Բնական ընտրություն

Ազդոսկրի պես ամուր Էյֆելյան աշտարակը. ո՞րն է ինժեներական հրաշքի նմանակը բնության մեջ․ «Բնական ընտրություն»

 «Շվեյցարացի այդ պրոֆեսորը պատկերացնել անգամ չէր կարող, որ անատոմիայի ոլորտում իր գյուտը 40 տարի հետո դառնալու է Էյֆելյան աշտարակի նախագիծը»

«Մադմուազել Ֆիֆի», «Մահվան պես հզոր», «Պիեռ և ժան», «Սիրելի բարեկամ» և շատ այլ հայտնի ստեղծագործությունների ֆրանսիացի հեղինակ Գի դը Մոպասանն ատում էր այդ շինությունը և ամեն օր նախաճաշում էր դրա ռեստորաններից մեկում՝ պատճառաբանելով, որ դա Փարիզի միակ վայրն է, որտեղից այդ շինությունը չի երևում։ Մարսյան դաշտի մեջտեղում վեր է խոյանում շուրջ 300 մետր բարձրություն ունեցող Էյֆելյան աշտարակը, որի անգամ հոսանքալարերը պատահական ձևով միացված չեն․

«Եթե նույնը նայենք օրգանիզմ համակարգում, ապա կտեսնենք, որ ոսկորը պատված է անոթային, արյունատար և նյարդային թելերով, որոնք ավելի ամրացնում են մարդու ոսկորը և կայունացնում դրա ճիշտ աշխատանքը»։

Նորայր Գաբրիելյանն է՝ կենսաքիմիկոս, մանրէաբան։ Ասում է՝ Էյֆելյան աշտարակի կառուցվածքը նման է խողովակավոր ոսկրի կառուցվածքին․

«Ոսկրի ամրությունն ավելի բարձր է, քան` երկաթինը, և հենց դա է պատճառը, որ Գուստավ Էյֆելը աշտարակի կառուցման հարցում ուսումնասիրել և ներդրել է հենց խողովակավոր ոսկրի կառուցվածքային առանձնահատկությունները»,-ասում է Նորայր Գաբրիելյանը։

Ճարտարապետ Նարեկ Պետրոսյանի խոսքով՝ բիոնիկ ճարտարապետության գլխավոր առանձնահատկություններից մեկը ոչ միայն արտաքին տեսքի նմանությունն է, այլև կոնկրետ բնության այս կամ այն երևույթի կառուցվածքային ձևի կրկնօրինակումը շինարարության մեջ․

«Խողովակավոր ոսկրի ուսումնասիրումը ցույց է տալիս, որ դրա մանր բյուրեղիկները ստեղծում են ամուր երկրաչափական համակարգ, որը ոչ միայն էյֆելյան աշտարակի, այլև տարբեր կամուրջների շինարարության մեջ է կիրառվել։ Այս դեպքում արտաքին նմանությունն այնքան կարևոր չէ, որքան հենց ոսկրի կառուցվածքը, բաղադրությունը, ինչն էլ ճարտարապետները կիրառել են»,-ասում է Նարեկ Պետրոսյանը։

Նարեկ Պետրոսյանը պատմում է․ խողովակավոր ոսկրի ամրության մասին գիտական հայտնագործությունը, սակայն, տեղի է ունեցել աշտարակից կառուցումից դեռ 40 տարի առաջ․

«Շվեյցարացի պրոֆեսոր Հերման Ֆոն Մեյերի գիտական հայտնագործության հիման վրա է պարզ դարձել, որ այդ ոսկորն այդքան ամուր է և հետագայում էլ օգտագործվեց Էյֆելի կողմից։ Նա հայտնաբերեց, որ մասնավորապես ազդոսկրը, որի ոսկորը խողովակավոր է, կազմված է մանր ոսկրային թիթեղիկներից, որոնք դասավորված են այնպես, որ ցանց են առաջացնում և այնտեղ էլ այնպես են դասավորված, որ սեղմման ուժի դեպքում էլ մեծ ծանրություն կարող են վերցնել»,-ասում է երիտասարդ ճարտարապետը։

1866 թ. շվեյցարիացի ճարտարապետ Կառլ Կուլմանը տեսականորեն հիմնավորց Ֆեյն Մայերի հայտնագործությունը, իսկ 23 տարի անց ծանրաբեռնվածության բնական ձևով բաշխումն օգտագործվեց Էյֆելի կողմից: Ոսկրերի կառուցվածքի և բնական այլ մոդելների հետազոտման արդյունքում ճարտարապետության մեջ առաջացել է ծակոտկեն կառույցների սկզբունքը, որը նոր տարածական համակարգերի մշակման սկիզբն է դրել: Ֆրանսիացի ճարտարապետներն այդ սկզբունքն օգտագործում էին կամուրջների շինարարության մեջ` դրանց ծովաստղի տեսք տալով: Իսկ Էյֆելյան աշտարակն այսպես ասած ամուր կանգնած է հողին արդեն 133 տարի․ կենսաքիմիկոս Նորայր Գաբրիելյան․

«Փորձեմ ավելի մանրամասնել, խողովակավոր ոսկորն իր ծայրերին ունի սպունգանման հատվածներ և, եթե համեմատություն տանենք ճարտարապետության մեջ, ապա այնտեղ ևս միացման համակարգեր կան, որոնք ամրություն են պահպանում։ Նույնն էլ խողովակավոր ոսկրերի դեպքում է»,-ասում է Նորայր Գաբրիելյանը։

Բիոնիկ ճարտարապետությունը ապագայի ճարտարապետությունն է․ այս կարծիքին է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ Սամվել Ասատրյանը․

«Ֆրանսիայի խորհրդանիշն է, սիրո խորհրդանիշ է այս տասնամյակների ընթացքում դարձել Էյֆելյան աշտարակը, որը վառ օրինակ է բիոնիկ ճարտարապետության և գրեթե անհնար է, որ այն դեֆորմացվի կամ փլուզվի, և սրա պատճառը հենց ոսկրի կառուցվածքային օրինակով ստեղծված լինելն է»,-ասում է Սամվել Ասատրյանը։

Յուրաքանչյուր տարի աշխարհի տարբեր կողմերից Էյֆելյան աշտարակ է այցելում ավելի քան 7 միլիոն մարդ, որոնց շատերի աչքից չի վրիպում՝ իսկապես որ, աշտարակը նման է ոսկորի։

Ցուցադրել ավելի
Back to top button