Խոշորացույց

Ծանոթ ու անծանոթ Թուրքիան. թշնամական հարեւանություն. «Խոշորացույց»

«Ի՞նչն է ավելի էժան, քան օտարի երեխայի կյանքը». թուրքական այս ասացվածքը մի շարք այլ ասացվածքների հետ, որ լսել եմ, իմ առաջին ընկալումներն էին թուրքերի մասին։ Դրա հետ միասին նաեւ իմ առաջին պատկերացումները Թուրքիայի եւ թուրքերի մասին ձեւավորվել են իմ ընտանիքի պատմությամբ։

Իմ ե’ւ հայրական, ե’ւ մայրական կողմը Ցեղասպանության զոհ են դարձել, իսկ ովքեր փրկվել են Եղեռնից` մինչեւ Հայաստան հայրենադարձվելը ապաստանել են Հունաստանում եւ Եգիպտոսում։ Մեր ընտանիքում Մեծ եղեռնի մասին բարձր չեն խոսել, ավելի շատ` լռությունն է խոսել, ողբերգության մեծ լռությունը։

Թուրքերի մասին եւս մի պատկերացում էր նաեւ թուրքական հեռուստատեսությունը։ Իմ մանկության տարիներին Գյումրիում՝ այն ժամանակ Լենինի անունը կրող Լենինականում, որտեղ հաճախ հյուրընկալվում էի, շատ ավելի հեշտ ու որակով թուրքական հեռուստաալիքներն էին բռնվում հեռուստացույցի մեջ ինչ-որ սարք տեղադրելով, քան՝ հայկական հեռուստատեսության հաղորդումները։

Թուրքական հեռուստատեսությամբ հնչած համերգներով հասկացա, թե որքան են իրար նման ու հարազատ թուրքական ու հայկական ռաբիզ երաժշտությունը։

Հայ-թուրքական հարաբերությունների «զարգացումը»՝ վերջին 100 տարում. Մարիամ Հովսեփյանի ռեպորտաժը

Առաջին հանդիպումը թուրքերի հետ Երեւանում էր, երբ արդեն տարիքով բավականին մեծ էի եւ լրագրողական մի պատվիրակություն էր եկել Հայաստան։ 

Երբ սկսվեցին զբոսաշրջային տարբեր տուրեր Արեւմտյան Հայաստան ու Թուրքիայի այլ տարածքներ, բազմաթիվ ընկերներ ու գործընկերներ էին մեկնում այնտեղ, նաեւ ինձ հրավիրում միանալ իրենց։ Այդպես էլ նրանց չմիացա։ Կարող եմ հիմա բազում պատճառներ նշել՝ մեկը մեկից գեղեցիկ, հայրենասիրական ու ազգասիրական, բայց բոլորն էլ մտացածին կլինեն։

Ահա իմ ամբողջ «գործնական» պատկերացումները Թուրքիայի ու թուրքերի մասին, սրանց գումարած նաեւ նրանք, որոնք ձեւավորվել են բազմաթիվ էջեր ընթերցելուց հետո։

Հայ եւ թուրք հասարակություններում միմյանց նկատմամբ վերաբերմունքի հոգեբանական շերտերը. Հռիփսիմե Հովհաննիսյանի ռեպորտաժը

Այսօր, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հերթական փորձն է ձեռնարկվում, ես հանկարծ հասկանում եմ, որ հարեւան այդ երկիրը ըստ էության չեմ ճանաչում, իսկ միակ ձեւավորված կարծիքս էլ այն է, որ Թուրքիայի հետ բարդ է բանակցել, հատկապես` պարտությունից հետո։ Հասկանում եմ, որ մենք մեր հարեւան այդ երկիրը չգիտենք, իրենք` մեզ։ Ու, իրականում, չենք էլ ցանկանում միմյանց իմանալ։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Վերը բարձրացրած հարցերի պատասխանն ենք փորձել գտնել «Խոշորացույցի» հերթական հաղորդման ժամանակ արեւելագետ Միքայել Հովհաննիսյանի օգնությամբ։

Back to top button