ԿարևորՀասարակություն

Ծաղկալանջցի հերոսները զոհվել են գրեթե նույն օրը՝ Շուշիում

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի դպրոցում 2 դասարան անվանակոչվել է դպրոցի շրջանավարտներ Նարեկ Բադալյանի և Սամվել Պոչիկյանի անվամբ:  Նարեկ Բադալյանը ժամկետային զինծառայող էր, իսկ Սամվել Պոչիկյանը՝ 2 երեխաների հայր: Երկուսն էլ զոհվել են Շուշիի մատույցներում: Պատերազմը չլիներ, Նարեկ Բադալյանն այսօր զորացրվելու էր:

Ծաղկալանջի դպրոցի մուտքի մոտ դպրոցականներն առաջինը ողջունում են իրենց գյուղի ժպտացող հերոսներին՝ Նարեկին ու Սամվելին. երկուսն էլ նույն դպրոցի շրջանավարտներ են: Նարեկ Բադալյանը դպրոցի ամենակենսուրախ տղաներից էր, հումորով ու սրամիտ: Նրա մասին պատմելիս՝  ուսուցիչներն արցունքների միջից ժպտում են: Ասում են՝ չէր սիրում, երբ տեսնում էր մարդկանց մտահոգ ու տխուր: Կենսաբանության ուսուցչուհի Գոհար Նավասարդյան.

 «Հնարավոր չէր նրա վրա բարկանալ: Շատ դրական, բարի, ուրախ տղա էր՝ միշտ ժպիտով: Բոլոր դրական հատկանիշներով կարելի է բնութագրել Նարեկին՝ կարգապահ, պարտաճանաչ, բարեհամբույր: Շատ ենք ցավում, կորստի ցավը հավասարապես կիսում ենք ծնողների հետ: Նարեկին դասավանդել եմ 7-րդ դասարանից, ու  ինձ համար էլ մեծ կորուստ է՝ ոչ միայն աշակերտի, այլև հարազատ որդու»։

Նարեկը զորակոչվել էր 2020թ. հունվարի 7-ին, 9 ամսվա ծառայող էր  Ցորի զորամասում, երբ սկսվեց պատերազմը:  Պատերազմի առաջին օրվանից մարտական գործողություններին մասնակցել է Հադրութում, ապա՝ Քարին տակում ու Շուշիում: Հայրն էլ, չնայած տարիքին, կամավորագրվել էր ու մեկնել Արցախ։

 «Պատերազմի ընթացքում ես  Ակնայում՝ Աղդամում եմ եղել: Հայր ու որդի իրարից գաղտնիք էինք պահում․ ինքը չէր ասում, որ Հադրութում է, ես էլ չէի ասում, որ Աղդամում եմ: Չէի կարող չգնալ: Ես 90-ականներին էլ եմ մասնակցել, շատ լավ գիտեմ՝ պատերազմն ինչ է: Ես գրեթե չեմ խոսել պատերազմից, որովհետև դրա մասին չի կարելի շատ խոսել»:

Որդու մասին պատմելիս պատերազմի բովով անցած հոր աչքերն արցունքով են լցվում,ինքն էլ  կծկվում ու մի բուռ է դառնում: Նարեկի ժպիտը հիմա դաջվել է միայն սրտում, իսկ գլխում պտտվում են նրա հումորները: Որդու սրամտություններից  մի քանիսն իրեն են հասել նաև ռազմի դաշտից,  ծառայակիցներն են պատմել.

«Համարձակ էր, իր նմանները քիչ են, ասում էին՝ երբ ԱԹՍ մեր գլխի վերևում պտտվում էր, մենք գլուխներս դուրս չէինք հանում, ինքը դուրս էր գալիս, մի բան ասում, բոլորիս տրամադրությունը բարձրացնում էր ու նորից մտնում ներս: Իր ամեն բառը ոսկի էր, խոսքը՝ գրպանում դրած: Չի եղել, որ իրեն մի բան ասեն ու ինքը նույն պահին պատասխան չտար»:

Բանակ ճանապարհելիս մայրը ներքուստ ուրախ էր՝ տղան մեծացել ու բանակ է գնում, ինքն էլ դարձել է զինվորի մայր: Պատերազմի ընթացքում զանգել է, երբեք չի դժգոհել.

