ԿարևորՀասարակություն

Ազգային ավիափոխադրողը թռիչքի դուրս կգա գարնան վերջին․ շուկայում ակնկալվում է ավիատոմսերի էժանացում

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ն նախատեսում է կանոնավոր չվերթերը սկսել  արդեն 2022-ի գարնան վերջից։ Մայիսին կավարտվեն իրավական ու փաստաթղթային աշխատանքները, որից հետո հնարավոր կլինի հայտնել կոնկրետ ուղղությունների մասին՝ հայտարարել է «Էյր Արաբիա»  խմբի գործադիր տնօրեն Ադել Ալին՝ «Ֆլայ Արնա»-ի ապրանքանիշի շնորհանդեսին: Ավիաընկերության ներկայացուցիչները վստահեցրել են՝ սկզբնական փուլում կձևավորվի մի քանի հարյուր աշխատատեղ։ Երբ արդեն թռիչքների ուղղություններն ավելանան ու նոր ինքնաթիռներ ներգրավվեն, աշխատատեղերը կարող են ավելանալ։ Իսկ փորձագիտական դաշտում առաջիկայում ավիատոմսերի գների նվազում են ակնկալում։

Ստեղծել մրցունակ տնտեսական միավոր՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) տնօրեն Դավիթ Փափազյանն ասում է՝ հենց սա էր նպատակը, երբ ազգային ավիափոխադրող ընկերություն էին ուզում ստեղծել։  Դա պետք է նաև այնպիսի ընկերություն լիներ, որը Հայաստանը զբոսաշրջային միջազգային քարտեզի  վրա ավելի գրավիչ կդարձներ։ Նոր ավիաընկերության ստեղծման ծրագրի մասին հայտնի դարձավ նախորդ հուլիսին, երբ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն ու արաբական Շարժայում բազավորվող «Air Arabia» բյուջետային՝ լոուքոսթեր ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին համաձայնագիր ստորագրեցին: Նորաստեղծ ընկերությունն աշխատելու է «Air Arabia»-ի բյուջետային բիզնես մոդելով, այսինքն՝ լինելու է հայկական լոուքոսթեր ավիափոխադրող (ուղեւորներին ցածր գներ առաջարկող, փոխարենը՝ ոչ ամբողջական ծառայություններ մատուցող:

Հայկական ավիաընկերությունն արդեն ստեղծվել է, բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ է ծրագիրն իրականացվում օտարերկրյա ընկերության՝ Air Arabia-ի հետ։ Հարցի պատասխանը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանն ունի․ «Որովհետև մեր գործընկերն ունի կենսունակ մոդելի տարիների հաջողված փորձ, դա «Fly Arna» -ի հաջողության գրավականներից մեկն է»։

Ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ն թռիչքները նախատեսում է սկսել  այս գարնան վերջից։  Գործընկեր Air Arabia-ի գլխավոր տնօրեն Ադել Ալ Ալիի խոսքով՝ մայիսին կավարտվեն իրավական ու փաստաթղթային աշխատանքները, որից հետո կխոսեն  կոնկրետ ուղղությունների մասին: Իսկ բոլոր ինքնաթիռները, որոնք կօգտագործվեն ավիաընկերության կողմից, կգրանցվեն Հայաստանում։

