ԿարևորՔաղաքական

Գործո՞ւմ է Հայաստան-Ադրբեջան «թեժ» գիծը․ սահմանին հետաքննության առաջարկները Բաքուն պարբերաբար տապալում է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ողջ ընթացքում պարբերաբար առաջարկվել են հետաքննության մեխանիզմներ, որոնք կարող էին սահմանային լարվածության դեպքերում հստակ փաստել՝ ով առաջինը կրակեց, հակամարտության որ կողմն է սադրում։

Մինչդեռ այսօր այդ մեխանիզմներից որևէ մեկը չի գործում, քանի որ պաշտոնական Բաքուն այդ փորձերը պարբերաբար տապալել է։ Վերջին մեկ տարում հետաքննության մեխանիզմների մի քանի նոր առաջարկ հնչեց, բայց կրկին տեղաշարժ չկա։

Ո՞վ է առաջինը խախտում հրադադարը և ո՞վ է սադրում սահմանին, ինչի հետևանքով շարունակ զոհեր են լինում երկու կողմում էլ։ Հայ-ադրբեջանական շփման գծին առնչվող այս հարցերը հիմնականում անպատասխան են մնում իհարկե ոչ հայկական կողմի, այլ որոշ դեպքերում միջազգային հանրության համար, որոնց ադրբեջանական կողմը պարտադիր մատուցում է իր «իրականությունը։

Խնդիրն այն է, որ սահմանային լարվածության կամ միջադեպերի դեպքում   միջազգային կառույցների՝ կրակի դադարեցման կոչերն օրինաչափորեն ուղղվում են երկու կողմերին՝ և Հայաստանին, և Ադրբեջանին, այդպիսով, փաստացի, հավասարության նշան դնելով սադրող և սեփական սահմանները պաշտպանող կողմերի միջև։

Սահմանային իրավիճակի մոնիթորինգի նպատակով միջազգային միջնորդները և շահագրգիռ երկրները պարբերաբար փորձել են հետաքննության  մեխանիզմներ ներդնել կամ աջակցել դրանց ներդրման հարցում՝ սկսած դիտորդական առաքելություններից, վերջացրած սահմանին տեսախցիկների տեղադրմամբ։    Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասում է՝ առաջարկված տարբերակները կյանքի կոչելը բավականին բարդ է, ու հավանական չէ առաջիկայում ակնկալել նման ձևաչափով մոնիթորինգային աշխատանք․

«Մենք ունենք սահմանային դիտարկման մեխանիզմներ, սակայն դրանք միտված չեն կամ ի սկզբանե նպատակ չեն ունեցել ծառայելու սահմանային մոնիթորինգային աշխատանքին։ Դա մի փոքր բարդ է, որովհետև և մոնիթորինգային աշխատանքները, և, ընդհանրապես, տեսանկարահանող սարքերով աշխատանքները ճիշտ իրավիճակային պատկեր չեն ստեղծում, և հնարավոր չէ նույնականացնել, թե որ կողմից է եղել կրակը, կամ ինչ է եղել»։

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն օրերս հարց էր բարձրացրել՝ ինչու սահմանային լարումը թուլացնելու համար չի օգտագործվում այն մեխանիզմը, որը ստեղծվեց ԵՄ հովանու ներքո 2021 թվականի նոյեմբերին։ Նա նկատի ունի Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ստեղծված թեժ գիծը և կողմերին հորդորում է ամբողջությամբ օգտագործել այդ մեխանիզմը՝ էսկալացիան թուլացնելու համար։ Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նկատում է՝  այսպես կոչված «թեժ գծի մեխանիզմը» չի գործում, եթե գործեր, արդյունքը կտեսնեինք․

«Եթե տեղի է ունենում լարվածություն սահմանին, տեղի են ունենում ռազմական բախումներ, սադրանքներ և դրանց արձագանքում են ռուս խաղաղապահները, իրենք են իրականացնում միջնորդական առաքելություն, որպեսզի կրակը դադարեցվի և այլն, նշանակում է, որ իրականում թեժ գիծը չի աշխատում»։

Իսկ իշխանական պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պնդում է, որ այդքան հեշտ չէ «թեժ գծի գործիքի» կիրառումը, քանի որ գործ ունենք Ադրբեջանի նման երկրի հետ։ Բայց ներկա պահին, ասում է, իրավիճակը կառավարելի է։ ԵՄ հատուկ ներկայացուցչի հայտարարությունից ելնելով՝ Արման Եղոյանից փորձեցինք ճշտել՝ վերջիվերջո, գործո՞ւմ են «թեժ գիծը» և ուղիղ կապը Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև․

