ԿարևորՔաղաքական

Հանդիպեցին, ծանոթացան, պայմանավորվեցին․ հայ եւ թուրք հատուկ բանագնացների հանդիպումը կայացավ

Երևանի ժամանակով ուղիղ կեսօրին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Թուրքիայի բանագնացները ժամանել են ՌԴ արտգործնախարարություն։ Այնտեղ է կայացել նրանց առաջին հանդիպումը, որի հետ հայ–թուրքական բանակցություններ վերսկսելու հույսեր են կապվում։  

Հայաստանի և Թուրքիայի բանագնացները պետությունների ղեկավարների կողմից նշանակվեցին 2021–ի ավարտին։ Առաջինը հայտնի դարձավ Թուրքիայի բանագնաց թեկնածուի անունը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը, որն ունի 37 տարվա դիվանագիտական փորձ։ Հայաստանն այս հանդիպումներում ներկայացնում է երիտասարդ քաղաքական գործիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նրան նշանակելիս հիմնավորվեց, որ երիտասարդ գործչին այդ աշխատանքում օգնելու է հատուկ այդ աշխատանքների համար ձևավորվող մասնագիտացված խումբը։

32-ամյա Ռուբեն Ռուբինյանը և 64-ամյա Սերդար Քըլըչը դեռ ծանոթանում են։ Մոսկովյան հանդիպումն առայժմ ճանաչողական է՝ երկու կողմի մոտեցումները ներկայացնելու համար։ Հանդիպման վայրն ընտրվել է ըստ այնմ, որ Հայաստանը դիմել էր ՌԴ-ին հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար։ 2021-ի նոյեմբերի 25-ին լուրը հաստատեց Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իսկ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շեշտում է՝ իրենք հանդիպման կողմ չեն, պարզապես աջակցել են, որ այն կայանա․

«Ռուսաստանը օգնել է, որպեսզի այդ պայմանավորվածությունը ձեռք բերվի։ Մենք ուրախ ենք, որ առաջին հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայում։ Մեր դերակատարությունը սահմանափակվում է ուղիղ երկխոսություն կազմակերպելով, հուսով եմ, որ այն արդյունավետ կլինի»։  

Ռուբինյան–Քըլըչ 1.5 ժամ տևած հանդիպման օրակարգի մասին որևէ բան դեռ հայտնի չէ։ Բայց հայտնի է, որ այդ հանդիպմանն ընդառաջ Մոսկվայում ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ: «Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ»,-հաղորդում են Հայաստանի արտգործնախարարությունից:

Մոսկովյան հանդիպումը ողջունել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր հարց է, որին ԵՄ-ն լիովին աջակցում է»։

Վերլուծաբաններն այս փուլում հայ–թուրքական բանակցությունների մասին խոսել դեռ վաղ են համարում, թեև նախօրեին ձևակերպվել է պաշտոնական Երևանի ակնկալիքը։  Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, նաև կբացվի երկու երկրների միջև սահմանը՝  ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Հայկական կողմն ամեն դեպքում նշում է՝ դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպմամբ հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։ Հունանյանի ներկայացմամբ՝ հայկական կողմի տպավորությամբ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։

Եթե վերլուծենք ոչ թե ընդհանուր գործընթացը, այլ մանր դրվագները, ապա դրական ազդակների մասին չի շտապում խոսել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։ Ըստ նրա՝ հայկական և թուրքական կողմերի ներկայացուցիչները բավականին անհամաչափ են ներկայացված։ Մի կողմից բանակցելու է երիտասարդ, դիվանագիտական, քաղաքական և բանակցային փորձ չունեցող երիտասարդ, մյուս կողմից բավականին պատկառելի դիվանագիտական և աշխատանքային փորձ ունեցող, ավելին՝ դիվանագիտական իր գործունեության շուրջ 8 տարին Հայոց ցեղասպանության ժխտմանը և հակահայկական միջոցառումների կազմակերպմանը նվիրած անձը։

