ԿարևորՎերլուծական

Ադրբեջանի ԶՈւ–ի կորուստները․ իրական թվերը կոծկվում են, հիմնավորումները՝ փոխվում

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքը, հիմնվելով իր հավաստի աղբյուրների վրա, ամեն տարի տվյալներ է հրապարակում Ադրբեջանի բանակում զոհերի թվի մասին։ Ըստ այդմ՝ 2021 թվականին Ադրբեջանի զինված ուժերում եւ հարակից ուժային կառույցներում առնվազն 78 զոհ է եղել, մեծ մասը՝ ոչ մարտական պայմաններում։ «Ռազմինֆո»–ի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Ռադիոլուր»–ին ասել է, որ ի տարբերություն մինչև պատերազմը եղած պատկերին, այժմ կորուստները հիմնավորում ունեն, և դա Ադրբեջանի իշխանությանն ազատում է քննադատությունից։

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքն իր հավաստի աղբյուրներից պարզել է, որ Ադրբեջանի զինված ուժերում և հարակից ուժային կառույցներում 2021թվի 78 զոհերից առնվազն 13-ը գրանցվել են մարտական պայմաններում։ 58-ի վերաբերյալ տարածվել է ոչ մարտական պայմաններում մահանալու վարկածը, եւս 7-ի մահվան հստակ պատճառներն անհայտ են։ Կորուստներից 3-ը կոչումով փոխգնդապետ էին, առնվազն 24-ը՝ ժամկետային զինծառայող։ 78 կորստից Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է միայն 53–ի մասին, մնացածի մասին տեղեկացրել են ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքերը,  սոցցանցերը։ «Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքուն փորձում է իմաստավորել իր կորուտները ԶՈՒ-ում, ինչը հիմք է, որ իշխանության հասցեին քննադատություններ չհնչեն»,– «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է «Ռազմինֆո»–ի համակարգող Կարեն Վրթանեսյանը։ Նշում է՝ Ադրբեջանը գրեթե միշտ հետևողականորեն թաքցնում է իր կորուստները,  դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ,  նույնիսկ տարիներ անց․

«Միշտ, երբ տարին ամփոփում էինք, հաջորդ տարվա ընթացքում, նույնիսկ մի քանի տարի անց, լրացուցիչ դեպքերի մասին էինք իմանում։ Այսինքն, թաքցված, չհայտնած  մահեր էին ե՛ւ մարտական, ե՛ւ ոչ մարտական պայմաններում։ Կորուստների թվով սովորական տարի է իրենց համար, նրանք ավելի շատ կորուստներով տարիներ են ունեցել։ Նույնիսկ տարիներ են եղել, որ մեր հաշվարկով 200-ից ավելի կորուստ են ունեցել, խոսքը 2014-2015 թվականի մասին է։ Ապրիլյան պատերազմի կորուստները մեր հաշվարկներով եւս թաքցվել են՝ մոտ 100 անուն է  թաքցվել»։

44-օրյա պատերազմից հետո դժվարացել է թշնամու ԶՈՒ-ում առկա վիճակի, կորուստների վերաբերյալ տվյալների ճշտումը։ Նախկինում ավելի հեշտ էր,–ասում է Կարեն Վրթանեսյանը։ Այսօր Ադրբեջանի իշխանությունը փորձում է նաև իմաստավորել այդ մահերը․

«Վստահաբար, ավելի շատ են կորուստները, քան հայտնվում է։ Այլ բան է, որ  Ադրբեջանի հասարակության համար, 44-օրյա պատերազմից հետո դա այդքան էլ կարեւոր չէ, բնակչությանը գրգռելու էֆեկտ չունի։ Դե, ասվում է, որ զոհվում են հանուն հայրենիքի։ Պատերազմից հետո կորուստները իմաստալից են դարձել իրենց ժողովրդի աչքերում, եւ  դա քննադատությունների առիթ չի դառնում իշխանության հասցեին՝ ինչպես առաջ էր»։ 

Անցած նոյեմբերի 30-ին Ադրբեջանում վթարվեց ռազմական վարժանքներում ներգրավված ուղղաթիռ, մահացավ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության 13 գործող և 1 պահեստազորի սպա։  Իսկ 2020–ին «Ռազմինֆո»–ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 55 կորստի մասին՝ չհաշված 2020թ․ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի կորուստները։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը հիշեցնում է՝ հակառակորդը սովորաբար մի քանի անգամ նվազեցնում է իր զոհերի թիվը․

«Սուտը այդ երկրում պետական քաղաքականության մակարդակով է իրականացվում, դա հայտնի փաստ է։ Ադրբեջանական կողմը միշտ քչացնում է իրական թվերը՝ 3-5 անգամ, ընդ որում, կամ իբրեւ պատահար է ներկայացվում, կամ ինքնասպանություն»։

Մհեր Հակոբյանը նշում է, որ պատերազմից հետո Ադրբեջանի բանակում խնդիրները սրվել են։ Բնագծերը փոխվել են, տեղանքն անծանոթ է, կա  հոգեբանական մեծ լարում։ «Հսկողությունից ավելի հեռու են, եւ մենք էլ պետք է կարողանանք օգտվել այս վիճակից»,–նկատում է փորձագետը։

Ցուցադրել ավելի
Back to top button