ԿարևորՏնտեսական

Ամեն ամիս Հայաստանում կյանքը թանկացել է կես տոկոսով․ 2021-ին 7,7 տոկոս գնաճ է արձանագրվել

Մեկ տարում Հայաստանում կյանքը թանկացել է 7,7 տոկոսով։ Երևույթը միայն Հայաստանին բնորոշ չէ, ավելին՝ հիմնականում պայմանավորված է համաշխարհային շուկայում տիրող իրավիճակով։  ԱՄՆ-ում, օրինակ, նախորդ տարվա հոկտեմբերին գրանցված շուրջ  6 տոկոսանոց գնաճը ամենաբարձր ցուցանիշն էր 1990 թվականից ի վեր։ Իսկ աշխարհում գների բարձրացման  հիմնական պատճառը համավարակն ու դրանից բխող բացասական ազդակներն են։ 

Կաղամբ, կարտոֆիլ, ճակնդեղ, սոխ ու սունկ․2021թվականին ամենաշատը թանկացել են բանջարեղենի այս տեսակները։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ «բանջարեղեն» ապրանքային խմբում գնաճը անցել է 40 տոկոսի շեմը, մինչդեռ սպառողներին ամենաշատը հենց  բանջարեղենի գնաճն է զարմացնում։  

«Ամեն ինչն էլ թանկացել է, շաքարավազ, ձեզ, յուղ, կարագ։ Չեմ հաշվարկել, թե ինչքան է իմ ծախսն ավելացել։ Այն, ինչ Հայաստանում է արտադրվում, դրանք էլ են թանկացել։ Իհարկե, կյանքն ավելի է դժվարացել։ Բայց պատերազմից հետո է, այդպես էլ պետք է լիներ»

Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է գյուղմթերքի գնաճը բազմաթիվ գործոններով է պայմանավորված․ նախ՝ առաջարկի ու պահանջարկի գործոնով, ապա՝ արտադրության ծավալների կրճատմամբ․

«Գյուղատնտեսությունը գնում է դեպի  բարձրարժեք գյուղմթերքի արտադրություն՝ բրոկոլին օրինակ։ Գյուղացիները նմանատիպ ապրանքներ են սկսում արտադրել։ Հիմնականում նաև արտահանմամբ է պայմանավորված, մեր երկրում այդ ապրանքախմբի առաջարկ ու պահանջարկ է առաջանում»։

Նախորդ տարեվերջին էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ գյուղմթերքի ռեկորդային արտահանում է իրականացվել՝ ավելի քան 200 000 տոննա, այն դեպքում, երբ նախորդ երկու տարիներին արտահանումը  140 000 տոննայի սահմաններում է եղել։   Շաքարավազ չենք արտահանել, բայց  չենք էլ ներկրել։ Մինչդեռ այս շուկայում նույնպես գնաճից հնարավոր չի եղել խուսափել։ Մեկ տարվա ընթացքում շաքարն ու շաքարավազը  թանկացել են ավելի քան 20 տոկոսով։ Մրցակցության պաշտպանության  հանձնաժողովում գների մոնիթորինգ են իրականացրել։

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյան. «ՀՀ-ում այս տարի շաքարավազ չի արտադրվել, քանի որ հումքի ներմուծման խնդիրներ կային։ Մենք անցյալ տարի թույլ տվեցինք քվոտավորված շաքար ներկրել, արդյունքում՝ գինն իջավ։ Բայց  դա էլ անսահմանափակ չի ԵԱՏՄ-ում։ Նորից այս տարի քվոտա ենք վերցրել, որ կարողանանք ներմուծել։ Հիմնական երկիրը, որտեղից ներմուծում ենք, ՌԴ-ն է, իրենք էլ շաքարավազի խնդիր ունեն»։

Հայաստանում 2021թվականին գնաճը կազմել է 7․7 տոկոս գնաճ․ ամեն ամիս մեր երկրում գները  միջինը 0․5 տոկոսով բարձրացել են՝ փաստում է պաշտոնական վիճակագրությունը։ Միտումը, սակայն, միայն Հայաստանին բնորոշ չէ։ ԱՄՆ-ում, օրինակ, նախորդ տարվա հոկտեմբերին գրանցված շուրջ 6 տոկոս գնաճը ամենաբարձրն էր  1990 թվականից ի վեր։ Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը ընդգծում է՝ գնաճի բարձր տեմպը համաշխարհային շուկայում տիրող իրավիճակով է պայմանավորված։ Անցյալ տարի բարձր են եղել թռչնամսի, հացաբուլկեղենի, կաթնամթերքի գները։

«Հացաբուլկեղենի ու ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 102 տոկոս գնաճ, կաթնամթերքի, ձվի ու պանրի ապրանքախմբում գնաճը կազմել է 112 աճ։ Թռչնամսի գները աճել են 51 տոկոսով, յուղերի ու ճարպերի ապրանքախմբում՝ 147 տոկոս աճ է արձանագրվել»։

Հավի մսի շուկայում արձանագրված խնդիրները նաև մրցակցության հանձնաժողովում են արձանագրել։ Կառույցի  նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ այս շուկայում 2021-ին անգամ քվոտաների կիրառումը չօգնեց։  Հայաստանը թռչնամիս հիմնականում ներմուծում է Ուկրաինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից։  Անցյալ տարի դրա  ներմուծման ծավալները  էապես  կրճատվել են, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներում  թռչնամսի գինը  նվազել է։

Հանձնաժողովում համոզված են, որ  տեղական  թռչնամիսը լիովին մրցակցելի է ներմուծվողի հետ։

«Գները գրեթե հավասարվել են, ավելին՝ տեղականը թարմ է: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ սպառողների տեսանկյունից շատ ավելի նպատակահարմար է օգտագործել տեղական թարմ թռչնամիսը, քան սառեցվածը»:

Միջազգային ու տեղական փորձագետները կարծում են, որ տնտեսական աճին զուգահեռ գնաճի ցուցանիշը կիջնի՝ մոտենալով թիրախային՝ 4+-1․5 մակարդակին։ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ այն 2022-ին 4.2, 2023-ին`4 % կկազմի։։

Ցուցադրել ավելի
Back to top button