ԿարևորՀասարակություն

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից 27-ի ընտանիքում 2022 թվականին համալրում է սպասվում

2021 թ-ին Հայաստանում անպտղության հաղթահարման բարենպաստ ցուցանիշներ են գրանցվել, բայց պտղաբերության ցուցանիշը շարունակում է ցածր մնալ։ Խնդրի հաղթահարման նպատակով իրականացվող մի ծրագրի շնորհիվ էլ նորից երեխաներ կունենան 27 զոհված զինծառայողների  մայրեր։

Հունվարի 6-ին լույս աշխարհ եկավ  արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը՝  Էմմանուել Մանուչարյանը։ Զոհվածների ընտանիքներում նոր ծնունդների մասին 2022-ին դեռ շատ կլսենք։ Զոհվածների մայրերից 27-ը այս տարի նորից բալիկ կունենան   վերարտադրողական բժշկության ծրագրի շնորհիվ։

Պատերազմից հետո այս ծրագրին դիմած մայրերի 26  տոկոսն արդեն լույս աշխարհ են բերել իրենց փոքրիկներին, 50 տոկոսից ավելին մնում է ծրագրի շահառու։ Եվս 200 շահառու դիմել  է  ծրագրին։

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։

«Որքան իրենց երեխաններն են հերոսներ, նույնքան մայրերը, քանի որ նրանք ուժ են գտել այդ ամենից հետո հղիանալու»։

Պետությունը զոհված զինծառայողների մայրերի համար ֆինանսավորում է վերարտադրողական բժշկությունը՝ առանց սահմանափակումների»,-շեշտում է Նունե Փաշայանը։  Վերարտադրողական բժշկության բուժական գործընթացը տևում է   միջինը 1.5 տարի։

«Մեզ այսօր ակտիվ կերպով դիմում են զոհված զինծառայողների ծնողները, որոնք բավականին ծանր խումբ են։ Նրանք պահանջում են հատուկ բուժական, դիագնոստիկ և հոգեբանական մոտեցումներ։ Այդ կանայք բավականին մեծ խնդիրներ ունեն, անգամ 2 հոգու մոտ քաղցկեղ ենք հայտնաբերել, բարեբախտաբար, վաղ ստադիայում»։

2021-ին անպտղության հաղթահարման բարենպաստ ցուցանիշներ են գրանցվել, բայց  Հայաստանում պտղաբերության ցուցանիշը դեռ մնում է  ցածր։ Այն կազմում է 1.6, իսկ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ է առնվազն 2.1 ցուցանիշ:

Նունե Փաշայան․ «Դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնվել է 76 երեխա, ու արձանագրվել է 211 հղիություն։ Սա կապված է նաև նրա հետ, որ գրեթե 2 անգամ ավելացել է ամբողջ ծրագրի ֆինանսավորումը։ Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունն ի սկզբանե մեծ է եղել, և միայն նախորդ տարվա ընթացքում սպասարկել ենք 857 շահառուի»։

Վերարտադրողականության կենտրոնի հիմնադիր տնօրեն Էդուարդ Համբարձումյանն էլ նվազագույն թիվն է նշում՝ մեկ ընտանիքում երեք երեխա, եթե ուզում ենք երկրում իրավիճակ փոխվի․

«Պտղաբեր կանայք պետք է փորձեն 3-րդ, 4-րդ երեխան ունենալ, որպեսզի անպտղության ցուցանիշը փոխվի: Այսօր մենք ունենք այնպիսի ցուցանիշ, որ ընտանիքի պարզ վերարտադրողականությունը չի ապահովվում: Հայաստանում մեկ ընտանիքում նվազագույնը երեք երեխա պետք է ծնվի»։

Անպտղության բուժման և հաղթահարման ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի սեպտեմբերի 9-ից։ Ծրագրից կարող են օգտվել զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ընտանեկան նպաստի համակարգից օգտվող անձինք, որոնք ունեն 28 և ավելի միավոր, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե կնոջ հաշմանդամությունը հղիության համար հակացուցում չէ։ Շահառու կարող են լինել  նաև սահմանամերձ համայնքների բնակիչնեըը, որոնց շրջանակը ծրագրի գործունեության ընթացքում ընդլայնվում է:  

Back to top button