ԿարևորՀասարակություն

Մեծ ծուղակ՝ մեծ բիզնեսի անվան տակ․ բացահայտվել է խաբեության հերթական դեպքը

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  ուշագրավ հանգամանքներ  են բացահայտվել  քողարկված ֆինանսական բուրգի մասին, որի ծուղակում են հայտնվել  Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ։  Մասնավորապես պարզվել է, որ 2013թ-ից Իրանի տարածքում հիմնված և Միացյալ Թագավորությունում «Vodanet British LTD» կազմակերպության հաշվառմամբ քողարկված ընկերությունը  Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2016 թվականից, գործել է Իրանի, Կանադայի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների հանցավոր համաձայնությամբ: Հարուցվել  է քրեական գործ։ Մեղադրանք է առաջադրվել «VODA» և «Onyxum» անվանումներով գործող ֆինանսական բուրգը  համակարգող 11 անդամների։

Շքեղ գրասենյակներ, թանկարժեք մեքենաներ, հմայիչ և ճարպիկ աշխատակիցներ, մուտքի մոտ՝ անվտանգության աշխատակիցներ, տպավորիչ կայք.  կարևոր նախապայմաններ են  պոտենցիալ «զոհի» վրա լուրջ տպավորություն թողնելու համար։ Այլ կերպ ՝ օգտագործվում են հնարավոր բոլոր միջոցները հաճախորդներին «թակարդը» գցելու համար։ Դե իսկ առաջին տպավորությունը գործելուց հետո ընկերության աշխատակիցները մանրամասն ներկայացնում են իրենց  գործունեության հիմնական ուղղությունները. հանգստանալ ցանկացողներին առաջարկվում են գրավիչ պայմաններով տուրիստական փաթեթներ՝  հաճախորդներին դարձնելով «մեծ թիմի» անդամ և «շատ» շահավետ բիզնեսի մասնակից։

Իրականում սա հին և բարի ֆինանսական բուրգի դասական մեթոդն է՝ նորացված տարբերակով, որից ընկերությունը ոչ թե ՝ 5% կամ 10% շահույթ, այլ գերշահույթներ է ստանում։ Որքան շատ մարդ է ներգրավվում գործընթացի մեջ, այնքան ավելի երկար կյանք է ունենում տվյալ ընկերությունը։ Խոսքն այս դեպքում մեծ աղմուկ հանած «Onyxum» ընկերության մասին է, որի խաբեության ու մեքենայությունների զոհ են դարձել Հայաստանի արդեն հազարավոր քաղաքացիներ: Նրանցից մի քանիսի փաստաբան Ծովինար Բալայանը «Ռադիոլուր»-ին որոշ մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես են  իր պաշտպանյալները թվացյալ բիզնեսի ծուղակում հայտնվել։

«Հիմնականում Օնիքսումի աշխատակիցները ներգրավվում են ծանոթների, բարեկամների, ընկերների միջոցով։ Իրենց շրջապատի մարդկանց ասում են, որ կա այսպիսի ընկերություն, որը տուրիստների փաթեթեների վաճառքով է զբաղվում։ Որպեսզի անձը ներգրավվի այդ խմբում, պետք է ձեռք բերի որևէ հյուրանոցի ամրագրում»։

Ծովինար Բալայանի փոխանցմամբ՝ կան տեղեկություններ, որ այս ընկերությունն, այսպես ասենք, իր «աշխատակիցների» միջոցով, գումարներ է հավաքագրել բազմաթիվ քաղաքացիներից՝ հանգստի անվան տակ հյուրանոցներ ամրագրելու նպատակով, որևէ ծառայություն չի մատուցել ու հրաժարվել է վերադարձնել գումարը։

«Ինձ դիմած անձանցից մեկը 490 դոլար արժեքով փաթեթ է վերցրել։ Անձը վճարել է, բայց քանի որ կորոնավիրուսի պատճառով սահմանափակումներ են գործել,  մեկնել չի կարողացել։ Նրա փաթեթի ժամկետը լրանում էր 2020-ի օգոստոսին, չի կարողացել գնալ, խնդրել է վերադարձնել գումարը, սակայն նրանք արգելափակել են տվյալ օգտատիրոջը»։

Փաստաբանն ասում է, որ ընկերության գրասենյակները պարբերաբար փոխվում են, իսկ որպես հիմնական Կանադայում ինչ-որ հասցե է նշվում:

«Պռոշյանի վրա էր հիմնական մասնաճյուղը։ Փակվեց, ընկերությունը տեղափոխվեց այլ հասցե այլ անվան ներքո՝ նախկինի հետքերը ջնջելով, նոր ընկերության անվամբ հադես գալով։ Բայց իրականում խոսքը նույն շղթայի մասին է»։

Ինչպես հայտնի ժողովրդական խոսքն է ասում՝ ստի կյանքը 40 օր է։ Խաբեությունը բացահայտվել  է, հարուցվել է քրեական գործ։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյան. «Հավանական քրեական պատասխանատվությունից, ինչպես նաև նյութական վնասներ կրելուց խուսափելու անհրաժեշտությամբ պայմանավորված քննչական կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին ձեռնպահ մնալ  «Օնիքսիում» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի հանցավոր խմբի անդամներին որևէ աջակցություն ցուցաբերելուց և բիզնեսի նպատակով  գույքային միջոցներ ներդնելուց»։

Հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ նախկինում  «VODA» անվանմամբ հանդես եկող հանցավոր խմբի ղեկավարները նոր անձանց  ներգրավելու նպատակով  փուլային դասընթացների պատրվակով հավաքագրել և ընդգրկել են բազմաթիվ քաղաքացիների՝ վերջիններին ստիպելով հաշվառվել «voda.net», «vodanet.io» ցանցային հարթակներում և ամրագրել  450–ից մինչև 21 հազար դոլար արժեքով հյուրանոցային թվացյալ  փաթեթներ։ Դրանք  ներկայացվել են որպես երաշխավորված ներդրումներ՝ ընկերության կազմում գործելու թույլտվության դիմաց։ Ընկերությունն, ի դեպ,  Հայաստանում արդեն մի քանի տարվա պատմություն ունի։ Նույնիսկ շքեղ միջոցառումներ է կազմակերպել իր  գործունեությունը գովազդելու նպատակով։

«Այս կազմակերպությունը Երևանում մեծ փարթիներ է կազմակերպել, շոու-բիզնեսի մարդկանց են հրավիրել, բերել իրար հետ ծանոթացրել, նրանք էլ մտածել են՝ հարուստ և մեծ կազմակերպության հետ գործ ունեն»։ 

Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ բավարար ապացույցների հիմքով մեղադրանք է առաջադրվել «VODA» և «Onyxum» անվանումներով ֆինանսական բուրգը համակարգող 11 անդամների: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ հանցավոր մեխանիզմում ընդգրկված անձանց ամբողջ շրջանակը պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Թե իրականում ինչ գործունեություն է ծավալում «Օնիքսիում»-ը,  փորձեցինք պարզել նաև հենց ընկերության ներկայացուցիչներից։  Նախ՝ մեզ հավաստիացրին, որ գործում են օրինական դաշտում և ընկերությանն ուղղված մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում, ապա խոստացան պարզաբանումներ տալ, բայց ոչ՝ հեռախոսային զրույցով, իսկ ավելի ուշ տեղեկացրին, որ մեր հարցերին կարող են պատասխանել միայն կազմակերպության իրավաբանները, բայց նրանք էլ  նպատակահարմար չեն համարում։

Back to top button