնել ընդհանուր տեխնիկական անվտանգության մակարդակը։

«Այն պայմանական կորուստը, որը բյուջեն կկրի ԱԱՀ–ի տեսքով,  կվճարվի շահութահարկի տեսքով նոր ավտոմեքենաների վաճառքի ժամանակ։ Եթե ավելի շատ մեքենաներ սկսեն վաճառվել բնականաբար բյուջեի հարկային մուտքերը ևս կավելանան»։

«Թրեյդ-ին»–ը  մեքենայի ձեռք բերման  առևտրի տեսակ է, որի ժամանակ ֆիզիկական անձը  հնարավորություն է ստանում իր հին ավտոմեքենան փոխարինել նորով` արդյունքում վճարելով վերջինների միջև առկա գնային տարբերությունը։ Ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցչի պարագայում նշյալ համակարգի կիրառումը ենթադրում է  հին ավտոմեքենայի ձեռք բերում ֆիզիկական անձից, նոր ավտոմեքենայի վաճառք ֆիզիկական անձին և ձեռքբերված հին ավտոմեքենայի հետագա վաճառք։  Ըստ նոր կարգավորումների՝ այդպիսի գործարքների իրականացումը ենթակա է լիցենզավորման, ինչը, ըստ ֆիսկալ քաղաքականություն իրականացնող պետական մարմինների, պետք է բացառի անբարեխիղճ տնտեսվարողների մուտքը այս ոլորտ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լիահույս է, որ նոր կարգավորումներով այս գործարքներն ավելի գրավիչ կդառնան կողմերի համար։

«Մենք անցած տարի կարգավորումները փոխեցինք այնպես, որպեսզի հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի: Ճիշտ է, հիմա մի փոքր դեֆիցիտ կա նոր մեքենաների, բայց կարծում եմ ժամանակի ընթացքում ավտոդիլերները նոր ծառայություններ կառաջարկեն, որպեսզի մարդիկ կարողանան հեշտությամբ թարմացնել իրենց մեքենաները»։

Քանի որ լիցենզիոն վճարները բավական բարձր են և էլ ավելի կբարձրանան 2023 թվականին, ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը դժվարանում է գնահատել, թե պաշտոնական ներկայացուցիչներից քանիսը կօգտվեն առաջարկվող հնարավորություններից։ Մասնավորապես, կարևոր է, որ պաշտոնական ներկայացուցիչները հնարավորություն ունենան հետ գնել առնվազն իրենց կողմից վաճառված ավտոմեքենաները՝ առանց ավելորդ հարկային բեռի։ Թե հիմնականում որ թվի մեքենաները կարելի է փոխանակել  «թրեյդ–ին»–ի միջոցով , օրենքը հստակ չի սահմանում, բայց պակտիկան ցույց է տալիս, որ այն  հիմնականում տարածվում է մինչև 10 տարվա հնության մեքենաների վրա։

Back to top button