ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ-ից այս անգամ գոհ են, բայց բարելավելու կարիք են տեսնում․ ի՞նչ արձանագրեց ՀՀ նախաձեռնած նիստը

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը այսօր արտահերթ նիստ է գումարել Ղազախստանում իրավիճակը քննարկելու համար։ Հանդիպման նախաձեռնողը և կազմակերպիչը Հայաստանն է, քանի որ մեր երկիրն է այս տարի նախագահում ՀԱՊԿ–ում։ ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն հայտեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցման հարցում օպերատիվ աշխատանքի համար, իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալ էր ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը Ղազախստան ուղարկելու հարցն արագ կազմակերպելու համար:

Որոշում է կայացվել, որով ՀԱՊԿ ուժերը Ղազախստանում կլինեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Իրենց գործառույթները կատարելուց հետո ողջ զորախումբը դուրս կբերվի Ղազախստանի տարածքից՝ հայտարարվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։

Մի քանի կարևոր ուղերձ՝ Հավաքական անվտանգության խորհրդի՝ 1 ժամ 20 րոպե տևած արտահերթ նստաշրջանում։ Հեռավար հանդիպմանը մասնակցում են ՀԱՊԿ անդամ բոլոր 6 պետությունների ղեկավարները։  

Թեև ՀԱՊԿ-ը Հայաստանի նախագահությամբ արագ արձագանքեց Ղազախստանի նախագահի դիմումին և խաղաղապահներ ուղարկեց երկրում կայունություն հաստատելու համար, բայց Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մի քանի արձանագրում արեց կառույցի աշխատանքի առնչությամբ․ «Անհրաժեշտ է բարձրացնել ճգնաժամային իրավիճակներում կառույցի արձագանքման օպերատիվությունը»:  

Ղազախստանին աջակցությամբ ՀԱՊԿ–ը փաստացի առաջին անգամ գործեց իբրև միասնական, կայունացնող կառույց՝ զսպման նպատակով որպես այդպիսին առաջին անգամ զինված ուժեր ուղարկելով, թեև անցյալ տարվա մայիսից Հայաստանը նույնպես դիմել էր կազմակերպությանը։ Ղազախստանի դեպքում գնահատվեց, որ կա «գունավոր հեղափոխության» վտանգ և սպառնալիք երկրի ինքնիշխանությանը։ Իսկ ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու փաստը կառույցում որակվել էր որպես միջադեպ, ինչը հայաստանյան եւ արտասահմանյան քաղաքէագիտական շրջանակներում միանշանակ չէր ընկալվել։   

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն այժմ ամեն դեպքում գոհ են, կառույցի աշխատանքն արդյունավետ են համարում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ըն իր ձեռնարկած միջոցառումներով ցույց տվեց, որ թույլ չեն տա իրագործել «գունավոր հեղափոխությունների» սցենարը։ ՌԴ նախագահի կարծիքը կիսում են թե Բելառուսի, թե Տաջիկստանի նախագահները։ Ընկալում են, թե ինչ է նշանակում այն իրավիճակը, երբ Ղազախստանի նախագահ Տոկաևն օգտագործում է «երկրի դեմ ագրեսիա», «իշխանության բռնազավթում», «հեղաշրջման փորձ» ձևակերպումները։ Բոլորն էլ իրենց պաշտոնավարման ընթացքում իրենց երկրում ունեցել են լարված իրավիճակ և գնահատում են դա որպես «դրսից» միջամտելու փորձ։ Լուկաշենկոն, Ռահմոնը, Տոկաևն իրենց հերթին նշեցին՝ ամեն լարվածության ժամանակ նկատել են կազմակերպված զինված խմբերի ներկայությունը, ենթադրում են, որ դրանք վերապատրաստվել են այլ երկրներում։ Ահաբեկիչներ են անվանում այդ անձանց։ Որպես ապացույց՝ Տոկաևը փաստ է ներկայացնում․ բախումների ընթացքում գրանցվել է իրավապահների երկու գլխատման դեպք։ Ղազախստանի նախագահը նոր բացահայտումներ է խոստանում քննության ավարտին։

