ԿարևորՀասարակություն

Բյուջեի հաշվին՝ հանուն արտահանողի․ փոքր և միջին ձեռնարկատերերի՝ մինչև 1 մլն դրամի արտահանումը մաքսավճարից կազատվի

Կառավարության որոշմամբ՝  այսուհետ մինչև մեկ միլիոն դրամը կամ նույնքան եվրոն  չգերազանցելու դեպքում արտահանողները մաքսավճար չեն վճարի։  Նոր կարգավորումը փոքր և միջին ձեռնարկատերերի համար է, եթե նրանք իրենց արտադրանքը մեկ փոխադրողով ուղարկում են մեկ ստացողի մեկ տրանսպորտային փաստաթղթով։  Փոփոխության նպատակն է պարզեցնել մաքսային գործընթացը, ավելացնել արտահանումը։  Նախագիծն էկոնոմիկայի նախարարությանն է,  նախարար Վահան Քերոբյանն է պարզաբանում․

 «Հանդիպել եմ «Մանթաշով» բիզնես-ակումբի անդամների հետ որոշ ժամանակ առաջ, որոնցից մեկը՝ «Volterman» դրամապանակի հիմնադիր Ազատ Թովմասյանը, հարց բարձրացրեց, որ իր դրամապանակների արտահանման մաքսատուրքն այնքան բարձր է, որ ստիպված են իրենց բիզնեսը Հայաստանից հանել։ Մենք ուսումնասիրեցինք և տեսանք, որ արտահանում իրականացնելիս սա լուրջ խոչընդոտ է փոքր, միջին ձեռնարկությունների համար, և պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ ենք առաջարկում»։   

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում «Volterman» դրամապանակի հիմնադիր Ազատ Թովմասյանը նշեց՝   իրենց արտադրանքի մեկ օրինակի օնլայն վաճառքի ժամանակ դրա արժեքը գերազանցում է 100 հազար դրամը։ Վաճառքի համար պահանջվում է մաքսային ձևակերպում,  ինչն  էլ իր հերթին ժամանակ և ֆինանս է խլում։  

Լուս․՝ Banks.am

«Ի՞նչ է իրենից ներկայացնում մաքսային ձևակերպումը  դա ոչ միայն այդ 7 500 դրամ պետական վճարն է, այլև ժամանակի հարց է։ Մաքսային ձևակերպման համար պետք է բրոկեր լինի, որ փաստաթղթերի ցանկ հավաքի, անգամ շատ աբսուրդի հասնող փաստաթղթերի ցանկ, որը տևում էր մեկից մինչև երկու շաբաթ, և այդ փաստաթղթերի ցանկը հավաքելու համար մոտավորապես 51 հազար դրամ էինք ծախսում ։ Այսինքն՝ պատկերացրեք, 100 հազար դրամ արժեցող մեկ ապրանք արտահանելու համար միայն հանրապետության ներսում այդ ապրանքի արտահանման թույլտվություն ունենալու համար ծախսում էիր 10 օր ու 50 հազար դրամ, հետևաբար Հայաստանից արտահանում կատարելն անհնարին էր լինում»։  

Նպատակը լավն է, միայն թե էկոնոմիկայի նախարարության առաջարկին առարկություններով է արձագանքում պետական եկամուտների կոմիտեն։ Դրա նախագահ Ռուստամ Բադասյանը մտահոգվում է՝ տնտեսվարողը կարող է չարաշահել այս հնարավորությունը, տրոհել բիզնեսը, վերաբաշխել միջոցները և արհեստականորեն անընդհատ արտոնությունից օգտվել։ ՊԵԿ-ում արտահանման խրախուսմանը կողմ են, միայն թե իրենց մեխանիզմն են առաջարկում։