«Թուրքիան միտումնավոր նշանակել է մեկին, ով մասնագիտացված է Հայոց ցեղասպանության ժխտման աշխատանքների մեջ, մասնագիտացված է հակահայկական գործունեության մեջ, մասնագիտացված է պատմությունը կեղծելու, զեղծարարության մեջ։ Այսինքն՝ մի մարդու են նշանակել, ով ոչ թե հայերի հետ բարեկամությանն է կողմ, այլ՝ ընդհակառակը։ Հայկական կողմը տրամադրված է կառուցողական, տրամադրված է անպայմանորեն հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ, թուրքական կողմը կրկին տրամադրված է, սակայն ունի մի շարք պահանջներ, նախապայմաններ։  Առաջին գլխավոր նախապայմանը կամ պահանջն այն է, որ Թուրքիան մինչև հիմա էլ շեշտում է, որ ինքը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ցանկացած քայլ համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ։ Սա արդեն ջուրն է լցնում Թուրքիայի պատրաստակամության մասին հայտարարությունները»։  

Մինչդեռ արտգործնախարարի խոսնակը Թուրքիայի նախապայմաններին ընդառաջ գնալու կամ դրանց հետ հաշվի նստելու հետ կապված դիտարկումներին արձագանքել էր,

«Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Այս առումով ևս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում:

Ինչպես արդեն նախկինում նշել ենք, միջազգային գործընկերների հետ շփումներում մենք պարբերաբար ընդգծել ենք «առանց նախապայմանների» սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը»։

Ոչ թե բանագնաց նշանակվելիս, այլ ԱԺ–ի փոխնախագահի պաշտոնում ընտրվելուց առաջ խորհրդարանում վեր հանվեց Ռուբինյանի կենսագրության այն հատվածը, որ նա մի քանի ամիս ապրել է Թուրքիայում։ Ընդդիմադիրների կասկածամտությանն ի պատասխան Ռուբինյանը պարզաբանել էր․

«Ես 2017–ին թուրք ազգայնականի կողմից Ստամբուլում սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս իրականացրել եմ հետազոտություն Թուրքիայում։ Դա երբեք չեմ թաքցրել, որովհետև թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, փոխնախարար նշանակվելուց հետո 3–4 օր անց հարցազրույցում բաց ասել եմ, որ ես հեղափոխությունից առաջ այնտեղ էի»։  

Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը համարում է, որ հայ–թուրքական հանդիպումների, առավել ևս՝ բանակցությունների համար բարդ ժամանակաշրջան է ընտրվել։ Խոսքը ոչ այնքան հետպատերազմյան շրջանի մասին է, որքան աշխարհաքաղաքական փոփոխությունների․

«Պատերազմից հետո չափազանց վտանգավոր է շարունակել բանակցություններ Թուրքիայի հետ, որովհետև ակնհայտ է, որ այս հարաբերությունների ժամանակ Թուրքիային շատ բան կներվի, եթե նա, ենթադրենք, կողմնորոշվի դեպի Ռուսաստանը։ Նույնը կարելի է ասել նաև Ադրբեջանի համար։ Մի բան ակնհայտ է, որ վերջին զարգացումները հայ–ադրբեջանական ոլորտում, հիստերիկ հայտարարությունները, որ անում է Էրդողանը, ուղղակի բխում են այն հանգամանքից, որ և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում հասկանում են, որ այն ժամանակը, որը տրված էր նրանց հայկական կողմի պարտությունից հետո, մոտենում է ավարտին, որովհետև գալիս է մի նոր փուլ, որտեղ նրանց դիրքորոշումները պետք է պայմանավորված լինեն արդեն ոչ այնքան պատերազմում կրած հաղթանակով, այլ նոր աշխարհաքաղաքական իրավիճակով։ Նրանք չափազանց քիչ ժամանակ ունեն, դա է պատճառը, որ նրանք փորձում են այդ համաձայնագրերը՝ մի կողմից հայ–թուրքական, մյուս կողմից հայ–ադրբեջանական, որքան հնարավոր է արագ կյանքի կոչել»։

Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում․սա ՀՀ արտգործնախարարության գնահատականն է հանդիպումից հետո։ Ըստ այդմ՝ հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը դեռ որոշված չէ։ Կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։

Ցուցադրել ավելի
Back to top button