ԿարևորՏնտեսական

Եկամտահարկի շեմը փոխվում է․ ի՞նչ կարժենա այն պետության եւ քաղաքացու «գրպանին»

Հունվարի 1-ից միջին վիճակագրական աշխատողը պետությանը որպես եկամտային հակ կվճարի մեկ տոկոսով պակաս, քան նախորդ տարի․ նախկին սանդղակավորված եկամտահարկի փոխարեն հիմա բոլոր վարձու աշխատողները պետության հետ իրենց աշխատավարձը կիսում են համահարթեցված եղանակով։ 2020-ից սկսած՝ եկամտահարկն աստիճանաբար նվազել է՝ 23-ից հասնելով 21 տոկոսի․ այն եւս մեկ տոկոսով կնվազի եկող տարի ու կմնա հաստատուն՝ 20 տոկոս։ Արդյո՞ք այս փոփոխությունը որեւէ կերպ կազդի քաղաքացու գրպանի վրա, ու եկամտահարկի փոփոխությանը զուգահեռ նոր հարկային ծախսեր սպասվո՞ւմ են

Այս հունվարի մեկից եկամտային հարկի դրույքաչափն իջել է 1 տոկոսով, դարձել 21․ այսինքն՝ աշխատող քաղաքացին ի աշխատավարձի այսքան մասը հատկացնում է պետությանը որպես սոցիալական պարտավորություն։ 2023 թվականին եկամտահարկը կդառնա 20 տոկոս և կպահպանի իր այս դրույքաչափը։ Այս փոփոխությունները կառավարությունը խոստացել էր դեռ 2019 թվականին։ Արդյո՞ք սա էական ազդեցություն կունենա աշխատողի դրապանակի վրա, ու ի՞նչ կարժենա այն պետության «գրպանին»։ Ֆինանսական ոլորտի մասնագետ Վրեժ Մխիթարյանը մոտավոր հաշվարկներ ունի:

Եթե երկրում միջին աշխատավարձը 200 հազար դրամ է, իսկ երկրում կա գրանցված մոտ 650 հազար աշխատող, ապա պետության հարկային մուտքերը միայն եկամտահարկի մասով ամսական միջին կտրվածքով կպակասեն շուրջ 1 մլրդ 300 մլն դրամով։

Մխիթարյանը որոշ վերապահումներով է մոտենում եկամտահարկի նվազեցմանը, ասում է՝ եթե խիստ արդարացված լիներ, պետությունն այսօր եկամտային հարկի վերադարձից աստիճանաբար չէր հրաժարվի։ Ինչպես դա կանդչադառնա աշխատողի գրպանին։ Մխիթարյանի հաշվարկով՝

«Սպառում մենք չենք ավելացնում, վարձու աշխատողի գրպանն ավել գումար չի մտնելու, իր զուտ աշխատավարձը մնում է նույնը։ Ուղղակի կլինի մեկ տարբերություն եկամտահարկի այդ 1 տոկոսը կհաշվեգրվի իր անհատական հաշվին, այսինքն՝ կենսաթոշակային տարիքը լրանալու ժամանակ իր կենսաթոշակը կլինի ավելի բարձր»։

Ֆինանսական ոլորտի մասնագետներն ամեն դեպքում կարծում են, որ Հայաստանում եկամտային հարկի տոկոսադրույքը բարձր չէ, թեեւ Հայաստանի դեպքում պետությունն առողջապահական ապահովագրության եւ մի շարք այլ ծախսեր չի ծածկում այս հարկերով, ինչպես եվրոպական ավելի բարեկեցիկ երկրներում է, որտեղ էլ, սակայն, միջին վիճակագրական աշխատողն իր աշխատավարձի ընդհուպ մինչեւ կեսը հատկացնում է պետությանը։  Ֆինանսների նախկին նախարար, ֆինանսական համակարգի մասնագետ Վարդան Արամյանը հիշում է՝  նախկինում եկամտահարկի գանձման համար կիրառվում էր սանդղակավորված մոտեցում, հարաբերականորն բարձր աշխատավարձի պարագայում եկամտահարկի տոկոսադրույքը հասնում էր 36-ի, ինչը, Վարդան Արամյանի պնդմամբ, մեր տարածաշրջանի համար բավականին բարձր թիվ էր։ Իսկ արդեն 2023 թվականին այն կդառնա 20 տոկոս, փոխարենը կբարձրանա սոցվճարը։ Ի՞նչ է սա նշանակում, Արամյանը բացատրում է․

