ԿարևորՀասարակություն

Տաթև-Աղվանի-Կապան այլընտրանքային ճանապարհը լինելու է բարձրակարգ․ դեպարտամենտը լուծում է խնդիրները

Սյունիքում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը․ երկօրյա աշխատանքային այցի նպատակը մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքները դիտարկելն է, նոր կառուցվող այլընտրանքային ճանապարհների որակի ու հատկապես ձմռանը դրանց անցանելիության ստուգումը։

Այսօր նախարարը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի հետ անցել է Կապան-Ճակատեն կառուցվող նոր ճանապարհով, ծանոթացել աշխատանքների ընթացքին, զրուցել ճանապարհաշինարարների ու երթեւեկող վարորդների հետ։

Այնուհետեւ Սանոսյանը եղել է Վերին Խոտանան գյուղը շրջանցող եւ Տաթեւ-Լծեն ճանապարհների հատվածներում, որոնց կառուցումը թույլ կտա բեռնատարներին շրջանցել դժվարանցանելի ոլորանները:

Երեկ նա դիտարկել էր Խոտ-Որոտան, Բարձրավան-Քաշունի, Տանձավեր-Շուռնուխ ճանապարհների կառուցման ընթացքը։

Գարնանն արդեն Սյունիքում կմեկնարկեն այլընտրանքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Վահագն Ստեփանյանը Սյունիքում «Ռադիոլուրի» թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Տաթև–Աղվանի–Կապան այլընտրանքային ճանապարհի իրավիճակին։

«Քանի որ Տաթև–Աղվանի–Կապան այլընտրանքային ճանապարհը նոր է կառուցվում,  եւ դրա զգալի մասն անտառների միջով է անցնում, ուստի ճանապարհի հիմքի հետ կապված խնդիրներ են առաջանում, ինչի հետեւանքը նաև ասֆալտի վրա է երևում։

Բոլոր աշխատանքները բարենպաստ եղանակային պայմանների դեպքում սկսելու ենք, մինչև հիմք քանդելու ենք, նորոգենք։ Ես վստահեցնում եմ բոլորին, որ այդ ճանապարհը լինելու է այն վիճակում, որ չի քանդվելու։ 43 կմ հատվածանոց ճանապարհը 3 մասից է բաղկացած։ 3 տարբեր շինարարական կազմակերպություն է կառուցել։ Դրանցից երկուսի կառուցած ճանապարհահատվածները խնդիրների պատճառով չեն ընդունվել ու շահագործման հանձնված չեն»,-ասել է Ստեփանյանն ու խոստացել, որ այդ խնդիրները վերջնականապես շտկվելու են։

«Վստահեցնում եմ՝ Տաթև-Աղվանի-Կապան այլընտրանքային ճանապարհը լինելու է բարձրակարգ և հարմար։ Նման ճանապարհ դեռ մենք չենք ունեցել։ Երբ հիմքի հետ կապված հողային աշխատանքներ ենք իրականացնում, բնական է՝ որոշակի խնդիրներ են առաջանում։ Ընդհանրապես, պիտի ձմեռային մի սեզոն անցնի, որից հետո սկսվեն ասֆալտապատման աշխատանքները։ Բոլորս գիտենք այդ ճանապարհի հրատապությունը, ուստի աշխատանքներն արել ենք շատ կարճ ժամանակահատվածում»։

Ցուցադրել ավելի
Back to top button