ԿարևորՀասարակություն

Քննությունը՝ հնարավորություն, ոչ թե պատժամիջոց․ կրթության փորձագետ

Կառավարության որոշմամբ հաստատվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022–2023թթ․ ուսումնական տարվա ընդունելության քննությունների և մասնագիտությունների ցանկը: Նախատեսվում է 100-ական տեղով ավելացնել բակալավրի կրթական ծրագրով հատկացվող անվճար տեղերի թիվը։ Դրանք  հիմնականում բաժին կընկնեն  բնագիտատեխնիկական  մասնագիտություններին: Իսկ վաղվանից արդեն՝ հունվարի 11-ից, կմեկնարկեն 2021-2022թթ․ ուսումնական տարվա պետական ավարտական քննությունները:

Դպրոցներում պետական ավարտական քննությունները կմեկնարկեն վաղվանից։ Նրանք, ովքեր հունվարին չեն հանձնի ավարտական քննությունները, դրանք հանձնելու հնարավորություն կունենան նաև  հունիսին: 12-րդ դասարանցիները հունվարին կարող են պետական ավարտական քննություններ հանձնել այն առարկաներից, որոնք չեն ընտրել և չեն ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում։  Միասնական քննությանը պատրաստվող աշակերտները  հունվարին ավարտական քննություններ կարող են  հանձնել այն առարկաներից, որոնք չեն հանձնելու միասնական կարգով։ 

Միևնույն առարկայից և միասնական, և ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում կլինի միասնական քննության ավարտական գնահատականը։ Ի դեպ՝ ոչ հեռավոր  ապագայում տարեկան 2 անգամ  կլինեն ոչ միայն ավարտական, այլև ընդունելության քննությունները։  Լրամշակվել և շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում  է բակալավրի կրթական աստիճանով ընդունելության նոր մոտեցումների և մեխանիզմների ներդրում։ Մասնավորապես, 2023-24թթ․և հետագա ուսումնական տարիներին դիմորդներին հնարավորություն կտրվի ընդունելության միասնական քննություններ հանձնել տարին 2 անգամ՝ հունվար և հունիս ամիսներին։ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյան։

«Նպատակահարմար ենք գտել դիմորդներին տալ հնարավորություն՝  հանձնել 2 քննություն։ 2 անգամ կարող են միասնական քննություն հանձնել և ստուգել նաև իրենց գիտելիքները։ Առաջին անգամ այս մեխանիզմը կներդնենք 2023-2024 թվականին։  Հունվարին կամ հունիսին շրջանավարտները հնարավորություն կունենան հանձնել քննություն, ինչը , իմ կարծիքով,  այդ սթրեսային մեկ քննության գործոնը կչեզոքացնի և շատ ավելի մատչելի ու հեշտ կդարձնի ընդունելությունը»։

Այս փոփոխությունը ողջունում է նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Քննության կրկնակի հնարավորությունը կարող է ոչ միայն փորձ դառնալ դիմորդի համար, այլև՝ ևս մեկ հնարավորություն։

Ձայն «Երկու անգամ քննություն հանձնելու հնարավորության մասին վաղուց է խոսվում և լավ է, որ հիմա տրվում է նման հնարավորություն։ Ամեն դեպքում մենք քննությունը պետք է դիտարկենք որպես աճի զարգացման հնարավորություն, ոչ թե որպես դիմորդին պատժելու կամ այդ հիմքով կոռուպցիոն ռիսկերի հնարավորություն»։

Ընդունելության կարգում այլ  արմատական փոփոխություններ էլ են  սպասվում։ Ամեն ինչ կախված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումից։ Ըստ այդմ՝ եթե մինչև հիմա դիմորդը նախ դիմում է որևէ մասնագիտությամբ, հետո՝ հանձնում քննությունները, ապա նոր կարգով նախ քննություններ կհանձնի, ապա,  ըստ միավորների, կընտրի դրանց համապատասխան մասնագիտությունները։ Ընդունելությունը հեշտացնելուն միտված քաղաքականությունը նախարարությունը նոր չէ որդեգրել։  Շուրջ մեկ տասնամյակ այս ուղղությամբ գործուն քայլեր են արվում։ Միայն թե հեշտ ընդունելության մյուս կողմում բուհում դժվար սովորելն ու ավարտելն է։ Մի բան, որն ի տարբերություն ընդունելության, այնքան էլ չի հաջողվում՝ կարծում է փորձագետը։

«Մենք աշխարհի ամենաշատ դիպլոմակիր երկրներից ենք, և այդ իմաստով մեզ մոտ բավական շատ են սովորում բուհերում, թեև բոլորս էլ գիտենք, որ սովորողների զգալի մասն, ըստ էության, չեն համապատասխանում բարձրագույն կրթությանը ներկայացվող պահանջներին։  Խնդիրն առաջացել է նաև  այն պատճառով, որ Հայաստանում շատ մեծ պահանջարկ կա բարձրագույն կրթություն ստանալու, և կա ֆինանսական խնդիր՝ բուհերը պահելու։ Եվ քանի որ  բնակչությունն այդ պահանջարկն ուներ, որոշվեց վճարովի ուսուցման հաշվին ավելացնել այդ տեղերը»։

Լավ է, որ բարձրագույն կրթությունը հնարավորինս հասանելի է դառնում, բայց նաև ավարտելն առայժմ նույնպես  շատ հեշտ է, ինչը արդեն բուհական կրթության որակի մասին վկայող խնդիր է՝  նկատում է փորձագետը՝ առաջարկելով ամենաարդյունավետ լուծումը։ Պետք է կտրուկ ավելացնել բուհերի պետական ֆինանսավորումը, որպեսզի բուհերի կախվածությունը վարձավճարներից նվազի։«Երբ դու 80-90 տոկոս կախվածություն ունես  ուսանողների վարձավճարներից, դու չես կարող խստապահանջ լինել»։

Լուծման ևս մեկ տարբերակ էլ կա։  Սերոբ Խաչատրյանն առաջարկում է դասակարգել համալսարանները ։ Առաջին խմբում  սովորելն ու ավարտելը շատ դժվար կլինի, երկրորդ խմբում՝  մասսայական համալսարաններում, ինչպես սովորելն, այնպես էլ ավարտելը անհամեմատ հեշտ կլինի։ Փորձագետը կարծում է, որ մեր բուհերը,   բացառությամբ մի քանիսի, մասսայական համալսարաններ են, որտեղ հեշտությամբ ընդունվում են, հեշտությամբ սովորում և նույն կերպ էլ ավարտում։

Back to top button