«Ես շատ լավ եմ, իմ մասին մի մտածեք, հանգիստ քնեք, մենք էլ ենք քնում, սոված չենք մնում, կուշտ ենք: Միշտ լավ բաներ է ասել, երբ նկատում էր, որ ես նեղված եմ՝ կատակներ էր անում»:

Նարեկը զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիում: Եթե պատերազմը չլիներ, Նարեկ Բադալյանն այսօր կզորացրվեր։

«Երեք ընկերով էին մնացել, երեքն արդեն զոհվել էին, իրենք վիրավորվել: Վերջին պահին զանգել է հորեղբորորդուն, որը նույնպես սահմանում էր՝Նախիջևանի, Զանգակատան մոտ, ասել, որ ոտքից վիրավոր է: Նա էլ խորհուրդ է տվել, որ կապի՝ մինչև գան, տանեն: Նարեկս ասել է, որ  «ժգուտով» կապած է, բայց ով պետք է գա հանի, շրջապատված է թուրքերով: Հասցրել է վերջին անգամ ասել, որ  կասես՝ բոլորիդ սիրում եմ ու արել է այն, ինչ որ պետք է անի արժանապատիվ զինվորը: Երեք ընկերն էլ այդպես են զոհվել, որպեսզի գերի չընկնեին»:

Սամվել Պոչիկյանը ընտանիքի միակ կերակրողն էր: Երկու արդեն դպրոցահասակ որդիներն ու հիվանդ մայրը նրա խնամքին էին: Շինարարական աշխատանքներում էր վարպետացել: Պատերազմի ժամանակ ծանուցագիրը ստանալուն պես չէր երկմտել,  զինվորագրվել էր: Քույրը՝ Սուսաննա Պոչիկյանն  ասում է, որ ընտանիքն ու հայրենիքը Սամվելի համար նժարի հավասար կողմերում էին:

«Ասում էինք՝ Սամվել ջան, որ դու գնաս, քո ընտանիքը, երեխաներիդ ով է պահելու, ասում էր՝ ես չգնամ, մյուսը չգնա, ով պետք է պահի մեր երկիրը, որ մեր երեխաները հանգիստ ապրեն: Շատ աշխատասեր ու նվիրված երիտասարդ էր»։

Պատերազմ էր մեկնել հոկտեմբերի 22-ին:  Կինը փոխանցում է ամուսնու զինակիցների պատմածները՝ առաջնորդ էր։

«Իրենք ունեցել են հրամանատար, բայց չգիտեմ, թե ուր է գնացել, երբ Սամվելն էր ստանձնել հրամանատարի պարտականությունները: Ասում էին ամեն տեղ առաջինն ինքն էր գնում»:

Վերջին զանգը նոյեմբերի 5-ին էր, որդու ծնունդն էր շնորհավորել:  Իսկ նոյեմբերի 7-ից այլևս լուր չունեին: Դրանից հետո հորեղբայրը հիվանդանոցներում է  փնտրել վիրավոր Սամվելին։

«Ասեցի՝ իր վզին վզնոց կա, փորձեք դրանով գտնել, բայց ոչ մահացած: Ենթադրում էի, որ անգիտակից պառկած կլինի: Դեկտեմբերի 13-ին իմացանք, որ ինքն այլևս չկա ու իրեն ճանաչեցինք այդ վզնոցով»:

Սամվել Պոչիկյանը նույնպես զոհվել է Շուշիի մատույցներում, նոյեմբերի 6-ին:

Ծաղկալանջ գյուղի դպրոցի 8-րդ և 10-րդ դասարաններն անվանակոչվել են հերոսների անվամբ: Արարողությանը  ներկա էր նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։

 «Տղաները հայրենիքին տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը: Տվեցին, որ մենք ապրենք, որ իրենց որդիներն ապրեն, տվեցին, որ մենք կարողանանք մեր հողի վրա մեզ ամուր զգալ: Տվեցին և մեզ պարտավորեցրին՝ ամուր կանգնել այս հողի վրա, արարել և հզորացնել մեր հայրենիքը»:

Անվանակոչված դասարաններում դեռ սովորելու են Սամվելի որդիները, Նարեկի  քույրն ու եղբայրը: Ծաղկալանջի  հերոսների օրինակով  դեռ սերունդներ են  դաստիարակվելու։

Back to top button