ԿարևորՀասարակություն

Պատերազմն ի հայտ բերեց «տգեղ» ընտանեկան հարաբերություններ․ պետությունը փորձում է լուծումներ գտնել

Պաշտպանության նախարարությունը և պատգամավորները երբեմն ստիպված են մանրակրկիտ ուսումնասիրել զոհված զինծառայողների ընտանեկան խնդիրները՝ պետությունից տրվող ֆինանսական աջակցությունը թիրախային և արդարացի բաշխելու համար։ Խնդիրները «գույքագրվել» են ՊՆ համապատասխան վարչությունում։ Նոր կարգավորման նախագիծ է մշակել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նախագիծն արժանացել է Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանն ու ընդգրկվել խորհրդարանի հաջորդ շաբաթվա լիագումար նիստերի օրակարգում։ Խնդիրների մի մասի լուծումներն էլ դեռ մշակված չեն։ Դրանք առնչվում են բանկային ոլորտին։

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգը հստակ սահմանում է՝  զինծառայողի զոհվելու կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում շահառու են  հանդիսանում են ամուսինը/կինը, երեխաները և ծնողները։ Կարգի կիրառումը, սակայն, բացահայտել է՝ կան բացառություններ, և դրանց է վերաբերելու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված նոր նախագիծը։ «Քաղաքացիական պայմանագրից» նախագծի հեղինակ, պատգամավոր Հայկ Սարգսյանը հիմնավորում է նոր կարգավորումների անհրաժեշտությունը․   

«Ինձ հայտնի է դարձել 16 դեպք, ինձ մոտ կա ցուցակ, որ ունենք զոհված կամ անհայտ ճանաչված զինծառայողներ, որոնք 18 տարեկան են եղել, ամուսնացած չեն եղել, հետևաբար, չունեն կին, չունեն զավակներ և սրան զուգահեռ՝ չունեն նաև ծնողներ։ Այսինքն՝ ծառայության մեկնելու ժամանակ նրանց երկու ծնողն էլ մահացած են եղել, և այս մեր քաղաքացիների, մեր հայրենակից եղբայրենրի մասով որևէ մեկը փոխհատուցում չի ստացել»։  

Պարզվել է, որ բոլոր 16 զինծառայողներն ունեն հարազատ քույր կամ եղբայր։ Նման բացառիկ դեպքերում, ըստ նախագծի՝ պետությունը հատուցումը կտրամադրի քույրերին և եղբայրներին։ Նախագծի հեղինակը խնդրի կարգավրումը ներկայացնում է  զինծառայող Սամվել Ավետիսյանի ընտանիքի օրինակով․ չի ունեցել ծնողներ, կին, երեխաներ, բայց ունի երկու քույր և երկու եղբայր։

«Քույր և եղբայրների միջև գումարը բաշխվելու է հավասարաչափ։ Այսինքն՝ նրանք ստանալու են 10 միլիոն դրամ միանվագ, որը կբաշխվի 4–ի միջև՝ 2.5 միլիոնական, և ամեն ամիս 20 տարի ստանալու են 300 հազար դրամ, որը նույնպես կբաշխվի չորսի միջև հավասարաչափ, այսինքն՝ ամսական 50 հազարական դրամ գումար նրանք կստանան»։     

Սա միակ դեպքը չէ, երբ պետական մամինները բախվում են քաղաքացիների ընտանեկան խնդիրներին և ստիպված են ավելի մանրակրկիտ ուսումնասիրել դեպքերը՝ արդարացի լուծումներ տալու համար։

Մեկ այլ կարգավորում վերաբերում է զոհված կամ անհետ կորած զինծառայողի փաստացի ամուսնությանը, որը գրանցված չի եղել, այլ կերպ ասած՝ «զագսի փաստաթուղթ» չի ունեցել, ինչի հետևանքով զինծառայողի դե ֆակտո կինը զրկվել է փոխհատուցում ստանալու իրավունքից։  

Մյուս խնդիրները ավելի ցավոտ են, ծավալուն, և առայժմ չկա դրանք արագ լուծելու հնարավորություն։ Փոխհատուցման գործընթացը ի հայտ է բերել մարդկային հարաբերությունների բացասական կողմը․ «տհաճ թեմա է»,– խոստովանում են ՊՆ պաշտոնյաներն ու պատգամավորները։  ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը գործի բերումով հանդիպում է անգամ անհավանական դեպքերի, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հավաստիացնում է՝ տեղյակ են բոլոր խնդիրներից․