«Իրականում պետությունն իր հավաքելիքը զիջում է հօգուտ աշխատողի պետությունը նախկինում հավաքում էր 22 տոկոս և 3.5 տոկոս էլ աշխատողը պարտավոր էր իր անվանական աշխատավարձից տալ սեփական հաշվին, իսկ հիմա պետությունն ասում է՝ եղբայր, ես ոչ թե 22 տոկոս կվերցնեմ քեզանից, այլ 21, բայց դու քո սեփական հաշվին, քո ապագա ծերության համար ոչ թե 3.5 տոկոս տուր, այլ՝ 4.5»։

Որևէ աշխատանքի դիմաց ստանալով իրենց գումարը՝ քաղաքացիները որոշ չափով կիսում են այն պետության հետ․ այս օրենքը գործում է բոլոր երկրներում։ Հարկման համակարգերը տարբեր երկրներում տարբեր են ու ըստ տարբեր սկզբունքների։ Ֆինանսիստ Վարդան Արամյանն ասում է, որ աշխատավարձ ստացող քաղաքացին Հայաստանում պետությանն է վճարում բացառապես իր եկամտային հարկը․

«Երբեմն միջին վիճակագրական աշխատողի մոտ շփոթ կա, թե պետությունն ավելի շատ է տանում իրենից։ Խոսքը վերաբերում է սոցիալական վճարներին և զինվորների ապահովագրական համակարգին՝ այսպես ասած 1000 դրամների հիմնադրամին։ Այս երկու վճարը պետությունը չի տանում իր մոտ ես բացատրեմ դա ինչ է սոց վճարը աշխատողի սեփական միջոցն է, սեփականատերը աշխատողն է»։ ՞՞

Ինչ վերաբերում է այսպես կոչված «1000 դրամների հիմնադրամին» գումար փոխանցելուն, որը եւս ներառված է եկամտահարկի մեջ, ապա սա ունի սոցիալական պատասխանատվության ու պարտավորության սկզբունք՝ հավելում է զրուցակիցս ու շեշտում՝ դու չես տալիս այդ գումարը պետությանը, տալիս ես քո անվտանգության ապահովման համար, ինչպես նաև որպես բարոյական փոխհատուցում զինծառայողին ու նրա ընտանիքին, իսկ եկամտահարկը մտնում է պետբյուջե։ Վարդան Արամյան․

«Եկամտային հարկի մասով սովորաբար գրականության մեջ հարկման համակարգերը լինում են 3 տեսակի՝ ռեգրեսիվ, պռոգրեսիվ և չեզոք կամ ձեր ասած՝ համահարթ»։

Ռեգրեսիվը հետևյալն է․ որքան մեծ է քաղաքացու աշխատավարձը, այնքան քիչ է նա եկամտահարկ վճարում ու հակառակը։ Պրոգրեսիվի դեպքում եկամտահարկը աճում է աշխատավարձի հետ, իսկ չեզոքի կամ համահարթի դեպքում անկախ աշխատավարձի չափից բոլորի համար գործում է մեկ՝ հարթեցված եկամտահարկի դրույք։ 2019 թվականից Հայաստանը ընտրել է հենց հարկման երրորդ մեխանիզմը։ Որպես միջանկյալ լուծում այն վատը չէ՝ ասում է Արամյանն ու հավելում՝ ամեն դեպքում այս ընթացքում պետք է ներդնենք միասնական հայտարարագրման համակարգ՝ անմիջապես անցում կատարելով պրոգրեսիվ եկամտային հարկին։

«Դու նախ պետք է գտնես ճիշտ գործիքներ,  որոնց միջոցով կկարողանաս եկամուտների վերաբաշխումը ճիշտ կատարել,  նույնականացնել բոլոր մեծ եկամուտները ու ստիպել մարդկանց վճարել հարկերը, ինչից հետո նոր անցում կատարել պռոգրեսիվ համակարգին»։