«Աշխատանքներ են տարվում։ Կենտրոնական Ասիա, Ռուսաստան, Մերձավոր Արևելք,  ԵՄ երկրներ թռիչքներ իրականացնելը մեր բիզնես պլանի մեջ է, բայց ոչ անմիջական։  Հընթացս նախ և առաջ պետք է  փորձենք ստանալ մեր հավաստագիրը։ Ցանկացած ավիափոխադրող դիմում է այլ երկրի, ստանում թույլտվություն, բացում երթուղի։ Հետևաբար այս տեսանկյունից հստակ երթուղային առումով  պատասխաններ տալ չեմ կարող տալ։ Բայց ինչքան մոտենանք մեր պլանի բաժիններին, այդքան ավելի պարզ կպատկերացնենք, թե ինչ խնդրի հետ գործ ունենք։  Ամենայն հավանականությամբ թռիչքները կիրականացվեն Air Arabia ավիաընկերությունից վարձակալված Airbus A-320 2 օդանավով, սակայն չի բացառվում, որ շահագործվեն նաև այլ օդանավեր»:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) տնօրեն Դավիթ Փափազյանը հիշեցնում է՝ հայկական կողմը կունենա բաժնետոմսերի 51%-ը, ներդրողը՝ 49 %-ը։  Նա հույս ունի, որ շուկայում կլինեն նաև այլ ավիաընկերություններ, ինչը կհանգեցնի առողջ մրցակցության ու քաղաքացիների համար ճանապարհորդության շահավետ պայմանների: Մտահոգ դիտարկումներին, թե հնարավո՞ր է ազգային ավիափոխադրողն ունենա պետության հատուկ աջակցությունը, ինչն անհավասար պայմաններ ստեղծի այլ ավիաընկերությունների հանդեպ, Փափազյանն արձագանքում է

«Ընդհանրապես սուբսիդավորման մասին խոսք չի գնում, ոչ մի տեսքով չի լինի՝ հարկային կամ ինչ-որ այլ տարբերակով քաղաքականության հատուկ փափկեցում  «Fly Arna» –ի համար։ Մենք համարում ենք, որ սխալ կլիներ մրցակցությանը խանգարել՝ պետությունից ստանալով ինչ-ինչ սուբսիդիաներ։ Պետական մասնակցության միակ աղբյուրը  բոլոր առումներով  ֆինանսավորումն է»։

Ազգային ավիափոխադրողը, որն արդեն առաջիկա ամիսներին կհստակեցնի իր ուղղություններն ու գները, սկզբնական փուլում կձևավորի մի քանի հարյուր աշխատատեղ։ Ուղղությունների ավելացմանն ու նոր ինքնաթիռների շահագործմանը զուգահեռ աշխատատեղերն էլ կավելանան։

Երկրին ազգային ավիաընկերություն պետք է․ նախաձեռնությունը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում դրական է գնահատում ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը։ Նկատում է՝աշխարհի քիչ պետություններ կան, որ չունեն նման փոխադրող։ Բայց այստեղ նաեւ շատ կարեւոր է, որ աշխատանքի ընդունվեն հենց հայ մասնագետները։ Մենք մասնագետների մեծ, սակայն այսօր չաշխատող թիմ ունենք.

«Հայկական կադրերը կսկսեն աշխատեցնել օդանավերը, կիրականացնեն տեխնիկական սպասարկումը, ապահովագրությունը»։

Ազգային ավիափոխադրողի ներկայությունն ինչպե՞ս կփոխի ավիատոմսերի գները։ Առաջիկայում պետք է ավիատոմսերի գների նվազման սպասել՝ կարծում է Խաչատրյանը, թեեւ կանխատեսումներ անելը դեռ վաղ է համարում։

«Միանշանակ կբերի գների իջեցման։ Եթե դու քո երկրի ներսում ավիաընկերություն չես ստեղծում, թողնում ես, որ դրսի ավիաընկերություններն առանց միմյանց հետ մրցակցելու թռչեն Երևան, դրանով նաեւ ոչ ճիշտ մրցակցության միջավայր է ստեղծվում։ Օրինակ՝  երկու ռուսական ավիափոխադրող կարող են պայմանավորվել ու իրենց գինը թելադրել։ Սակայն երբ կա հայկական փոխադրող, հատկապես՝ ազգային,  չի բացառվում, որ  նման քայլի դիմեն, բայց դրա կողքին պետք է հասկանան, որ պետությունն ուշիուշով հետևելու է ու չի թողնելու ոչ ճիշտ մրցակցություն»։

Ավիատոմսերի գների նվազումն ուղիղ գծով կապվում է  մրցակցության հետ։ Համավարակից ու սահմանափակումներից հետո հայկական ավիացիոն շուկայում նոր ավիաընկերություններ ու նոր  ուղղություններ ավելացան։ Թռիչքներն իրականացվում են ոչ միայն Զվարթնոց, այլ նաև Շիրակ օդանավակայաններից։

Ցուցադրել ավելի
Back to top button