Ծովահայեր

Ծովի մարդկանց ամանորյա սովորույթներն ու «խաչով ձկները»․ «Ծովահայեր»

Նոր տարին հաջող սկսելու համար, ամեն բնակավայր իր ավանդույթն ու հավատալիքն ունի։ Ավանդույթներից շատերը սերունդներով պահպանվում են, շատերն էլ՝ ժամանակի ընթացքում մոռացվում։

Շիրակի մարզի Աշոցք գյուղում ժամանակին մի առասպելազրույց կար՝ եկեղեցու տակից բխող աղբյուրի ջրի ու այդ ջրում ապրող «խաչով» ձկների մասին։

87 ամյա Գոհար Գալստյանը հիշում է, երբ փոքր էր, Ամանորի գիշերը տատն ուղարկում էր ժամի՝ եկեղեցու աղբյուրից մեկ դույլ ջուր բերելու. «Ջուրը պետք է տուն հասցնեի ճանապարհին առանց որևէ բառ խոսելու»։ Հավատացել են, որ դեկտեմբերի 31-ի գիշերն այդ աղբյուրի ջուրն անխոս տուն հասցնելիս, հաջողությունն ու լիությունը կայցելի ընըանիքին ու չի լքի ամբողջ տարին։ Պատահել է, որ դույլը ջուր լցնելիս ձուկ էլ է հայտնվել դույլի մեջ, տատը սակայն, ձկներին հետ է ուղարկել՝ հավատալով որ «ժամի աղբյուրի խաչով ձկների» մեջ մոգական ուժ կա և ուտել չի կարելի։

  

Միգուցե ծովից հեռու ապրելն է պատճառը, որ հազվադեպ հանդիպող ձկներին մոգական հատկություններ են վերագրել։

Իսկ ծովափնյա երկրների բնակիչների Ամանորի ավանդույթներն ուրիշ են, տոնական սեղանների զարդն էլ՝ ձուկն ու ծովամթերքը։ Հայաստանի հանրային ռադիոյի արևմտահայերեն լուրերի խմբագիր և հաղորդավար Անի Զեյթունցյանը 30 տարի ապրել է Միջերկրական ծովի ափին՝ Լաթաքիայում։ Անիի արմատները Միջերկրականի մեկ այլ ափից էին՝ Կիլիկիայից։ Արդեն 5 տարի է, ինչ Անին Հայաստան է եկել՝ իր հետ բերելով նաև ծովի մարդու ավանդույթներն ու ճաշատեսակները։ 

Ծովահայերի տաղավարում Անին պատմում է տոնական սեղանի զարդ «Սամքէ Հառռա» կոչվող ձկնային ուտեստի, «Սիյատիյե փլավով» ձկնային կերակրի և ծովամթերքով պատրաստված այլ կերակրատեսակների ու աղցանների մասին։

Իսկ թե օրգանիզմի համար ինչպիսի՞ օգտակար տարրեր է պարունակում ծովամթերքը, ի՞նչ ձկնատեսակեր ուտել և ի՞նչ հաճախականությամբ, սննդաբան, առողջ ապրելակերպի մարզիչ Արևիկ Պետրոսյանն է պատմում։ Արևիկը 4 տարի ապրել է Ատլանտյան օվկիանոսի ափին, ուսումնասիրել է առողջ ապրելակերպի՝ առաջավոր երկրների փորձը։

Back to top button