ԿարևորՀասարակություն

Անհրաժեշտ, բայց ոչ բավարար․ հունվարի 15-ից ապրիլի 15-ը հավաքներ կանցկացվեն

Կառավարության որոշմամբ՝ հունվարի 15-ից ապրիլի 15-ը կանցկացվեն եռամսյա վարժական հավաքներ՝ մինչև 65 քաղաքացու ներգրավմամբ։ Նրանցից 20-ը կլինեն բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական, 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ: Այսպիսի հավաքների անհրաժեշտությունն առաջացավ 44-օրյա պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ կա պահեստազորի պատրաստվածությունը բարելավելու կարիք։ Որքանո՞վ են արդյունավետ անցկացվող զորավարժությունները և կազմակերպչական ի՞նչ խնդիրներ պետք է լուծել։

Նախորդ տարի ՊՆ-ի կազմակերպած պահեստազորի վարժանքներին առաջին փուլում մասնակցել է  շուրջ 2000, երկրորդում՝ մոտ 900 քաղաքացի։ Այս տարի հունվարի 15-ից ապրիլի 15-ն անցկացվող հավաքներին կներգրավվի 65 քաղաքացի։ Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի դիտարկմամբ՝ առաջին բանը, որ աչքի է զարնում այս որոշման մեջ, մասնակիցների թվաքանակի կտրուկ նվազումն է․

«Շատ սահմանափակ է նախորդի համեմատ։ Ինչո՞ւ է սահմանափակ, դա էլ հարց է։ Որքան հասկանում եմ՝ մարտական ծառայությունը սովորականից ավելին եղավ, այսինքն, շատերը հենց դիրքապահ ծառայություն էին իրականացնում։ Դա, ի սկզբանե, հայտարարության մեջ երկրորդ պլան մղվեց, այսինքն, ասում էին՝ անհրաժեշտության դեպքում կտանենք դիրքապահող ծառայության, բայց ինչքան հասկացանք՝ ավելի շատ հենց դա է անհրաժեշտ եղել, քան սովորելը»։

Պահեստազորի եռամսյա վերապատրաստման ամենամեծ խնդիրը տնտեսական բնույթ ունի։ Պաշտպանության նախարարությունը նախորդ հավաքների ժամանակ հայտարարել էր, որ մասնակիցները կարող են ներգրավվել նաև մարտական հերթապահության մեջ, ինչի համար  կստանան ամսական աշխատավարձ՝ կախված զինվորական կոչումից։ Ռազմական փորձագետի խոսքով՝ թեև իր տեղեկություններով նախորդ հավաքներից հետո մասնակիցներին վճարել են, այդուհանդերձ, կազմակերպչական որոշակի խնդիրներ դեռևս կան․

«Որքան հաջողվել է բաց աղբյուրներից և մարդկանց հետ զրուցելիս հասկանալ, այնուհանդերձ, վճարվել են մարդիկ, և վատ չեն վճարվել հայաստանյան պայմաններում։ Պետք է մի քիչ ճկուն միջոցառումներ ձեռնարկել․ օրինակ՝ մարդկանց օրը մեկ կանչել, իրենց բնակավայրի կամ աշխատավայրի մոտ անցնեն այդ դասընթացը, եթե դասընթացային ձևաչափով է։ Իսկ եթե մարտական ծառայության են տանում, իմ ասածը, բնականաբար, չի լինի։ Նախապես պետք է մարդկանց զգուշացնել, որ իրենց տնտեսական պլանները կազմեն։  Օրինակ՝ մարդը վարկ է վերցրել, և մոտակա չորս ամսում այլ գործունեություն պիտի ծավալի, մեկ էլ հոպ՝ ու չորս ամսից երեք ամիսը ինքը գնաց ծառայելու։ Բա իր վարկն ո՞վ է սպասարկելու»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը հիշեցնում է՝ նման հավաքների անհարժեշտություն առաջացավ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ պարզվեց, որ պահեստազորի հետ աշխատանքը ցածր մակարդակի վրա է։ Սողացող պատերազմի և հնարավոր նոր զարգացումների, ռիսկերի գոտում պետք է հատուկ ուշադրություն դարձնել պահեստազորի աշխատանքին։ Բադալյանն ասում է․

«Պետք է հաշվի առնենք սպառնալիքների և ներուժի հարաբերակցությունը։ Մենք պարտավոր ենք մեր պահեստազորն այնպիսի վիճակում պահել, որ կարողանա ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում բավականին արագ, կազմակերպված աջակցություն ցուցաբերել գործող բանակին»։

Հավաքների նպատակն, ըստ որոշման հիմնավորման, «ՀՀ ԶՈՒ բժշկական ծառայության պատշաճ կազմակերպումը և ինժեներական ապահովման կատարելագործումն է»: Որոշման մեջ նշված է, որ վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավելու են մինչև 45 միավոր տրանս­պորտային միջոց: Ըստ ռազմական փորձագետի՝ պատերազմի ընթացքում մարդուժի ներգրավման հետ կապված առավել մեծ խնդիրներ են եղել, քան տրանսպորտային միջոցների։ Սակայն, սա չի նշանակում, թե տրանսպորտային միջոցների ներգրավումը խնդրահարույց չէ։ Հետխորհրդային Հայաստանում պետությունը տրանսպորտային միջոցներ է ներգրավում մասնավորից, տեխնիկայի վնասման պարագայում ենթադրվում է փոխատուցում մասնավորին։ Ռազմական փորձագետի կարծիքով, այս հարցում նախընտրելի է, որ պետությունը ընդհանրապես քաղաքացիների հույսին չմնա։ Մհեր Հակոբյան․

«Մենք զգալի քանակով տեխնիկա ունենք, որը մասնավորի ձեռքում է։ Ես դեպքեր գիտեմ, որ մարդու մեքենան՝ կամազը, տարել են, և վնասվել է։ Նյութական կորուստ է կրել այդ մարդը, այսինքն, իր ապրուստի միջոցն էր այդ կամազը, բայց հիմա վնասված շարժիչով կանգնած է։ Հիմա այդ մարդը խնդիր ունի, հո իր միջոցներից չի՞ վերականգնի։ Չգիտեմ՝ այդ մասը ոնց են անելու, բայց  լրջորեն պետք է այս պահն էլ հաշվի առնեն։ Եթե մասնավոր սեփականություն ես վերցնում, պետք է պատրաստ լինես այդ թվում և այդ սեփականության շուկայական՝ 100 տոկոսի գնով, մարդուն փոխատուցել»։ 

Որքանո՞վ են արդյունավետ նման հավաքները․ ռազմական փորձագետի դիտարկմամբ՝ կախված է նրանից, թե ինչով են զբաղվում հավաքների ընթացքում։ Արդյո՞ք ավելանում են մասնակիցների գիտելիքները, թե՞ բավարարվում են շարային պատրաստություն անցկացնելով։ Հակոբյանի գնահատմամբ՝ նման հավաքները անհրաժեշտ են, սակայն բավարար չեն բանակը վերափոխելու համար։ Այստեղ, ըստ փորձագետի, բոլոր խնդիրները վերհանող ու լուծումներ տվող փոփոխությունների կարիք կա։

Ցուցադրել ավելի
Back to top button