Հայաստանյան իրականության մեջ շատերն են բախվել խնդրին, երբ գործատուն իր աշխատողի ամբողջ աշխատավարձը ցույց չտալու և հարկերից խուսափելու համար պայմանագրում աշխատավարձի ավելի փոքր թիվ է նշում՝ գումարի մի մասը տալով առձեռն։ Այսպես կոչված «ծրարով աշխատավարձ» գաղափարը դեռ կա՝ հարկային ոլորտի մասնագետներից Վրեժ Մխիթարյանն է նկատում՝ չանտեսելով, սակայն, վերջին տարիների դրական միտումները․

«Ընդհանուր առմամբ, եթե վերցնենք միջազգային փորձը, Հայաստանի եկամտային հարկի դրույքաչափը ցածր է, իհարկե, աշխատավարձերն էլ են ցածր։ Բայց այստեղ շատ կարևոր հանգամանք կա մեր երկրում մենք չունենք ցուցանիշ, թե որքան եկամուտ է հաշվեգրվում ֆիզիկական անձանց օգտին։ Եթե կարելի է ասել, որ 2018 թվականից հետո մեր վարձու աշխատողների քանակը ինչ-որ չափով ավելացավ՝ հասնելով մոտ 650 հազարի,  ապա իրենց օգտին հաշվեգրվող եկամուտների չափը չունենք»։

Մխիթարյանը կարծում է՝ համահարթ հարկման մեխանիզմից կարելի է աստիճանաբար անցում կատարել ամեն ոլորտի համար անհատական հարկման դրույքաչափ սահմանելում։ Ըստ նրա, մենք ունենք ոլորտներ, որտեղ շատ մեծ է հարկերը թաքցնելու գայթակղությունը, բայց պետք չէ խառնել դա ամբողջի հետ ու պրոյեկտել մնացած բնագավառների վրա։ Մխիթարյանը հիշում է՝ կար ժամանակ, երբ առաջակներ կային նույնիսկ նվազագույն ամսական աշխատավարձը ըստ պաշտոնների, հաստիքների դիտարկել․

«Մենք նվազագույն աշխատավարձ ենք սահմանել 68 հազար դրամը, Ազգային ժողովում էլ խոսակցություններ կան 100 հազար նվազագույն աշխատավարձի մասին սա անտրամաբանական է։ Չի վճարում որևէ գործատու 100 հազար դրամ հավաքարարին։ Այսինքն ստացվում է, որ ես ստիպված պետք է հավաքարարի աշխատավարձը գրեմ 100 հազար դրամ, ու 2 մլն ստացող ՏՏ ոլորտի աշխատողինը նույնպես կարող եմ այդքան գրել։ Այստեղ ունենք անարդարություն, որ պետք չէ բոլորին հավասար դիտարկել։ Ծրագրավորողների ու հավաքարարների քանակը նույնը չէ։ Եթե գործատուն հավաքարարին 50 հազար է վճարում, կգրի 100 հազար ու կվճարի դրանից հարկեր, իսկ 3 մլնը կգրի 2 մլն ու օրինակ 20 հոգուց յուրաքանչյուր ամիս 20 մլն դրամ ստվերային գումար կառաջանա, որը շատ ավելի մեծ եկամտային հարկ կարող է ապահովել քան հավաքարարի 50 հազար դրամ ավել գրվածը»։

Տարբեր երկրներում եկամտային հարկը տարբեր է, որոշ դեպքերում նույնիսկ հասնելով 70 տոկոսի։ Հաշվի առնելով իր հանրության վճարունակությունը եւ սոցիալական վիճակը՝  պետությունն ինքն է որոշում՝ ինչ տոկոսադրույքներ սահմանել։ Մասնագետները կարծում են՝ երկարաժամկետ հեռանկարում համահարթ հարկման մեխանիզմը թերեւս լավագույնը չէ,  բայց այն երկրի ստանձնած սոցիալական պատասխանատվությանը համահունչ է, իսկ գնաճի ու ծախսերի ավելացման կողքին՝ քաղաքացու հանդեպ սոցիալապես պատասխանատու մոտեցում։

Back to top button