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները համոզված են՝ սա ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը ապակայունացնելու վերջին փորձը չէ։ Կարևորը դասեր քաղելն է՝ կարծում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Դասեր չքաղելու դեպքում Բելառուսի նախագահը կանխատեսում է դեպքերի կրկնություն։ Իր ունեցած տեղեկություններով՝ «գրոհայինների» հայացքը հաջորդիվ ուղղված է Ուզբեկստանին։  

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները համակարծիք են՝ անհրաժեշտ է աշխատել ՀԱՊԿ արձագանքման և որոշում կայացնելու մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ։  

Տաջիկստանի նախագահին, օրինակ, անհանգստացնում է նաեւ Աֆղանստանի գործոնը։ Ասում է՝ «Իսլամական կազմկերպություն» արգելված խմբավորման ջոկատները ՀԱՊԿ սահմաններին մոտ են։

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության նվազում չի նկատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շարունակում ենք բախվել նոր սպառնալիքների՝ ասում է․ 

«Ղազախստանի Հանրապետությունում ընթացիկ իրավիճակը մեզ մոտ հատուկ տագնապ և մտահոգություն է առաջացնում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության մասին տեղեկատվության պատճառով։ Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվեցինք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների ի հայտ գալու հետ»։

Այսպես են իրավիճակը տեսնում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները։ Վերլուծաբանները ուշադրություն են դարձնում այլ նրբությունների վրա էլ։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ուսումնասիրել է ադրբեջանական և թուրքական մամուլը։ Ոչ միայն հակառուսական, այլեւ Ղազախստանի իշխանությունների դեմ ուղղված արշավի սկիզբ է նկատել ՀԱՊԿ–ին դիմելուց հետո։ Ֆեյսբուքի իր էջում պատգամավորը գրել է․

«Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային հաշվարկները խառնվել են, և նրանք, մոռանալով իրենց հետ սերտ, բազմակողմ, խորը հարաբերությունների մեջ գտնվող Ղազախստանին, հակաքարոզչական տարբեր չափաբաժիններով թիրախավորում են նաև Ղազախստանը։ Որոշակի փոփոխության են ենթարկվել նաև ԵՄ-ից, ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ից եկող ազդակները, որոնց հիմքում՝ երևացող մասում, ՀԱՊԿ ուժերի Ղազախստանում տեղակայման, ընթացող գործընթացներին ներգրավելու և երկարաժամկետ մնալու հարցն է։ Հիմա արդեն պարզ է, որ Ղազախստանի իրադարձություններից հետո եվրասիական տարածաշրջանում ակտիվություն դրսևորող ուժերը վերախմբագրումներ են մտցնելու իրենց քաղաքականության մեջ, և գործընթացներն այսուհետև այլ տրամաբանության ներքո են ընթանալու»։

Աբրահամյանն ընդգծել է՝ պարզ է, որ իրականում գործընթացները շատ ավելի խորքային են, և ազդեցության գոտիների ու կարևոր կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողության խնդիր կա։

Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը նույնպես ներկայացրել է «ղազախական հեղափոխության միջազգային համատեքստը»։ Վերլուծաբանը ֆեյսբուքում գրել է․

«Գոնե այս պահին Ղազախստանն, ըստ էության, կտրվել է թյուրքական աշխարհի շղթայից և դարձել է ռուսական աշխարհի ազդեցության գոտի: Բնականաբար, նման իրավիճակը խառնում է նաև Թուրքիայի խաղաքարտերը՝ նեոօսմանյան կայսրություն ձևավորելու ճանապարհին»:

Ըստ վերլուծաբանի՝ ղազախական իրադարձությունները կարող են սպառնալ նաև ԵԱՏՄ-ին։ Եթե Ռուսաստանը կորցներ Ղազախստանը, կկորցներ նաև ԵԱՏՄ-ն, քանի որ առանց ԵԱՏՄ կառույցի հիմնադիր-«հեղինակ» և ԵԱՏՄ երկրորդ տնտեսություն Ղազախստանի՝ այդ կառույցի գոյությունը կարող էր կասկածի տակ հայտնվել։ Գնահատելով ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգության երաշխավոր կառույցի միջամտությունը եւ փաստացի դրա կանոնադրությամբ սահմանված զինված միջամտության առաջին փորձը՝ անդամ-երկրները շտապում են գնհատաում անել՝ կազմակերպությունը «հանձնել է քննությունը» եւ ապացուցել իր կենսունակությունը։

Back to top button