ԿարևորՄշակույթ

Գերխիտ ժամանակի բանաստեղծը

81 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, հասարակական ու քաղաքական գործիչ Ռազմիկ Դավոյանը՝ գերխիտ ժամանակի բանաստեղծը։ Նրան այսպես բնորոշել է Հրանտ Մաթևոսյանը։ «Ռազմիկ Դավոյանի մուտքը վստահ էր, և ձայնը հաստատ։ Այդքան վստահ մուտք, այդքան արդարացվող վստահություն, միանգամից այդպիսի հասունություն   մեր բանաստեղծությունը նախկիններում թերևս մի քանի անգամ արձանագրել էր, իսկ իմ սերունդը չարձանագրեց։ Ռազմիկն այլ ոլորտներից, այլ ժամանակներից էր գալիս. ճշմարիտ բանաստեղծներն իսկապես գալիս են մի այլ ժամանակից և ապրում են իրենց այդ գերխիտ ժամանակով»,-գրել է Մաթևոսյանը։

1935 թվականանին երիտասարդ Հովհաննես Շիրազն իր բանաստեղծություններից մեկում  գրում էր.«Արտս հնձեմ, հնձեմ, հնձեմ ու հասնեմ Արարատին»: Շիրազյան այս տողերով Ռազմիկ Դավոյանը Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հարցազրույցում հերքում էր այդ շարժման ընդամենը  երկուս ու կես  տարիների գոյության վարկածը: «Անընդհատ հող ու պետականություն կորցրած ժողովուրդն իր գենետիկ հիշողության խորքում կենդանի է պահում անարդարության հանդեպ իր վերաբերմունքը: 88- ը անարդարության դեմ մեր ժողովրդի ընդվզման հերթական  փուլն էր, հերթական, բայց գուցե կարևորագույնը: Արցախյան շարժումը դարձավ մեր ժողովրդի միասնականության խորհրդանիշը»։ Ռադիոլուրի արխիվում պահպանված հարցազրույցում Ռազմիկ Դավոյանը վստահություն էր հայտնել․ «Հայ ժողովուրդը շարունակելու է իր պատմական ընթացքը, եթե ժամանակին սխալները խմբագրելու կամք և  ունակություն ունենա»։

«Պատմությունը շարունակվելու է, և եթե հայ ժողովուրդը կարողանա ինքն  իրեն զսպել  կուսակցականացված պայքարների մեջ բաժան բաժան չլինել ու,  լինի միասնական։ Մենք, հավաքագրելով մեր կամքը, ուժը, զորությունը կարող  ենք շարունակություն ունենալ»։

Բաց քո կեղևը, ծա՛ռ,

Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ…

Անցան օրեր մեկ-մեկ,

Անցան օրեր զույգ-զույգ,

Ճաշակեցինք և սեր,

Եվ տառապանք, և սուգ:

Հոգնեցրին ինձ արդեն

Օրերը լայն ու նեղ,

Հոգնեցրին ինձ արդեն

Մեղավոր ու անմեղ,

Հոգնեցրին ինձ արդեն

Տխրությունն այս ցանցառ

Եվ կարոտներն այս խեղճ,

Դե բա՛ց կեղևդ, ծա՛ռ,

Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ․․․

Ահա այսպիս բազմաթիվ գեղեցիկ երգեր, որոնց միջոցով նաև կշարունակեն ապրել  ու հուզել Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button