ԿարևորՀասարակություն

Ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը կթույլատրվի հատուկ վայրերում

2020թ. համացանցով կատարված խաղադրույքների ծավալը  2018-ի  համեմատ ավելացել է 6, իսկ մասնակիցների թիվը՝ շուրջ  3 անգամ։ 2020թ.-ին 2018-ի համեմատությամբ կազմակերպիչների կողմից գեներացված միջոցները առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32%-ը: Գործադիրի կարծիքով՝  այս աճը պայմանավորված է  2020թ. հունվարի 1-ից ինտերնետ շահումով խաղերի գովազդի թույլատրմամբ, ինչը  մինչ այդ արգելված էր:

Կառավարությունն առաջարկում է վերադառնալ նախկին կարգավորումներին։ Փոփոխություններ են մշակվել  «Գովազդի մասին» օրենքում, որոնցով ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ: Նախագծի հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյան․

«Համաձայն ենք, որ այս օրենքի ընդունումն ամբողջապես խաղացողների աճի խնդիրը չի կարգավորելու, բայց էապես կրճատելու է տեմպը։ Նոր խաղացողները, երիտասարդությունը  այդ գայթակղությունը, այդ «կոնֆետը» չեն տեսնելու, ինքը խաղ  է մտնելու գիտակցված, տրամաբանական ճանապարհով։ Հասկանալի է, որ այլ միջոցներ էլ են անհրաժեշտ, որոնք  գովազդի կարգավորման դաշտում չեն»։

Հիմնավորման համաձայն՝  նախագծի ընդունմամբ խաղային բնագավառում միասնական քաղաքականություն և հավասար մրցակցային պայմաններ կապահովվեն։ Փոփոխությունները կնվազեցնեն նաև  մոլախաղերով հրապուրվելու անմիջական հնարավորությունը՝ դրա սոցիալական  բոլոր հետևանքներով։

Նախագիծը, սակայն,  դժգոհություն է առաջացրել գովազդային և մեդիա ոլորտում։  Ընդդիմախոսների գնահատմամբ՝ գովազդային ընկերությունների հասույթի մեծ մասը՝ 60-70%-ը գոյանում է ինտերնետ շահումով խաղերից և վիճակախաղերից։ Կառավարության հաշվարկներով, սակայն, այդ մասնաբաժինը 20-25 % է:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեց նաև այն հարցը, թե  ինչպես է կարգավորվելու իրավիճակն այն դեպքում, երբ բուքմեյքերական ընկերության անվանումը նաև հեռուստաընկերության անվանում է, միաժամանակ  նույն ընկերությունը հեռուստահաղորդումների գլխավոր հովանավորն է և պարբերաբար գովազդվում է։ Հարցը, մասնավորապես, հետաքրքրում էր  «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանին։

«Հիմա օրենքը ընդունելուց հետո ենթադրենք բուքմեյքերական ընկերություններից մեկը դիմում է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով և ասում է՝ մեզ թույլ չեք տալիս գովազդել, բայց այս ընկերությունը անուղղակիորեն գովազդում է ինքն իրեն, ինքն իր մասին է հիշեցնում։ Որովհետև մարդիկ հենց այդ գույնը տեսնում են, ասոցացնում են այդ ընկերության հետ։ Ձեր գործողությունները, որն է լինելու, ի՞նչ կարող են ակնկալել»։   

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ հանձնաժողովը վերահսկողություն իրականացնում է միայն անբարեխիղճ մրցակցության դեպքերի, շփոթության առաջացման և հասարակության մոլորեցման դրսևորումների առկայության դեպքում․

«Այսինքն՝ եթե գովազդի միջոցով կամ ապրանքների իրացման շրջանառության ընթացքում հրապարակվող տեղեկատվության միջոցով ապրանքի կամ ծառայության վերաբերյալ մոլորեցնող տպավորություն ստեղծվի սպառողի մոտ, ապա այս դեպքերի առնչությամբ կարող է առաջանալ հանձնաժողովի իրավասությանն առնչվող հարց։ Իսկ ինչ վերաբերում է հովանոցային գովազդի նկատմամբ վերահսկողությանը , կարծում ենք՝ այս մասով տոտալիզատորների , շահումով խաղերի և այլ նմանատիպ գործունեության գովազդի արգելքի վերահսկողություն իրականացնող մարմնի տիրույթում պետք է լինի գնահատումը՝ արդյոք դա գովա՞զդ է, թե՞ ոչ»։  

Մինչև «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2019թ-ի օրենքի ուժի մեջ մտնելը, ինտերնետ շահումով խաղերի գովազդը եղել է արգելված, այդ թվում՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի և խաղատների։  2020-ից այդ արգելքը  հանվել  է։ Օրենքի  նախագծով  գործադիրն առաջարկում է վերադառնալ նախկին կարգավորումներին, որոնցով գովազդը կթույլատրվի միայն Հայաստանի սահմանային մուտքի կետերում, առնվազն չորսաստղանի կարգին համապատասխանող հյուրանոցներում և խաղատներում: 

Back to top button