ԿարևորՀասարակություն

9 անձ կեղծել է հայտարարագիրը կամ չի ներկայացրել․ դատախազությունն ու ԿԿՀ-ն «վիճում են»

Հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշով հարուցվել է 14 քրեական գործ, գրեթե նույնքան, որքան նախորդ 3 տարիներին ՝ 2018-ից 2020թթ. ընթացքում:

Այս տվյալներն օրերս ներկայացրել  էր գլխավոր դատախազությունը, նաև նշել, որ որոշ դեպքերում, երբ անձինք հայտարարագիր չեն ներկայացրել,Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ կապակցությամբ վարչական վարույթ չի իրականացրել ու արդյունքում անցել են վարչական տույժ նշանակելու ժամկետները։

Հանձնաժողովում այս մեղադրանքն այնքան էլ չեն ընդունում, կարծում են՝ օրենքի պահանջներն այլ կերպ են մեկնաբանվում։ 

Պետական երկու ինստիտուտներ կոռուպցիայի դեմ պայքարում նաև իրենց մոտեցումների պաշտպանության համար են պայքարում։ Դատախազությունը  տեղեկացնում է, որ 2021 թվականին քրեական հետապնդում է հարուցվել հայտարարագրման պարտականություն ունեցող 9 պաշտոնատար  կամ նրանց փոխկապակցված անձի նկատմամբ։ Մեկին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար, ութին՝ առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրման համար։

Դատախազությունը  պարզել է նաև, որ որոշ դեպքերում, երբ հայտարարագրեր չեն ներկայացվել, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ կապակցությամբ վարչական վարույթ չի իրականացրել, ինչի արդյունքում անցել են վարչական տույժ նշանակելու ժամկետները:

Դատախազությունը գրություն է հասցեագրել հանձնաժողով և հետաքրքվել, թե ինչու կառույցը  վարչական վարույթ չի իրականացրել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ մասնագիտական տեսանկյունից Դատախազությունը ճիշտ չի վերարտադրել օրենքի համապատասխան դրույթները։

«Թույլ տվեք միանգամից հակադարձել՝ նշելով, որ Դատախազության հրապարակած գնահատականը շատ ընդհանրացված է և հանձնաժողովի կողմից ժամկետներ բաց թողնելու վերաբերյալ տեղին չէ։ Դատախազության կամ նախաքննական մարմինների կողմից  հանձնաժողովին ներկայացված բոլոր գործերում առկա է պաշտոնական գրագրություն, որը վկայում է սահմանված ժամկետների պահպանման և նախաքննական մարմիններին համապատասխան պարզաբանումներ տրամադրելու փաստը»։

Բացի դրանից, ըստ Հարությունյանի, հանձնաժողովն  ընդամենը 4 գործի շրջանակում է դատախազությունից հարցեր ստացել հայտարարագիր չներկայացնելու կամ հայտարարագրում սխալ՝ ոչ ամբողջական տեղեկություն ներկայացնելու կապակցությամբ։

«Դեպքերից  մեկը վերաբերել է Բերդ համայնքի ղեկավարին, որը նախաքննական մարմնի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում մինչև 2017 թվականը փաստացի հայտարարատու չի հանդիսացել, իսկ Դատախազությունը կամ նախաքննական մարմինը մեզնից պահանջել են ներկայացնել մինչև 2017 թվականի հայտարարագրերը, որոնք օրենքի ուժով անձը չէր կարող ներկայացնել, ու հանձնաժողովը դրանք փաստացի չի ունեցել։ Բնականաբար, նման տեսակի քրեական գործը երկար կյանք ունենալ չէր կարող ու հենց իրենց նախաձեռնությամբ էլ կարճվել է»։

Մյուս դեպքը, որի կապակցությամբ ևս Դատախազությունը հարցադրում է արել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ու խնդիրներ տեսել, վերաբերել է այլ համայնքի ղեկավարի ընտանիքի անդամին, որը  հայտարարագիր չէր ներկայացրել։

