ԿարևորՀասարակություն

Ե՞րբ դիպլոմը պաշտոնավարելու նախապայման չէ․ ոստիկանությունը ստուգում է 2 մարզպետերի դիպլոմների իսկությունը

Բարձրագույն կրթության մասին վկայող դիպլոմների թեման վերջին օրերին բուռն քննարկումների հիմք է դարձել։ Որոշ պաշտոնյաների կեղծ դիպլոմների մասին հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն՝ ստուգման նպատակով։ Իսկ մի շարք համայնքապետերի դիպլոմ ունենալ-չունենալու հարցն էլ պաշտոնավարելու կամ չպաշտոնավարելու հարց է դարձել մարզերում։

«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո՝ անցած տարվա դեկտեմբերից սկսած համայնքի ղեկավարները 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավար  պիտի նշանակեն բարձրագույն կրթություն ունեցող անձանց։ Օրենքում փոփոխության նախաձեռնողներից մեկը Սյունիքի մարզպետարանն էր։ Սյունիքի մարզում համայնքների որոշ ղեկավարների նկատմամբ նույնիսկ ոստիկանությունում նյութեր են նախապատաստվել բարձրագույն կրթություն չունեցողներին վարչական ղեկավար նշանակելու համար։

Օրինակ՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի դեմ  2020 թվականի սեպտեմբերին նյութեր էին նախապատրաստվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշերով, քանի որ նա ազատել էր Գեղանուշ, Ճակատեն, Վանեք բնակավայրերի  բարձրագույն կրթություն ունեցող վարչական ղեկավարներին՝ նրանց փոխարեն նշանակելով բարձրագույն կրթություն չունեցող անձանց։ Հարուցված գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Բայց այս կարգավորումը որոշ վերապահումներով է ընդունվում։

Կոռնիձորի դպրոցի ուսուցչուհի Կարինե Հասրաթյանն, օրինակ, դեմ է նման տարբերակմանն ու կարծում է՝ անկախ բնակիչների թվից վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն․

«1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրին պետք է բարձրագույն կրթություն ունեցող, օրենքներին տեղյակ, հայոց լեզվին, ցանկալի է՝ ևս երկու օտար լեզվի տիրապետող ղեկավար, 700 բնակիչ ունեցող  բնակավայրին պետք չէ՞։ Թող լինի անգրագետ, հազիվ մի կերպ 9-րդ դասարանն ավարտած, սովորական ատեստատով ղեկավար։  Ճիշտ է դա՞»։

Անցած տարվա դեկտեմբերի 22-ին ոստիկանության Գորիսի բաժին դիմում էր ներկայացվել, որ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի որոշմամբ՝ Կոռնիձորի վարչական ղեկավար է նշանակվել 57-ամյա Լենտուշ Հակոբջանյանը, որը չունի բարձրագույն կրթություն։ Ոստիկանություն բողոքից հետո Տեղ համայնքի ղեկավարը գտել է ելքը՝ Լենտուշ Հակոբջանյանին ազատել վարչական ղեկավարի պաշտոնից՝ նշանակելով օպերատոր, իսկ բարձրագույն կրթություն ունեցող գործավար-օպերատոր Լիլիթ Քարամյանին՝ վարչական ղեկավար։ Դավիթ Ղուլունցը շեշտում է՝ սա չի նշանակում, թե Կոռնիձորի վարչական ղեկավարը դե ֆակտո շարունակում է մնալ  Լենտուշ Հակոբջանյանը։

-«Վարչական ղեկավարը Լուսինե Քարամյանն է, ինքն էլ ղեկավարում է, փորձ ունի։

-Ոստիկանությունը գործը կարճել է՞։

-Ես չեմ կարող ասել՝ կարճել է, թե ոչ, բայց էն ժամանակ էլ հրամանում գրել էինք, որ Լենտուշը ժամանակավոր պաշտոնակատար է՝ հաշվի առնելով, որպես սահմանամերձ բնակավայր»։

Սյունիքի մարզի 7 համայնքի 132 բնակավայրերից միայն 11-ն ունի  1000-ից ավելի բնակիչ։ Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ օրենքում փոփոխության նախաձեռնողներից մեկը  Սյունիքի մարզպետարանն է եղել։ Գյուղական համայնքներում գրեթե չկային բարձրագույն կրթություն ունեցող անձինք, ու համայնքի ղեկավարները դժվարանում էին վարչական ղեկավարներ նշանակելիս։ Սեյրան Ավետիսյան․

«Ընդհանրապես, այն համայնքներում, որտեղ կան սահմանամերձ բնակավայրեր կամ հեռու գյուղեր, օրենքի նման փոփոխություն անհրաժեշտ էր։ Ես չեմ համարում, որ բարձրագույն կրթությունը պետք է ընդունել որպես գրագիտության բացարձակ չափորոշիչ»։

Օրերս մամուլում  հրապարակումներ եղան, թե Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի բարձրագույն կրթության մասին դիպլոմները կեղծ են։ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ Արագածոտնի և Սյունիքի մարզպետերի կեղծ դիպլոմների մասին հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն՝ ստուգման նպատակով։

Back to top button