ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ է Նորքի ինֆեկցիոնի 80 աշխատակից աշխատանքից ազատման ծանուցում ստացել

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝  պահանջելով հիմնավորել, թե ինչու են իրենցից ոմանք աշխատանքից ազատվելու ծանուցումներ ստացել։ Դեկտեմբերի 30-ին  հիվանդանոցի շուրջ 80 աշխատակից տեղեկացել է, որ հունվարի 15-ից հնարավոր է ազատվի աշխատանքից: Հիվանդանոցի տնօրինությունն ակցիայի  ժամանակ է պարզաբանում ներկայացրել, ըստ որի՝ հիվանդանոցի մասնաշենքերից մեկը նախատեսվում է հիմնանորոգել,  ինչով  պայմանավորված՝ բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։  Նախարարությունը վստահեցնում է՝ ծանուցում ստացած աշխատակիցներին այլ աշխատանքի տեղափոխելու  հարցը կարգավորվելու է։

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում բժշկական  կենտրոնի դիմաց։  Դեռ Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 30 –ին, հիվանդանոցի տնօրինությունը   80 աշխատակիցների տեղեկացրել է, որ  հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից: Խոսքը հիմնականում բուժքույրերի և մայրապետերի մասին է։ Բողոքող աշխատակիցները նշում էին, որ իրենց որևէ պարզաբանում չի ներկայացվել, թե ինչ հիմքով են ազատվելու աշխատանքից։

«Ամսի 30-ին բոլոր հիմնարկները ստացել են բոնուսներ, պարգևավճարներ, մենք ստացել ենք լուր, որ պետք է ազատվենք աշխատանքից»։  

«Ես 27 տարի աշխատում եմ այս բնագավառում ու շատ ծանր օրեր եմ տարել, որ այսօր  կանգնեն, ինձ ասեն՝ դու գործից ազատված ես։ Ի՞նչի համար»։

«Գիտե՞ք՝ քանի անգամ են Թորոսյանը ու Փաշինյանը եկել էստեղ , մեզ ծափահարել են, շնորհակալություն են հայտնել ու հիմա պարզվում է, որ  մենք ոչ մեկի պետք չենք»։

«Մեզ ոչ մի ծանուցում չի եկել, միանգամից մեզ ասել են դուրս եկեք» ։

Այս բուժհաստատությունում վերջին տարիներին հիմնականում բուժվում են քովիդով հիվանդները։

Հիվանդանոցի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը պարզաբանում է՝ ծանուցումներ ուղարկվել են  2–րդ մասնաշենքի աշխատակիցներին։ Փետրվարի մեկից սկսվելու է այս հատվածի  վերակառուցումը, շենքը համապատասխանեցվելու է ժամանակակից չափորոշիչներին։ Իսկ  աշխատակիցները ծանուցվել են, քանի որ,   հնարավոր է, 2 ամիս հետո աշխատանքից ազատվեն։  Փոխտնօրենը վստահեցնում է` քննարկվում է նրանց այլ աշխատանքի տեղափոխելու հարցը։

«Տարիներ շարունակ Նորքի ինֆեկցիոնից միշտ բողոքել են, որ  պայմանները լավը չեն, տաք  ջուր չկա  որոշ հատվածներում։ Մենք ուզում ենք ունենալ ժամանակակից հիվանդանոց։ Իսկ   2-րդ մասնաշենքը կապիտալ նորոգվելու է, զրոյից պետք է շենքը վերակառուցվի և պրոցեսը 2 տարի կտևի։ Մենք պարտավոր ենք շինհրապարակ տրամադրել, այսինքն` հնարավոր չէ աշխատել և շինարարություն իրականացնել։ Բնականաբար, կադրերի հետ կապված խնդիր է առաջանում, քանի որ գործող մեկ շենքում հնարավոր չէ նույն անձնակազմը պահել»,–ասաց Սարգսյանը։

Առողջապահության նախարարությունը նույնպես  հայտարարություն է տարածել, որով հաստատում  է՝  ծանուցում ստացած  աշխատակիցներին այլ աշխատանքի տեղափոխելու հնարավորությունները  քննարկվում են։ 

«Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները» ։

Ըստ հաղորդագրության ՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերից մեկի  հիմնանորոգումը կմեկնարկի փետրվարի 1-ից  և դրանով պայմանավորված՝ բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի ։ Շինարարական աշխատանքները կտևեն շուրջ երկու տարի։

Բուժանձնակազմը, սակայն,  համոզված  չէ, որ այդ ընթացքում աշխատանքի այլ հնարավորություն կառաջարկվի։  Փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը, մինչդեռ,  նշում է՝  ազատման դիմումների պահանջը զուտ տեխնիկական է։

«Եթե իրենք գնում են այլ հիվանդանոցում աշխատելու, թեկուզ ժամանակավոր, իրենք այնտեղի աշխատող պետք է լինեն։ Դրա համար էլ այդ պրոցեսը գնում է»,–ասում է Սարգսյանը։  

Բողոքող  բուժաշխատողների հետ հանդիպել է  հիվանդանոցի տնօրենը։ Վարդան Ավագյանը նրանց հավաստիացրել է, որ մինչև հունվարի 30-ը շարունակելու են աշխատել։

«Մեզ ասել է, որ կշարունակենք աշխատել, մինչեւ տեղի հարցը քննարկվի, եւ իմանանք, թե ինչ է լինելու մեր հետագան: Մենք դրսում չենք մնալու, բոլորս աշխատելու ենք» :

Back to top button