Հայկուհի Հարությունյանը պարզաբանում է․ «Հանձնաժողովը պարզաբանել էր, որ 2018 թվականին գործող «Հանրային ծառայության մասին» օրենքի խմբագրությամբ կոնկրետ ընտանիքի անդամն ինքնուրույն հայտարարատու և դրա համար պատասխանատվություն կրող անձ չի հանդիսացել։ Այսինքն՝ հայտարարատուի կնոջ կողմից հայտարարագիր ներկայացնելու պահանջ չի եղել և բնականաբար, նման պահանջի բացակայության դեպքում հանձնաժողովը չէր կարող որևէ վարչական վարույթ սկսել և պատասխանատվության ենթարկել»։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը կարծում է, որ ճիշտ կլիներ  հանրությանը ներկայացնել նաև, թե ովքեր են այն 9 պաշտոնյաներն ու նրանց փոխկապակցված անձինք, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Փորձագետը չի շտապում եզրակացություններ անել, գործերը դեռ նախաքննության փուլում են։

«2018 թվականից սկսած հարուցվել են ապօրինի հարստացման հանցակազմով քրեական գործեր, սակայն դրանցից որևէ մեկով դեռևս չկա վերջնական դատական ակտ։ Նույնը նաև հայտարարագրերի հետ է կապված։ Իհարկե, չենք կարող չասել, որ սրանք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող գործընթացներ են, բայց, այդուհանդերձ, կարծում եմ, որ այստեղ կարևոր է այդ գործերի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացումը։ Օրինակ՝ նույն Դատախազության կողմից ներկայացված հայտարարությունից տեղեկացանք, որ իրադրության փոփոխման հետևանքով փաստացի  դադարեցվել է քրեական հետապնդումը գործերից մեկով։ Թե կոնկրետ ինչ իրադրության փոփոխման մասին է խոսքը, ինչ փաստերի, ապացույցների ներքո է քննությունը դադարեցվել, հանրությունը տեղեկացված չէ»։

Սողոմոնյանի նշած կարճված գործը վերաբերում է վեցերորդ գումարման ԱԺ պատգամավորին ու նրա  որդուն։ Քրեական գործը կարճելու որոշումն ընդունվել էր 2021թ. նոյեմբերի 10-ին, իսկ դատական ակտի դեմ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը դեռևս չի քննվել։ Ի՞նչ է վերջին տարիներին փոխվել հայտարարագրման գործընթացում։ Փորձագետը ասում է․

«Ես կարծում եմ, որ վերջին փոփոխությունների արդյունքում հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակն է ավելացել, ընդլայնվել են նաև այն գույքն ու ակտիվները, որ պետք է հայտարարագրվեն տարբեր պաշտոնատար անձանց կողմից, բայց այստեղ բաց է մնացել այնպիսի ակտիվների հայտարարագրումը, ինչպիսիք են, օրինակ, թանկարժեք բուհերում սովորելու վարձավճարը, թանկարժեք հանգիստը։ Սրանք ևս միջոցներ են, որոնք պետք է հայտարարագրվեն ու ենթարկվեն վերլուծության հանձնաժողովի կողմից»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ  քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը։  Վարչապետը հիշեցրել է, որ  այն ներառված է  2021-2026 թվականների կառավարության  ծրագրում։

«Երեկ էլ մենք քննարկում էինք առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման հարցը և հընթացս հանգեցինք այն եզրակացության, որ նաև համընդհանուր հայտարարագրման համակարգը կարևոր է, որպեսզի մենք կարողանանք նաև առողջապահության ապահովագրման արդյունավետ ու արդար համակարգ ունենալ»։

Ըստ Դատախազության հայտարարության ՝ քրեական հետապնդման ենթարկված 9 մեղադրյալներից 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, 3-ի նկատմամբ՝ կալանքը։ Նրանցից 2-ը, սակայն, հետախուզման մեջ են: 

Back to top button