ԿարևորՏնտեսական

Պարտք վերցնել առձե՞ռն, թե՞ փոխանցել քարտին․քննարկվում է 300 հազար դրամը գերազանցող գործարքները անկանխիկ դարձնելու հարցը

Անկանխիկ գործառնություններն ավելի մատչելի դարձնելը կնպաստի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։ Օրենսդրական նախաձեռնությունն այսպես են մեկնաբանում կենտրոնական բանկում։ Ընդդիմադիր թևում, սակայն, կարծիքը չեն կիսում։ Այստեղ վստահ են՝ անկանխիկ գործառնությունների ավելացումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծելու քաղաքացիների համար։ Սա դեռ քննարկվում է ԱԺ-ում եւ արդեն անցել է առաջին ընթերցմամբ։ Դրանով նախատեսվում է նաեւ, որ Հայաստանի  տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 2023 թվականի հունվարի 1-ից բոլոր գործարքների համար 300 000 դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը պետք է իրականացվի անկանխիկ:  Գրավատներն էլ 80 հազար դրամից ավելի վարկերը պետք է տրամադրեն բացառապես անկանխիկ ձևով։ Նախատեսվում է տարեցտարի այդ շեմը նվազեցնել։

300 հազար դրամ գումարը պարտք վերցնել առձեռն, թե ՞ փոխանցել քարտին․ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի մոտեցումները տարբեր են։ Երիցյանը փոխանցման, Խաչատրյանը՝ առձեռն վերցնելու կողմնակից են։

Արթուր Խաչատրյանը հարցնում է․ «Եթե ես ձեզնից մինչև վաղը առավոտյան խնդրեմ 320 հազար դրամ, ինչո՞ւ պետք է ինձ բանկով փոխանցեք»։ ԿԲ փոխնախագահի խոսքով՝ իր մոտ կանխիկ 7 հազար դրամ կա։ Նա պատգամավորից շատ արագ կխնդրի իր բանկային հաշվեհամարը կամ քարտը ու փոխանցումը կանի։

ԿԲ նախագահի տեղակալն ասում է՝ իր բոլոր վճարումներն անկանխիկ է անում։  Խորհուրդ է տալիս, որ քաղաքացիներն էլ իր պես ապրեն։  Խորհրդարանական Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման թեման կրկին «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծն է, որը առաջին ընթերցմամբ ընդունվել է։ Ներսես Երիցյան։

«Ես ինքս կանխիկ չեմ օգտագործում, անկանխիկով եմ ապրում, ինչը հարմարավետ է։ Ես ուզում եմ, որ մեր բոլոր քաղաքացիներն ունենան այն հնարավորությունները, ինչ ես։ Դրա համար ներկայացնում ենք այս օրենքը»։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նույնպես անկանխիկ վճարման կողմնակից է, սակայն, միշտ չէ, որ նրան դա հաջողվում է։ Հերթական մերժումը նախօրեին էր։

«Հենց երեկ ես ցանկանում էի դեղատանը անկանխիկ վճարում կատարել, սակայն դեղատունն ինձ մերժեց։ Իսկ այս օրենքով դեղատունը կամ ցանկացած առևտրի սուբյեկտ պարտավորված է լինելու ինձնից անկանխիկ վճարում ընդունել»։

Հայաստանում ֆիզիկական անձինք 2023 թվականի հունվարի 1-ից 300 000 դրամը գերազանցող բոլոր վճարումները պետք է կատարեն ու վճարումները ստանան բացառապես անկանխիկ։ Գրավատների կողմից 80 հազարի դրամից ավելի վարկերը նույնպես պետք է տրամադրվեն բացառապես անկանխիկ։ Նախատեսվում է տարեցտարի այդ շեմը նվազեցնել՝ հասցնելով 30 հազար դրամի․ օրենքի նոր նախագիծն է ենթադրում։

«Կանխիկի դրամաշրջանառությունը դրա արդյունքում կնվազի, քանի որ անկանխիկ գործառնությունները կլինեն ավելի շահավետ և մատչելի: Քաղաքացին պետք է կարողանա ցանկացած պահի իր մոտ առկա էլեկտրոնային միջոցներով, վճարային քարտերով, մոբայլ հնարավորություններով վճարում կատարել ծառայություններ և ապրանքներ գնելիս: Սա մարդկանց իրավունքն է, և բանկերը, ֆինանսական կազմակերպությունները, տնտեսավարող սուբյեկտները և պետությունը համատեղ, միմյանց հետ աշխատելով, պետք է կարողանան ապահովել այդ իրավունքը»,-հստակեցնում է  ԿԲ փոխնախագահը։  Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը եւ փոխառությունները ևս տրամադրվելու են  բացառապես անկանխիկ: Բանկերի կողմից ավանդները կարող են ընդունվել եւ վերադարձվել (ներառյալ տոկոսները) նաեւ կանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ։

Անդրադառնալով հնչող մտահոգություններին, թե միջնորդավճարը բարձր է՝ Երիցյանն արձագանքեց․ «Միջնորդավճարները կկարգավորի կենտրոնական բանկը։ Կհետևենք հընթացս։ Երկխոսություն ենք սկսել կողմերի հետ, որպեսզի բացատրենք, որ կողմերը պետք է շահած դուրս գան։ Սա նշանակում է որոշակի տրամաբանական փոփոխություններ։ Քաղաքացու համար վճար չի լինելու, տնտեսվարողների համար որոշակի մատչելիություն կապահովվի»։

Անկանխիկ վճարումների կողքին գործարք անելիս ձեռքը հեռախոսին հիմա մարդիկ ավելի հաճախ են մեկնում․ հեռախոսով վճարելն ավելի հեշտ է՝ ի հերթին դիտարկում է անում Գևորգ Պապոյանը։ Իսկ սրան զուգահեռ՝ փորձագիտական դաշտում արձանագրում են՝ մոբայլ ծառայությունների ծավալի ավելացումը հատկապես բանկերում որոշ աշխատակիցների կրճատման պատճառ է դառնում։ staff.am կարիերայի օն-լայն հարթակի համահիմնադիր, «Աշխատաշուկա–2021» զեկույցի հեղինակ Լուիզա Ավետիսյան․

«Բանկային ոլորտում սպասարկման աշխատակիցների կրճատում է նկատվում։ Քանի որ մարդիկ ավելի շատ են սկսել հեռախոսներով վճարումներ կատարել, ապա նրանց դերը նվազել է։ Այստեղ թվայնացումն է նրանց տեղը զբաղեցրել, ոչ թե արհեստական բանականությունը։ Մարդիկ կարիք չունեն բանկ գնալու,  վճարումները կատարում են օնլայն գործիքներով»։

«Հայաստան» խմբակցությունում նախագծին դեմ են։ Կարծում են՝ դա կարող է տեխնիկապես բարդացնել ֆինանսական գործարքները։ Այդուհանդերձ, քվեարկությամբ նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

Back to top button