Մոռացված ֆիլմերի ստվերները

Հայկական Ռոմեո-Ջուլիետի պատմությունը Յուրի Երզնկյանի էկրանավորվամբ․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Սոնայի և Դիլանի՝ հայկական «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի ողբերգական սիրո պատմությունն այդպես էլ համաշխարհային ճանաչում չունեցավ։ Բայց այդ էկրանավորումը համարվեց ֆիլմի ժապավենի վրա արված կտավ՝ Մինասի ու Վարուժան Վարդանյանի գույներով։ Բակունցի «Միրհավը» Մաթևոսյանի ձեռքով դարձավ «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ու Մալյանի սանի՝ Սոֆիկ Սարգսյանի համար ապահովեց մուտքը դեպի հայկական մեծ կինո։

Հոգով ու մտքով արվեստագետ էր հայ կինոյի հնչեղ անուներից մեկը՝ Յուրի Երզնկյանը։ Նրա համոզմամբ կինոյում առաջնայինը պատկերը պետք է լինի։ Այդ սկզբունքով էլ նա կառուցել է կինոյի իր աշխարհը՝ սյուժետային ճիշտ զարգացումներով, ճիշտ պատկերներով։

«Տեսնում էր ամենակարևորը և պատկերում էկրանին»,— իր դեբյուտը կինոաշխարհում ապահոված Յուրի Երզնկյանին այսպես է բնորոշում դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը։

Սոֆիկ Սարգսյան

Սիրված դերասանուհին պատմում է, իսկ նրա ձեռքում իր առաջին դերասանական լսումների ժամանակ արված լուսանկարներն են։ Սև-սպիտակ այդ լուսանկարներում «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի ստեղծման պատմությունն է։

Տերյան 2 հասցեում գտնվող «Հայֆիլմ» կինոստուդիայի սենյակներից մեկում տեղի ունեցած դերասանական լսումները, Հրանտ Մաթևոսյանի հետ ծանոթությունն ու դրան հաջորդած իրադարձությունները Սոֆիկ Սարգսյանը մինչև այսօր հուզմունքով է հիշում։ 

Յուրի Երզնկյան

«Յուրի Երզնկյանը նստած էր մի սեղանի մոտ, որի վրա նկարների մի կույտ էր։ Իմ նկարը վերցնելով՝ դիմեց պատուհանի մոտ նստած ինձ համար անծանոթ մի մարդու և ասաց. «Լսի’ր, ախր ինքն է։ Շատ հայկական է, շատ լավն է, դե գեշ է, ну что делать»,-Յուրի Արամայիսիչը ռուսախոս էր և երբեմն ինքնաբերաբար ռուսերենի էր անցնում։ Եվ ես Ռուդոլֆ Վաթինյանին՝ ֆիլմի կինոօպերատորին կամաց հարցնում եմ, թե ո՞վ է այդ մարդը ու Ռուդիկը շատ սովորական պատասխանում է, որ Հրանտն է Մաթևոսյան: Ու ես քարանում եմ, ամեն բան աշխարհում ինձ համար կարծես կանգ է առնում, որովհետև ես տեսել էի արդեն «Մենք ենք, մեր սարերը», Մալյանից էլ լսել էինք, թե ով է Մաթևոսյանը ու զգացի, որ սիրտս հուզմունքից սկսեց դանդաղ բաբախել»,- տարիներ անց էլ այդ օրվա հուզմունքը կարծես նույնությամբ վերապրելով պատմում է Սոֆիկ Սարգսյանը:

«Այս կանաչ, կարմիր աշխարհը»  ֆիլմի գլխավոր հերոսի՝ Դիլանի դերը վստահվեց  կինոյում իր դերակատարումներով այդ ժամանակ արդեն հայտնի Հակոբ Ազիզյանին։ Հակոբ Ազիզյանը  հատուկ ջերմությամբ է հիշում Օձունի նորակառույց հանգստյան տունը, ուր իջևանել էր նկարահանող խումբը, հարակից անտառը, որտեղ ինքն ու Հրանտ Մաթևոսյանը նկարահանումներից ազատ ժամանակ զբոսնում էին ու քննարկում աշխատանքի հետագա ընթացքը։

«Նկարահանումները խորը աշնան էին տեղի ունենում, և ես ու Հրանտ Մաթևոսյանը հաճախակի զբոսնում էինք Օձունի հանգստյան տան մոտ գտնվող անտառում։ Մտանք անտառ, թափված խաշամի վրայով քայլելու ընթացքում մի միտք առաջացավ ինձ մոտ՝ ասացի. «Հրանտ Սոնայի գերեզմանը ֆիլմում ես պիտի փորեմ»: Դա սցենարով նախատեսված չէր, բայց այդ դերի վրա աշխատելու ընթացքում այդ միտքը ինձ մոտ ծնվեց։ Հիմնավորեցի ինչու և նա ընդունեց իմ առաջարկը»,- պատմում է Հակոբ Ազիզյանը։

Հակոբ Ազիզյան

1975 թվականին ֆիլմի աշխատանքներն ավարտվում են։ Երկու տարի անց՝ 1977 թվականի մարտին Մոսկվայում, այնուհետև մայիսի 27-ին Երևանում՝ Մոսկվա կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում կայանում է «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի պրեմիերան։ Դահլիճում ներկա կինոգործիչների մեջ էր նաև Հենրիկ Մալյանը, որը կինոնկարի դիտումից հետո հետաքրքիր հաճոյախոսություն է անում Սոֆիկ Սարգսյանին։

«Ընկեր Մալյանը պրեմիերայից հետո ինձ տեսավ և ասաց. «Սոֆի՛կ, չգիտեմ այդ ժպիտդ ինչի համար էր ֆիլմի վերջում, բայց լավ ժպիտ էր նշանակում»,- և ես ինձ շատ բավարարված զգացի։ Ու ըստ երևույթին՝ այդ ժպիտը անհետևանք չմնաց, որովհետև այս ֆիլմի նկարահանմանը անմիջապես հաջորդեցին «Երկունք», «Նահապետ» ֆիլմերի նկարահանումները, և այսպես քառասուն հինգ տարի ես ապրում եմ իմ արվեստով»,-ասում է Սոֆիկ Սարգսյանը:             

Հուզական, գեղեցիկ բնապատկերներով հագեցած «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմն անմիջապես դիպչում է դիտողի սրտին։ Յուրի Երզնկյանը կարծես ստեղծել է հայկական Ռոմեո-Ջուլիետի պատմությունը։ Պատմություն, որը երբեք չի ծերանում։

Back to top button