Ալեքսանդր Ավետիսյան «Մի փոքր ընտանեկան հարաբերությունների տիրույթ ենք մտնում։ Շատ դեպքերում ընտանիքի անդամները գալիս են, նշում են, որ, ասենք, հայրը մանկուց թողել- գնացել է, եղել է դեպք, երբ անգամ մայրն է թողել գնացել և ընդհանրապես երեխայով չի հետաքրքրվել, հետո եկել, ներկայացել է։ Իսկ քանի որ իրավական առումով չկա ծնողական իրավունքից զրկված լինելու հանգամանք, պարտավոր ենք դիտարկել այդ անձին որպես շահառու»։

Արման Սարգսյան «Մեկ-երկու դրվագ ասեմ՝ պատկերացրեք։ Խնդիրներ կան, երբ փաստացի ամուսնացել են, սակայն վկայական չեն ստացել, այսօր բողոքում են, ասում են, որ ծնողն է ստանում։ Դեպք կա, երբ մայրը մեզ դիմել է, որ միանվագ գումարը հորը չտանք, և՝ հակառակը։ Ունեցել ենք դեպք, երբ քննարկման արդյունքում հուշել ենք դիմել դատարան, որովհետև զոհվածի երկու տատերը՝ հորականն ասում է՝ ես եմ մեծացրել, մորականն ասում է՝ ես եմ մեծացրել։ Այսպիսի խնդիրներ կան, որ չեմ կարծում, թե շատ արագ կկարողանանք լուծումներ գտնել։ Գույքագրած ամբողջը ունենք մենք»։

Խնդիրները գույքագրում են նաև բանկային ոլորտում։ Այս ոլորտի ներկայացուցիչները Աժ–ում աշխատանքային քննարկմանը նույնպես փորձում էին զոհված կամ անհետ կորած զինծառայողների խնդիրների լուծումները գտնել։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը քննարկում էր 44 օր տևած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների հարցը։

Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները 2021 թվականի հուլիսի 30-ի դրությամբ ներել են պատերազմում զոհված և անհետ կորած անձանց, նրանց ընտանիքների անդամների՝ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունները։ Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյան․

«17 հազար 100 անձանց շուրջ 2.8 մլրդ դրամի վարկային պարտավորություններ են ներվել:  Զոհված և անհետ կորած անձանց պարտավորությունների ներում է իրականացվել՝ 2400 անձանց մասով՝ 1 մլրդ 948 մլն դրամի չափով: Զոհված և անհետ կորած անձանց ընտանիքի անդամների պարտավորությունների մասով ներվել է 631 մլն դրամ,  պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց ընտանիքի անդամների պարտավորությունների մասով՝ 230 մլն դրամ: Բոլորը միասին՝ շուրջ 2.8 մլրդ դրամ: Դրա 2 մլրդ 252 միլիոնը բանկերի կողմից է ներվել, 557 մլն դրամը՝ վարկային կազմակերպությունների կողմից»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի որդին նույնպես  զոհվել է պատերազմում, այս հարցում պետության ակտիվ մասնակցության կարիքն է տեսնում:

«Մեր տան անդամներից մեկը բանկում ուներ սպառողական վարկ, երբ գնացինք, որ վարկը մուծենք, ասացին, որ մեզ կորոնավիրուսային համավարակի զեղչման համակարգի մեջ կներառեն: Այնքան վիրավորական է, որ հայրենիքի համար կյանքը տված մարդու համար չկա ինչ-որ որոշում, և նրան ընդգրկում են կորոնավիրուսային ինչ-որ ծրագրի մեջ»:

Վարկային պարտավորությունները ֆինանսական կառույցները ներել են իրենց միջոցների հաշվին: Պետությունն էլ իր մասնակցությունն է ունեցել․ Ազգային ժողովը 2020-ի հոկտեմբերին ընդունել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որը բանկերին ու վարկային կազմակերպություններին հնարավորություն է տալիս ներել զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները՝ առանց հարկային հետևանքների:

Սակայն, թե զոհվածներից քանիսն են վարկեր ունեցել, ինչ չափով է խնդիրն կա, դեռ պարզ չէ:

Արցախի կառավարությունն էլ է վարկային պարտավորությունների փոխհատուցման վերաբերյալ որոշում ընդունել՝ 2021 թվականի մարտին: Ըստ այդ որոշման՝ տեղահանվածների և զոհված անձանց ընտանիքների անդամների գյուղատնտեսական և հիփոթեքային վարկերը մարվելու են ամբողջությամբ, առանց սահմանափակումների: Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ չի ստացվել որևէ դժգոհություն, բայց համակարգված լուծումների անհրաժեշտություն կա։

Back to top button