ԿարևորՀասարակություն

Հանրապետության բոլոր աղբավայրերը պետք է փակվեն

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է աղբավայրերի մոնիթորինգ իրականացնել․ e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրվել «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Գործադիրը վստահ է, որ պատշաճ իրականացված մոնիթորինգի արդյունքում հնարավոր կլինի  գնահատել բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը։ Բնապահպանները վերապահում ունեն․ վստահ չեն, որ քայլն արդյունավետ կլինի։ Մոնիթորինգից բացի նաև գործուն քայլեր են ակնկալում։ Կառավարությունից հավաստիացնում են՝ մոնիթորինգին  հաջորդելու են կոնկրետ քայլեր։

Հանրապետության շուրջ 300 աղբավայրերից և ոչ մեկում անվտանգության նորմերը չեն պահպանվում, դրանք լուրջ վտանգ են շրջակա միջավայրի համար։ Աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության նվազեցմանը միտված ծրագրեր պարբերաբար իրականացվել են, բայց ինչպես իրավիճակն է փաստում, դրանք արդյունավետ չեն եղել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կապիտալ ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանի  բնորոշմամբ՝  աղբավայրերը շարունակում են սպառնալ մարդկությանն ու բնությանը։

«Մենք 2020 թվականին համայնքների հետ համատեղ գույքագրել ենք  շուրջ 300 աղբավայր, կամ ավելի շուտ աղբանոց, որովհետև դրանք չեն կարող աղբավայր համարվել։ Դրանց մեջ բնապահպանական լուրջ խնդիրներ են առաջացնում․Արջուտն է միշտ ինքնայրվում, Աբովյանինն է միշտ ինքնայրվում, Մասիսի աղբավայրն է ահավոր վիճակում։ Կարող ենք ասել, որ հանրապետությունում մենք չունենք նորմերին համապատասխանող աղբավայր»։

Հաշվի առնելով այս բոլոր ռիսկերը՝ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է աղբավայրերի նոր մոնիթորինգ իրականացնել։ Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատելու աղբավայրը շահագործողի կողմից իրականացրած բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը և ըստ անհրաժեշտության՝ խնդրի կարգավորմանն ուղղված որոշումներ կայացնել։  Հանրային քննարկման  ներկայացված նախագծից  նախարարության ներկայացուցիչը մեծ սպասելիքներ ունի։

«Որոշ առումով կնպաստի, կարձանագրի բացթողումները։ Դա միակ քայլը չի լինելու։ Զուգահեռ այլ գործիքներ ենք իրականացնում։ Նաև մշակել ենք գործող աղբավայրերի բարելավման նվազագույն նորմերը, որպեսզի բացառենք այդ ինքնայրումը, կենդանիների և մարդկանց մուտքը այդ տարածքներ, փորձում ենք հնարավորինս պահպանել մարդու առողջությունը և շրջակա միջավայրը աղտոտումից»։

Նախագիծը, որը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, ողջունում է նաև բնապահպան Սիլվա Ադամյանը։ Բայց  ի տարբերություն Նարինե Ավետյանի, Սիլվա Ադամյանը դրանից լուրջ արդյունքներ չի ակնկալում։

«Հասկանում եմ, որ մոնիթորինգ պետք է, բա հետո՞։ Ասենք՝մոնիթորինգ արեցիք, մոնիթորինգից հետո քայլեր պետք է ձեռնարկվեն։ Աղբավայրերի խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է աղբի վերամշակմամբ զբաղվել, իսկ վերամշակումը սկսվում է աղբի տեսակավորումից, ինչը տարիներ շարունակ չի արվել՝ պատճառաբանվելով, որ մեր հանրությունը դեռ պատրաստ չէ դրան»։

Նախագծում նշվում է, որ աղբավայրի տարածքում իրականացված  մոնիթորինգը պարզելու է աղբավայրի տարածքում իրականացվող գործողությունների համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին, գնահատվելու է շրջակա միջավայրի աղտոտումը կանխող համակարգերի օգտագործման արդյունավետությունը։ Մոնիթորինգ իրականում նախկինում էլ է արվել է՝ նկատում է բնապահպանը։ Փորձը, սակայն,  ցույց է տվել, որ քայլերը դրանով էլ սահմանափակվել են։ Սայլը տեղից այդպես էլ չի շարժվել՝ ասում է։

«Ամեն մոնիթորինգից հետո գործը կանգնում է, առաջ չի գնում։ Ես չեմ ասում, որ վատ է մոնիթորինգը, բայց ուզում եմ հարց տալ՝ հաջորդ քայլը ո՞րն է լինելու։ 10 տարի մենք մոնիթորինգ ենք անում»։

Հաջորդ քայլը այդ բոլոր աղբավայրերի փակումն է՝պարզաբանում է Տարածքային կապիտալ ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը։ Փոխարենը կլինեն սանիտարական աղբավայրեր, այն էլ ՝ սահմանափակ քանակությամբ։

«Հանրապետությունում մենք պետք է առավելագույնը 6-7 սանիտարական աղբավայր ունենանք։ Դրանցից մեկի շինարարությունը ավարտման փուլում է  Հրազդանում։ Երևանինն էլ այս տարի է նախատեսվում սկսել։ Այս տարվանից հնարավոր է  սկսվեն նաև մարզերում դրանց նախագծման աշխատանքները»։

Աղբավայրերի մոնիթորինգ իրականացնելն ու դրա նոր կարգը սահմանելը գործադիրի  2021-2026թթ. ծրագրի բնապահպանական  առաջնահերթություններից է:

Back to top button