Էկոսֆերա

Առաջարկվում է բարձրացնել պոլիէթիլենային տոպրակների գինը․ «Էկոսֆերա»

Հունավարի մեկից արգելված է պոլիէթիլենային տոպրակների շրջանառությունը, սակայն դրանք դեռևս շարունակում են հրամցնել առևտրի կետերում։

Բնապահպաններն ասում են՝ օրենքը կա, սակայն չի գործում,առաջարկում են բարձրացնել պոլիէթիլենային տոպրակների գինը։ Իսկ ահա #ինձհետ սոցիալ-բնապահպանական էկո-արշավի նախաձեռնողներն էլ առաջարկում են ինքնարժեքից ցածր կտորե տոպրակներ, որոնք բազմակի օգտագործման համար են։

«Կանաչ» էկոնոմիկայի անցում կատարելու մշակույթը հետզհետե աշխարհի տարբեր երկրներում լայն տարածում է ստանում: Սա ոչ թե քարոզչություն է կամ կամայական մոտեցում, այլ կարող ենք ասել բնության կողմից պարտադրանք: Այն ինչ կատարվում է երկիր մոլորակում ՝ կլիմայական անոմալ շեղումներ, ջրհեղհեղներ, հրդեհներ, փոթորիկներ, այս ամենը պատահականություններ չեն:

Դրանք մարդու գործունեության արդյունք են՝ արտադրական արտանետումներ, թափոններ, որոնք խաթարում են մոլորակի էկոհամակարգը:

Այսպես, պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկե շշերը չարիք են բնության համար: Դրանց մի մասը չի վերացվում՝ կուտակվում է օվկիանոսում, մնում ցամաքում ու զգալի վնաս հասցնում թե կենդանական ու բուսական աշխարհին, թե մարդու առողջությանը:

Մեկ տոպրակի կյանքի միջին տևողությունը հաշվարկված է 20 րոպե, մինչդեռ դրա քայքայման համար պահանջվում է 100-200 տարի: Որոշ մասնագետներ նույնիսկ պնդում են, որ մինչև հազար տարի է պահանջվում պոլիէթիլենային տոպրակի քայքայման համար:

Բացի այդ, աշխարհում աղբի 75 տոկոսը պոլիէթիլենային տոպրակներն են: Տարեկան 8 միլիարդ տոննա պլաստիկ թափվում է օվկիանոսները:

Համաշխարհային օվկիանոս տարեկան թափվում է 6 մլն 300 հազար տոննա աղբ, որի զգալի մասը պլաստիկե տոպրակներն ու շշերն են: Համաշխարհային էկոլոգների գնահատմամբ՝ մինչև 2050թ-ը օվկիանոսում պլաստիկե թափոնների քանակությունը կգերազանցի ձկնային պաշարների քանակությանը:

Զարգացած երկրները վաղուց հրաժարվել են պոլիէթիլենային տոպրակների գործածությունից, որոնք բնության մեջ չեն քայքայվում։ Հայաստանը նման քայլի դիմել է այս տարվա հունվարի մեկից՝ արգելելով մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը։

Օրենսդրական փոփոխություններն արված են, օրենքն արդեն ուժի մեջ է մտել: Սակայն բնապահպանները վերապահումով են մոտենում այս փոփոխությանը։ Բնապահպան Սիլվա Ադամյանը կարծում է, որ փոփոխությունն այլ ուղղությունից պետք է սկսել, օրինակ՝ աղբի տեսակավորումից, քանզի այդ մշակույթն այդպես էլ մեզանում տեղ չի գտնում։

Ցուցադրել ավելի
Back to top button