«Եթե ուզում ենք ՓՄՁ-ների արտահանումը խրախուսել, կարող ենք իրականացնել թիրախային տնտեսական միջոցառումներ։ Այսինքն՝  եթե սուբյեկտն իմանա, որ ինքը մինչև մեկ միլիոն դրամի արտոնության տակ է, հնարավոր է՝ վերաբաշխում իրականացնի և ամեն փոխադրումն արհեստականորեն տեղավորի այս արտոնության տակ։ Դրա համար մեր կարծիքն այն էր, որ ճիշտ է ավելի թիրախային և պոստ-ֆակտում խրախուսել ՓՄՁ-ներին, քան նման փոփոխությամբ,  ինչը տարբեր չարաշահումների առիթ կարող է ստեղծել»։  

ՊԵԿ-ին իր հերթին ֆիննախն է արձագանքում, առարկում։ Ռիսկեր, այո, կան՝  նախարար Տիգրան Խաչատրյանն է հակադարձում, բայց առաջարկում է ընդունել փոփոխությունը։ Վերանայումներ կանեն, եթե զանգվածային խնդիրներ նկատեն։

«Այստեղ այն խնդիրն այն չէ, որ պետք է մտածենք․ ենթադրենք 10 հատ խմբաքանակը տրոհեցին, դարձրին 10 հատ մեկ միլիոն դրամանոց՝ 100 հազար դրամ խնայելու համար։ Շատ քիչ կպատահեն այդ դեպքերը, դրանք մասսայական չեն լինի, դրա համար նախարարական կոմիետում քննարկման ժամանակ էլ ասում էինք՝ կա նման ռիսկ։ Բայց եկեք այս որոշումը կայացնենք, գնանք առաջ։ Եթե մասսայական նման խնդիրների հետ գործ ունենանք, կքննարկենք։ Հակառակ դեպքում սա շատ կարևոր որոշում է, որ պետք է հիմա կայացնենք հատկապես էլեկտրոնային հարթակներով փոքր բիզնեսի արտահանման կարողություններն ընդլայնելու համար»։  

Արտահանումն ավելացնելը, այո, կառավարության համար առաջնահերթություն է, միայն թե վարչապետն էլ հարց ունի նոր կարգավորման մասով։ Եթե արտահանում ենք ուզում ավելացնել, ինչո՞ւ ենք որոշ դեպքերում մաքսավճարները բարձրացնում։

«Պարզվում է, որ մենք Հայաստանում ստեղծված, ամբողջ արտադրական ցիկլով անցնող արտադրանքի վրա արտահանման տուրք ենք սահմանում։ Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, եթե ուզում ենք արտահանումը խթանել՝ ինչո՞ւ ենք նման տուրքեր սահմանում»։

Գերակշիռ կողմերով որոշումն ընդունվեց։ Էկոնոմիկայի նախարարությունում վստահ են՝ եթե փոքր ու միջին ձեռնարկատերն իր մատչելի՝ մինչև 1 մլն դրամ արժեցող ապրանքն արտահանելիս մաքսատուրք չվճարի, կավելանան թե արտահանումը, թե մատակարարների թիվը։  

Ի՞նչ կարժենա այս փոփոխությունը պետության «գրպանին», և մոտավոր հաշվարկով՝ փոքր ու միջին քանի ձեռնարկատեր արտահանման արտոնություն կստանա։ ՊԵԿ-ն այս առումով ունի որոշ հաշվարկներ։  Միայն 2019 թվականին մինչև 107 հազար դրամ մաքսային արժեքով արտահանման գործարքները, ըստ ապրանքային հայտարագրերի, 2105-ն են։  Մինչև 1 մլն դրամ արժեքով գործարքները շուրջ 2000-ն են։ Արդեն 2020-ին մոտ 100 հազար դրամանոց ապրանքների արտահանումներն ավելացել են մոտ 50 տոկոսով, իսկ մինչև 1 մլն դրամանոց ապրանքների արտահանման գործարքները՝ մոտ 40 տոկոսով՝ գերազանցելով 2600-ը։

Բիզնեսին աջակցությունը պետբյուջեին էժան չի նստի։ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունը, էկոնոմիկայի նախարարի հաշվարկով, տարեկան 106 միլիոն դրամով կնվազեցնի բյուջեի մուտքերը։

Back to top button