ԿարևորՔաղաքական

Ռազմական սադրանքներից՝ դիվանագիտական սադրանքներ․ Ալիևը հեգնում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը

Տասնամյակներ ընթացող  բանակցային գործընթացում Ադրբեջանը մշտապես և հետևողականորեն  տապալել է ԵԱՀԿ ՄԽ միջնորդական գրեթե  բոլոր ջանքերը։ Պատերազմից հետո, երբ միջազգային հանրությունը խոսում  է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում բանակցությունները շուտափույթ վերականգնելու մասին, Ադրբեջանն ընդգծված արհամարհական կեցվածք է դրսևորում այդ կառույցի հանդեպ։

Հայ-ադրբեջանական շփման գծում ռազմական սադրանքից հետո Ադրբեջանն արդեն միջազգային հարթակներում է դիմում  դիվանագիտական սադրանքի՝ հեգնելով միջազգային կառույցին։ Մինսկի խումբն առայժմ չի արձագանքել Ալիևի հայտարարություններին։ Միջազգային հանրությունը, սակայն, հստակ դիրքորոշում է հայտնում ղարաբաղյան հակամարտության լուծման առնչությամբ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային միակ ձևաչափը՝ ԵԱՀԿ ՄԽ–ը,  սպառնալիք է ստացել Ադրբեջանից։ Այդ երկրի ղեկավարը ի լուր աշխարհի հայտարարել է՝ ադրբեջանական կողմը խոչընդոտելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Ալիևը փաստացի ձևակերպել  է այն  քաղաքականությունը, որն այդ երկիրը  վարել է  բանակցային սեղանի շուրջ տասնամյակների ընթացքում։ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ռադիոլուր»–ի հարցին ի պատասխան հորդորում է հասկանալ ոչ թե ինչ է ասում, այլ ինչու է ասում Ալիևը։  Շատ կարևոր են պատճառները՝ ասում է Եղոյանը՝ խնդիրը աշխարհաքաղաքական ավելի մեծ զարգացումների մեջ դիտարկելով։

«Այո, հիմա ինքը փորձում է դեմ գնալ ՄԽ համանախագահությանը։ Ակնհայտ է, որովհետև Թուրքիան տվել է այդ հնարավորությունը, այդ «դուխը» դեմ դուրս գալու, ինչպես Թուրքիան է ՄԽ համանախագահող երեք երկրների հետ էլ ունի պրոբլեմներ․ թե՛ Ամերիկայի, թե՛ Ֆրանսիայի, թե՛ Ռուսաստանի։ Եվ այո, Թուրքիան է Ադրբեջանի բերանում «լեզու դնում» ու դրդում հակա«մինսկիխմբյան» և հակա«հապկյան» հայտարարություններ անել։ Այս մեծ քարտեզի մեջ է պետք սա հասկանալ»։  

Վերլուծաբանները տարբեր պատճառներ են նշում, թե ինչն է ստիում Ալիևին սադրանքների դիմել ոչ միայն հայ–ադրբեջանական շփման գծի երկայնքով, այլև միջազգային դիվանագիտական հարթակներում։ Ալիևի հերթական սադրանքն ուղղված է միջազգային կառույցներին, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ–ի և ՀԱՊԿ–ի մասին խոսելիս  թույլ է տվել արհամարհական և հեգնական արտահայտություններ, ինչն առաջին անգամ չէ, որ անում է։  Պատերազմից անմիջապես հետո Բաքու ժամանած ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Ալիևը բացահայտ ասել էր, որ չի հրավիրել իրենց, իսկ մեկ ամիս առաջ Շվեդիայում Ադրբեջանի արտգործնախարարը հրաժարվել էր  հանդիպել Հայաստանի արտգործնախարարի հետ։ Այդ հանդիպումը պետք է կայանար ԵԱՀԿ հովանու ներքո։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, իրանագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի ներկայացմամբ.

«Ալիևին թվում է, թե ինքը այլևս ոչ մի բան չի զիջելու, դրա համար էլ ամեն կերպ խուսափում է ՄԽ համանախագահության ներքո անցկացվող հանդիպումներից։ Ալիևը դեռ տաք է, դեռ հաղթանակի էյֆորիայի մեջ է գտնվում և կարծում է, թե հարցն ընդհանրապես «թաղվել» է։ Բայց հարցը չի «թաղվել», և այդ հարցը մի օր էլի վեր է բարձրանալու։ ԵԱՀԿ ՄԽ երկու երկիր՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան արդեն իսկ բացահայտ հայտարարել են, որ ղարաբղյան հակամարտությունը լուծված չէ և կարգավիճակի հարցը դեռ պետք է լուծվի։ այդ մասին նաև ԵՄ որոշ երկրներ են ասել, ի տարբերություն Ռուսաստանի, որը կարծում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել հեռավոր ապագային։ Իհարկե, կարգավիճակի հարցով ակնհայտ է, որ այս պահին չենք կարող մեզ համար ձեռնտու լուծումներ պարտադրել Ադրբեջանին, բայց կան հարցեր, որոնցով ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է և պետք է զբաղվի և այդ հարցում մեր դիվանագիտությունը անելիք ունի»։  