«Իսկ ո՞վ է ասել, որ չի օգտագործվում, սկսենք այդտեղից։ Դա մեկ։ Տեսեք, մենք հիմա ունենք սահմանային այսինչ աստիճանի լարում, բայց այդ լարումը կարող է աճել ու նվազել՝ կախված բազմաթիվ հանգամանքներից՝ աշխարհաքաղաքական ու միջազգային գործընթացներից։ Օրինակ՝ 2022 թվականի հունվարի 11-ի բախումից հետո եկավ մի կետ, որից լարումը նվազեց, չէ՞։ Հիմա լարումը կարող է լինել ավելի շատ ու կարող է ընդհանրապես չլինել։ Այսինքն՝ այդպես չէ, որ թեժ գիծն ուղղակի օգտագործում ես, ու լարումն անցնում է։ Դա քաղաքական ու միջպետական մակարդակում լուծվող հարց է»։

Սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրում և մոնիթորինգային խմբի հնարավորությունների ընդլայնում․ ահա այն երկու հիմնական կետերը, որոնք հայկական կողմը շեշտադրել էր հայ-ադրբեջանական բանակցություններում հատկապես ապրիլյան պատերազմից հետո՝ ասում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի քարոզչական հարցերի մասնագետ Կարեն Վրթանեսյանը։ Իսկ հստակ ի՞նչ մեխանիզմների մասին է գնում խոսքը, որոնք տարիներ շարունակ առաջարկվել են՝ փորձելով դրանց ներդրմամբ սահմանային իրական վիճակի մասին ապացույցներ հավաքել և ներկայացնել դրանք միջազգային հանրությանը․

«Մեխանիզմները հետևյալն էին՝ սկսած, օրինակ, ձայնային դատչիկներից, որոնք կարող են որոշել, թե որ կողմից եկավ կրակոցը, վերջացրած տեսախցիկներով, առավել խնդրահարույց հատվածներում կենդանի մարդկանց՝ դիտորդների տեղակայմամբ»։

2021-ի հուլիսի 29-ին կառավարության նիստին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ լինելով ՀԱՊԿ անդամ, Հայաստանը հասկանում է դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը և պաշտոնապես բացառելով Հայաստանի զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն՝ առաջարկում հետևյալը․

«Կարծում եմ, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿի գործունեության իրավակարգավորումներով: ՀԱՊԿի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»:

Հայկական կողմը պաշտոնապես առաջարկել է նաև զորքերի հայելային հետքաշման տարբերակը։ Դրա կողքին իր առաջարկն ունի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ որոշակի վերապահումներով արձագանքելով հայելային հետքաշման տարբերակին։ Թաթոյանը շեշտում է՝ շփման գիծը որոշ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների ու հողերի միջով։ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել էր անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծել մոտ 10 կմ լայնությամբ։ Ի՞նչ է սա իրենից ենթադրում, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն է բացատրում․

«Տեսեք, իրականում ապառազմականացման գոտին նույն «հայելային» տարբերակի մոդեռնացված տեսակն է։ Այսինքն՝ որոշակի տարածքում (կիլոմետրերով) զորքերը դուրս են բերվում, և այդտեղ տեղակայվում են դիտարկվող խմբեր, խմբավորումներ, որոնք գործունեություն են իրականացնում։ Եվ հաջորդը՝ դուրս է բերվում ծանր զինտեխնիկան, հրետանին և այլն, ու մնում են երկու կողմերից սահմանապահ ուժեր, որոնք իրականացնում են ծառայություն»։

Ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տասնամյակների փորձերի ընթացքում ադրբեջանական ագրեսիան կանխելու ու միջազգային հանրությանը ճիշտ տեղեկատվություն հասցնելու նպատակով  պարբերաբար առաջարկվել է սահմանային մոնիթորինգի և հետաքննության տարատեսակ մեխանիզմներ ներդնել, կիրառել, սակայն դրանք տապալվել են փաստացի պաշտոնական Բաքվի կողմից։ Դրա հետևանքով միջազգային կառույցներն առայժմ սահմանային միջադեպերը դիտարկում են «հայելային» էֆեկտով՝ հավասարության նշան դնելով թե սադրող, թե սեփական սահմաները պաշտպանել փորձող կողմերի միջև։

Back to top button