ԿարևորՀասարակություն

«Քարտեզագրական պատերազմ» կամ «քարտեզակռիվ» Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև

Ադրբեջանն ու Թուրքիան տարիներ շարունակ Հայաստանի դեմ հիբրիդային, նաև ինֆորմացիոն պատերազմ են վարում, իսկ դրա կարևոր բաղադրիչներից մեկը քարտեզագրականն է՝ արձանագրում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Սա, ըստ նրա, առաջին հերթին ինքնության պատերազմ է։

«Հիմա Ադրբեջանը վարում է ինֆորմացիոն պատերազմ, որը եղել է և՛ 5 տարի առաջ և՛ 10 տարի առաջ և հիմա էլ շարունակվում է։ Այդ պատերազմի ականատեսն ենք մենք ամեն օր Ալիևի հայտարարություններով ու քարտեզային հակամարտություներով»։

Ադրբեջանն օրերս դիմել էր «Գուգլ» ընկերությանը՝ պահանջելով թվային քարտեզներից հեռացնել Արցախի հայկական տեղանունները։ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան էլ իր հերթին նամակ էր հղել «Գուգլ» ընկերությանը՝ հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնազուրկ պահանջները։ Պաշտպանը իր նամակում նշել էր, որ Ադրբեջանի այդ ջանքերը Արցախի ժողովրդին հայրենիքից զրկելու, Արցախի հայկական ինքնությունը մերժելու ադրբեջանական երկարամյա քաղաքականության դրսևորումներ են։

«Տեղանունները ծառայում են որպես տարածաշրջանային մշակույթի խորհրդանիշներ և այդպիսով արտացոլում են տվյալ վայրի պատմությունն ու միջավայրը: Քարտեզներից հայկական տեղանունները հանելու Ադրբեջանի պահանջը ոչ այլ ինչ է, քան քարտեզների վրա իր համար ցանկալի իրականություն ստեղծելու փորձ»,– նշել էր Գեղամ Ստեփանյանը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան

«Եթե, օրինակ, Ստեփանակերտի անունը փոխվում և դառնում է Հանքենդի, վաղը արդեն հասկանալի չի լինի, թե դա որ քաղաքն է․ և սա, այո, հիբրիդային պատերազմի կարևորագույն մասերից է։ Եվ այս պատերազմը ուղղված է մեր ինքնության դեմ, այդ նույն պատերազմը վարում է նաև Թուրքան։ Թուրքիան, օրինակ, պահանջում է Արարատը հեռացնել բոլոր պետական տեղերից ու նշաններից․ ինչո՞ւ, քանի որ սա հարվածում է մեր ինքնությանը»,- ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Քարտեզներից հայկական անունները հեռացնելու ադրբեջանական պահանջը հեռահար նպատակներ ունի,  տարիներ անց  ցույց տալու, որ այդ տարածքները երբեք հայկական չեն եղել՝ ասում է ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը՝ հիշեցնելով Նախիջևանի նախադեպը։

«Կարևորն այն է, թե որքան է տարածվում այդ ինֆորմացիան, նույնիսկ եթե դա կեղծ ինֆորմացիա է ժամանակի ընթացքում մարդկանց ուղեղում դառնում է իրականություն, ինչպես Ադրբեջանում ընդհանրապես չգիտեն, որ իրենց պետությունը 1918թ․ է հիմնվել և մինչ այդ նման երկիր գոյություն չի ունեցել։ Իսկ քանի որ «Գուգլ»–ի քարտեզները շատ են տարածվում աշխարհով մեկ, դրանք շատ կարևոր են իրական անունները պահպանելու առումով»։

Գալեչյանը նկատում է՝ «Գուգլ» ընկերությունը մինչև հիմա որպես կանոն բալանսավորված քաղաքականություն է վարել՝ տարբեր դեպքերում ադրբեջանական անվանումների հետ հրապարակելով նաև հայկական անունները։

«Առաջարկում են ԱԳՆ–ում նոր հաստիք ունենալ՝ թվային հարցերով դեսպան, որը պետք է պաշտոնապես նման դեպքերում արձագանքի։ Մենք կարող ենք վրդովվել, դատողություններ անել, բայց այստեղ պայքարը պետք է պաշտոնական լինի»,– ասում է քաղաքագետը։

Օրերս թուրքական իշխանամետ «Yeni AKIT» թերթը ստորություն էր անվանել ամերիկյան «Netflix» ընկերության կողմից ցուցադրվող բազմասերիանոց ֆիլմերից մեկում օգտագործված քարտեզը, որում Հայաստանը ներկայացված է եղել իր պատմական սահմաններով՝ ներառելով Թուրքիայի ներկայի տարածքը։ Հարևան երկրում սա համարել էին Թուրքիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության թիրախավորում, ինչի համար, ըստ թուրքական մամուլի, «Netflix»-ի դեմ ամենածանր պատժամիջոցները պետք է կիրառվեն։

Քարտեզագետ Ռուբեն Գալեչյան

ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալեչյանը հիշեցնում է՝ Թուրքիան բազմիցս է ապացուցել, որ խիստ ցավագին է արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ քարտեզներում Թուրքիայի այժմյան տարածքի վրա հայկական որևէ տեղանուն է նշվում։

«Հայաստան է գրված, նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը որպես անկախ պետականություն գոյություն չուներ, բայց քանի որ այդտեղ հայ ժողովուրդն էր ապրում, դրա վրա գրված էր Արմենիա։ 16-20-րդ դարի հետաքրքիր քարտեզներ կան, որոնց վրա կայսրությունների անուններ էին նշված՝ Ռուսական կայսրություն, Օսմանյան կայսրություն, և դրանց սահմանների վրայով անցնող երկար գիծ կա, որի վրա Հայաստան անունն է գրված, քանի որ այդտեղ հայեր են ապրել։ Սա ընդունված մոտեցում է, բայց դրա լուծումն էլ Թուրքիան գտավ․ Ցեղասպանության միջոցով վերացնել հայերին իր տարածքից, որ այլևս հայերի անունը քարտեզի վրա չգրվի»,– ասում է քարտեզագետ Ռուբեն Գալեչյանը։

Ֆեյսբուքում շուրջ 5000 հետևորդ ունեցող թուրք պրոֆեսոր Բյուլենթ Իփլիքչիօղլուն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Բեռլինում տպված պատմական մեկ այլ քարտեզ, որտեղ առանձնանշված են Մեծ Հայքը (Armenia) և Փոքր Հայքը (Armenia Minor), որոնք զբաղեցնում են ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքների զգալի մասը: Լրատվամիջոցները նկատել են, որ հավանաբար թուրք պրոֆեսորը մեծ խիզախություն ունի, քանի որ ինչպես հայտնի է ազգայնական շրջանակներն ու նույն հոսանքի մամուլը գերզգայուն են նմանատիպ դեպքերի նկատմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button