
Բոշ բազրգյան եկել է… գացինք Ստամբոլ, բերինք փարա բոլ… գացեր իմ շուգեն, առեր իմ քաթան… մի քյամարի առնելն ինչ է, այ տղա կամ Գոգ ախպարը տանձ է բերել, հոս չեմ առնի, մեր տունը բեր… կարճ ասած՝ առևտուրը և ժողովրդական երգերը:
Ավանդական երգերը ժողովրդի կյանքի, կենցաղի ոչ միայն անբաժան մասն էին, այլև դրանց արտացոլումը, այն ինչ կյանքում ու կենցաղում էր, նաև երգերում էր՝ սկսած առօրյա, կենցաղային գործերից մինչև ծես ու տոնակատարություն:
Առևտուրը ևս, որպես հանրային կյանքի կարևոր երևույթներից մեկը, տարբեր ձևերով արտահայտված է ժողովրդական երգերում:
Շուկան առևտրի գլխավոր տեղն էր, որտեղից ինչ ասես կարելի էր գնել՝ գազար, ասեղ, ձմերուկ, քաթան, և տեսնել հավանական փեսացուներին՝ Ղազարին, Վարդանին, Բարսեղին ու Մանուկին:
Շուկա գնալիս հատուկ զուգվում-զարդարվում էին, ու դեյրի վրայի զարդ ու զարդարանքները, ճակատնոցները, քյամար ու վզնոցները զընգզընգում ու շխկրտում էին: Էդ շըխկրտան ու զընգրտան աղջկա անունը Նարե կամ Սառե, Շուշան կամ Հասա կարող էր լինել, որ լավ մտածենք, ուրիշ անուններ էլ մեջտեղ կգան, պարզապես նշվածները հեշտ են հանգավորվում:
Ինչ վերաբերում է պարերգերին ու առևտրին, ապա սրանց ամենակարևոր տեղը ուխտավայրն էր, տոն օրերը, երբ վանքի շուրջը տոնախմբություն էր ու տոնավաճառ, կարելի էր և ուզածը գտնել-առնել, կարելի էր աղջիկ տեսնել կամ իրենց տղի համար աղջիկ հավանել, ապա պարի մեջը օրորալ-շորորալ: