ԿարևորՀասարակություն

Ամուսնության ու ամուսնալուծության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Երևանում և Գեղարքունիքում

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է անցած  տարվա առաջին 9 ամիսներն ու արձանագրել՝ ամուսնություններն ու ամուսնալուծությունները շատացել են։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Երևան քաղաքում։ Ամուսնալուծվում են անգամ 20 տարի միասին ապրող զույգերը։ Նրանք կազմում են ամուսնալուծությունների ընդհանուր թվի 32 տոկոսը։

«Կամ ես նրան կտանեմ ԶԱԳՍ, կամ նա ինձ՝ դատախազի մոտ»։ Սա՝ ֆիլմում, իսկ իրական կյանքում ինչո՞ւ են շատացել ապահարզանները։ Այստեղ ամուսնանում են, այնտեղ՝ բաժանվում։

2021թ-ի հունվար-նոյեբեր ամիսներին, 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ,  ամուսնությունները  ավելացել են  մոտ 47 տոկոսով, այսինքն, հազար բնակչի հաշվով գրանցվել է 6 ամուսնություն։ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյան․

«2021թ-ի 11 ամիսներին ամուսնություններն ավելի շատ են եղել, քան 2019-2020թվականներին»։

Տեր ու հնազանդ լինելու խոստումները ամենաշատը հնչել են Երևանում, հետո՝ Լոռիում, այնուհետև՝ Վայոց Ձորում։ Գեղարքունիքում, Սյունիքում ու Շիրակում ավելի քիչ ամուսնություններ են գրանցվել։ 

Կարինե Կույումջյանը չի բացառում՝ ամուսնությունները և ամուսնալուծությունները  կարող էին ավելի շատ լինել, եթե չլիներ համավարակը։  

Ամուսնալուծությունների առումով առաջատարը դարձյալ Երևան է, հաջորդը՝ Գեղարքունիքը։

«2021 թ-ի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է 4069 ամուսնալուծության դեպք՝ նախորդ տարվա 2866-ի համեմատ»։

Ուսումնասիրությունների համաձայն,  2021 թ-ի 9 ամիսներին  շատ են եղել նաև դեպքերը, երբ ամուսնալուծվել են 20 տարուց ավելի միասին ապրած ամուսինները։ Նրանք մոտ 32 տոկոս են կազմում։   

 Ամուսնալուծվողների երկրորդ խմբում 5-9 տարի միասին ապրող զույգերն են՝ 22 տոկոս։

Ամուսնալուծությունների թվի աճին նպաստում է նաև համացանցը։ Հոգեբան Աննա Բադալյանն ասում է՝ մարդիկ այստեղ մասսայականացնում են իրենց  ամենանվիրական հույզերը, մտքերը, մինչդեռ պատկերը կարող էր այլ լինել, եթե համացանցում գրառումներ անելու փոխարեն զրուցեին հոգեբանի հետ․

«Երբ ընտանիք են կազմում  ու պետք  գրանցեն իրենց ամուսնությունը, զույգերը պետք է խորհրդակցեն հոգեբանի հետ։ Գոյություն ունի ընտանեկան ճգնաժամ։ Երբ տեղյակ ես լինում ընտանեկան ճգնաժամից, կարողանում ես այդ փուլը անցկացնել առանց այդ լուրջ վնասների»։

Back to top button