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն՝ ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի հատուկ նիստում ներկայացնելով ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության 2022 թվականի ծրագիրը, ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն պետք է ուժեղացնի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Իր խոսքում Ռաուն նշել է․

«Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք պետք է վերականգնենք և ուժեղացնենք մեր ջանքերը՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը և տարածաշրջանում բարգավաճ զարգացմանը։ ԵԱՀԿ-ն հաստատակամ է՝ օգնելու մեղմացնել առկա հակասությունները՝ միևնույն ժամանակ լիովին հարգելով տարբեր տեսակետներ՝ պայմանով որ բոլոր շահագրգիռ կողմերը բարեխղճորեն մոտենան երկխոսությանը»։

ԵԱՀԿ գործող նախագահը շեշտել է մարդու իրավունքներին, ազատության և ժողովրդավարության արժեքներին հավատարմության կարևորությունը, և նշել ռազմական միջոցների կիրառման սպառնալիքների անթույլատրելիությունը։

Մինչդեռ Ալիևը առանց կաշկանդվելու խոսել է նաև հնարավոր երրորդ պատերազմի մասին, հայտարարել, որ չեն վախենում դրանից։ Այս «խրոխտ» կեցվածքում, սակայն, վերլուծաբանները նկատում են Ալիևի իրական վախերը։ Աչքի առաջ ունի ղազախական դեպքերը։

Արման Եղոյան․«Ադրբեջանում ակնհայտորեն թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմից հետո կան որոշակի ներքաղաքական հարցեր։ Պատերազմը ինքնին նաև այդ ներքաղաքական խնդիրները լուծելու գործիք է։ Այնպես չէ, որ պատերազմի արդյունքները որպես իդեալական լուծում հիմա ընդունվում են Ադրբեջանի հասարակության կամ իրենց քաղաքական ՝լիտայի մեծամասնության կողմից։ Ոչ։ Ադրբեջանում շատ հարցեր կան իրենց նախագահին ուղղված, թե ինչու այսպես ստացվեց, ինչու այնպես ստացվեց, և ինքը պետք է այդ հարցերին պատասխանի։ Դուք գիտեք, թե այնտեղ ինչ ուժեղ կլանային պայքար կարող է ծավալվել, և ինքը հիմա փորձում է այս հաղթանակը ինչքան հնարավոր շէտ կապիտալիզացնել՝ մի օր օդանավակայան է բացում, մի օր ճանապարհ է բացում, մի օր խոսում է միջանցքից, մի օր ասում է հարցը փակված է։ Բա եթե հարցը փակված է, ՄԽ համանախագահող երկրները ինչո՞ւ են հանդես գալիս նրա կարգավիճակի մասին հայտարարությունով, բանակիցությունները շարունակելու անհրաժեշտության մասին հայտարարություններով»։

Ալիևի հայտարարություններին զուգահեռ Հայաստանի վարչապետը կրկին խոսել է «խաղաղության դարաշրջան» բացելու մասին՝ միաժամանակ շեշտելով երկրի պաշտպանունակության բարձրացման հարցը։

«Կառավարության ծրագրում արտահայտված է՝ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է, բայց նաև մյուս կողմից ասել եմ, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ձևավորվի կայուն և անվտանգ միջավայր և սա մեր քաղաքական ամենակարևոր անելիքն է և մենք այս օրակարգը հետևողականորեն առաջ ենք մղելու»։  

Երրորդ պատերազմի հավականությունը այս պահին վերլուծաբան Արմեն Վարդանյանի գնահատմամբ՝ մեծ չէ։ Պատերազմական կորուստները մեծ էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։ Բայց կիսատ մնացած հարցերը  լուծելու ցանկություն նա տեսնում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում։ Եթե բանակցային փուլը չի բացվում, վերլուծաբանը հորդորում է դիվանագետներին ակտիվ աշխատել, իսկ այդ ընթացքում զարգացնել երկիրը, քանի որ քաղաքագետի պնդմամբ՝ Ադրբեջանը հաշվի է նստելու բացառապես ուժեղ Հայաստանի հետ։ Ասում է՝ միայն այդ պայմաններում Հայաստանը կարող է որոշակի լուծումներ պարտադրել։  

Back to top button