ԿարևորՀասարակություն

Կրիպտոշուկան՝ վիճակախաղ․ բիթքոյինի արժեքի փոփոխությունը՝ Ղազախստանի ներքաղաքական լարվածության ֆոնին

Ղազախստանում լարված իրավիճակի պատճառով կրիպտոարժույթ ստեղծող ղազախական մայնինգ կենտրոնները կամ փակվել են, կամ փակման եզրին են։ Կրիպտոարժույթի որոշ տեսակներ կտրուկ արժեզրկվել են։ Կրիպտոշուկայի խնդիրների, կրիպտոարժույթի ռիսկերի և ապագայի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Հայկ Մնացականյանի հետ։

Նեյմքոյին, Բիթքոյին, Էթերիում, Լիփքոյին․ այս շարքն անվերջ կարելի է շարունակել, կրիպտոարժույթի տեսակների թիվն այսօր հասնում է հազարի։ Ի՞նչ է կրիպտոարժույթը,  ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Հայկ Մնացականյանը հակիրճ սահմանում է․  

«Կրիպտոարժույթը էլեկտրոնային ակտիվի, փողի տեսակ է, որը նյութապես գոյություն չունի և չի վերահսկվում երկրների պետական ֆինանսական կառույցների կողմից՝ բացառությամբ մի քանի երկրի։ Կրիպտոարժույթ ստեղծելու համար օգտագործվում են մայնինգ կենտրոններ, որոնք հզոր տեխնիկական սարքավորումներ են՝ համակարգիչներ, մայր պլատաներ։ Դրանցով ամպային եղանակով ստեղծվում է կրիպտոարժույթը»,-ասում է Հայկ Մնացականյանը։ 

Կրիպտոարժույթի ամենահայտնի տեսակներից մեկը բիթքոյինն է։ Մայնինգով Բիթոքոյինի ստեղծման ամենաակտիվ երկրների շարքում Ղազախստանը երկրորդն է․ Քեմբրիջի համալսարանի վիճակագրությամբ՝ Ղազախստանն այս հորիզոնականում է 2021-ի հուլիսից։ Համաշխարհային մայնինգի բացարձակ առաջատարը ԱՄՆ-ն է, նրան է բաժին ընկնում մայնինգի 35%-ը, 18%–ը Ղազախստանինն է, երրորդը Ռուսաստանն է՝ 11%: Արդեն մեկ տարի՝ կրիպտոշուկլայի բացարձակ առաջատարը Չինաստանն է, որը տարիներ շարունակ իրականացնում է համաշխարհային մայնինգի 46%ը՝ արգելելով երկրի տարածքում մայնինգ կենտրոնների աշխատանքը։

Կրիպտոշուկայում կարևոր խաղացող Ղազախստանում ներքաղաքական լարվածություն է․ ինչպե՞ս է այն անդրադարձել կրիպտոշուկայի վրա։ Հայկ Մնացականյան․

«Ցանկացած ինֆորմացիա՝ լինի այն Ղազախստանի իրավիճակի մասին թե Գուգլի կամ տեսլայի հայտարարություն, ազդում է կրիպտոարժույթի գնի վրա, որովհետև տնտեսական հիմք այդ շուկան չունի։ Հիմա, մասնավորապես, Ղազախստանի դեպքում, մի շարք մայնինգ կենտրոններ փակվեցին կամ կանգնած են փակվելու վտանգի առաջ, շատերը ուզում են վաճառել կրիպտոարժույթը կամ մանյնինգ կենտրոնը։ Հետևապես, է դրա արժեքը ընկել է՝ պայմանավորված երկրի վիճակով»,-նշում է տնտեսագետը։

2022 հունվարի 6-ին առաջին անգամ գրանցվեց բիթքոյինի արժեքի անկում։ Շատ մասնագետներ դա պայմանավորեցին Ղազախստանում ինտերնետի կապի բացակայությամբ։ Համեմատության համար ասենք, որ 2021-ի նոյեմբերին 1–ին բիթոքոյինն արժեր շուրջ 70 հազար դոլար, իսկ օրեր առաջ՝ 39 հազար։ Տնտեսագետ Հայկ Մնացականյանի ձևակերպմամբ՝ կրիպտոշուկան նման է վիճակախաղի․

«Բնականաբար, ռիսկը շատ բարձր է։ Մարդը պետք է ընդունի, որ ազատ դրամական միջոցների շուկա մտնելով, մեծ գումարներ ձեռք բերելուց բացի, կարող է նաև կորցնել դրանք»,-ասում է տնտեսագետը։

«Ապագայի փողը թվային փողն է, դրան են գնում աշխարհի զարգացած երկրները՝ մշակելով տնտեսական մեխանիզմներ՝ իրենց դրամական արժույթի համար»,– ասում է Հայկ Մնացականյանը։ Իսկ կրիպտոշուկան անկանխատեսելի է․ ներդրման  արդյունքում  կհարստանաս, թե՞ կսնանկանաս՝ հիսուն-հիսուն է։

Back to top button