Մտքի ուժը

Չղջիկների մասին անհեթեթ պատմություններն ու իրական գիտական հետազոտությունները․ «Մտքի ուժը»

Արդեն մի քանի տարի աշխարհն ահուսարսափի մեջ պահող քովիդի տարածման հիմնական այսպես ասենք մեղավորը չղջիկներն են։ Ասում են՝ վարակը սկսվեց Ուհան քաղաքի ձկան շուկայում՝ չինական արևելյան Հուբեյ շրջանում, որտեղ նաև չղջիկներ էին վաճառվում։ Մինչ այժմ, սակայն, ապացուցված չէ, որ հենց չղջիկներն են քովիդի տարածման այսպես ասենք, հիմնական մեղավորները։ ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի  ողնաշարավորների լաբորատորիայում Աստղիկ Ղազարյանը չղջիկներին ուսումնասիրում է 2002 թվականից։

Պատմում է․  «Չղջիկները մի շարք բակտերիաների ու վիրուսների  ռեզերվուարներ կրողներ են։ Չեն հիվանդանում դրանցով, ուղղակի մեծ քանակությամբ վիրուսներ են կրում։ Չկա ապացույց, որ քովիդ 19-ի հարուցիչը ուղիղ կապով չղջիկից անցել է մարդուն։ Իրենցից կարող է վիրուսը անցնել որևէ այլ կենդանու, մեկ այլ  օրգանիզմի, ձևափոխվել, մուտացիայի ենթարկվել ու անցնել մարդուն, սակայն, որ ուղիղ կապով չղջիկից անցել է մարդուն, եկեք դեռ  հստակ չասենք։ Նույնը նաև քովիդ 19-ին է վերաբերում։ Սխալ է ասել, որ չղջիկ եմ կերել ու հիվանդացել եմ քովիդով։ Դա ուղղակի անհեթեթություն է, չի կարող նման բան լինել»։

Չղջիկների մասին սա միակ անհեթեթ պատմություն չէ։ Աստղիկն իր գիտական գործունեության ավելի քան երկու տասնամյակի ընթացքում բազմաթիվ նման պատմություններ է լսել․   

«Այնքան անհեթեթ պատմություններ ենք լսել, օրինակ՝  եթե չղջիկը մարդու մատը կծում է, այն  փտում է։ Իմ մատները կծել են, սակայն տասը մատերս էլ տեղում են։  Մեկ այլ անհեթեթ պատմություն․ իբր չղջիկները մտնում են մարդու մազերի մեջ  ու խճճում։ Չկա նման բան։ Ամենազավեշտալին, որ իբր, եթե չղջիկի արյունը  քսես ակնոցի ապակուն, ապա ակնոցը դիմացինին մերկ ցույց կտա։ Գյուղերում երեխաները չղջիկներին սպանում էին հենց այդ նպատակով։ Անձամբ ես չղջիկների թևաթաղանթի երակից արյուն եմ վերցրել, երեխաների ներկայությամբ քսել եմ ինձ մոտ եղած ակնոցին, որ նրանք համոզվեն՝  դա անհեթեթ է ու հանգիստ թողնեն այդ խեղճ  չղջիկներին»։

Աշխարհում չղջիկները  բաժանվում են երկու մեծ խմբերի՝ մեգաչղջիկներ ու միկրոչղջիկներ։ Հայատանում տարածված են միկրոչղջիկները։ Չղջիկների այս խումբը սնվում է  միջատներով։ Այս պահին Հայաստանում մոտ 30 տեսակ է հաշվվում, հնարավոր է 33։ Այժմ կատարվում են որոշ տեսակների գենետիկական ճշգրտումներ։ Չղջիկներն ավելի շատ հանդիպում են Հայաստանի հարավում։ Քարանձավներում նրանք գաղութներ են կազմում, սակայն Տավուշի անտառներում ևս  մեծ քանակությամբ չղջիկներ կան։ Գիտական հետազոտության համար չղջիկները  շատ հետաքրքիր են՝ ասում է Աստղիկ Ղազարյանը․

 «Միակ կաթնասուններն են, որ իրական թռիչք են կատարում, գրավել են օդային տարածքը, նաև՝ մթնշաղագիշերային են։ Ի սկզբանե սկսել եմ ուսումնասիրել չղջիկների ուղեղը։ Նրանք շատ լավ տարածական հիշողություն ունեն։ Տարիներ շարունակ նրանք միգարցիա են կատարում, բոլոր անցուղիներն  ու ճանապարհները կարողանում են շատ լավ հիշել, այն դեպքում, երբ շատ վատ են տեսնում,  նրանց տեսողությունը շատ վատ է զարգացած։ Նրանք իրենց արձակած  ուլտրաձայների շնորհիվ կարողանում են գտնել իրենց զոհին»։

ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի  ողնաշարավորների լաբորատորիայում զբաղվում են չղջիկների գիտական հետազոտությամբ՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչ հիվանդությունների կրողներ են չղջիկները։

2017թ-ին՝ մինչ համավարակի սկսվելը, ԱՄՆ գիտնականների հրավերով ու առաջարկով սկսել ենք ուսումնասիրել կորոնավիրուսի առկայությունը չղջիկների օրգանիզմում։ Համավարակն ավելի ընդլայնեց թեման ու սկսեցին նաև հետազոտություններ կատարվել ոչ միայն չղջիկների, այլ նաև այլ մանր կաթնասունների ներգրավմամբ։

Ցանկություն կա նաև ունենալ համապատասխան լաբորատորիա։ Այս հետազոտությունները, ինչպես նաև սարք-սարքավորումների ձեռբերումն իրականացվում է Գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհով։ Տարբեր մասնագիտություններ ունեցողները մեկ վայրում կհավաքվեն ու կաշխատեն։

Նոր ստեղծվելիք լաբորատորիայում կհետազոտեն նաև տիզերին, լվերին ու ոչ միայն։ Թեհմինե Հարությունյանը մեծագույն հարգանք ունի մակաբույծների նկատմամբ։ Նա կենդանաբանության ամբիոնի աշխատակից է, նեղ մասնագիտությամբ՝ մակաբուծաբան․

«Զարմանալի է, թե ո՞նց կարող է այդ փոքր կենդանին այդքան հմտություններ ձեռք բերել, որ կարողանա իր տեսակը պահպանել, բազմանալ։ Թեմայի մաս է կազմում նաև մակաբույծների ուսումնասիրությունը։ Արդեն  ունենք բավականաչափ հավաքած նյութ։  Փորձում ենք հասկանալ, թե չղջիկների օրգանիզմում եղած բակտերիաներն ու վիրուսները ինչպե՞ս են տվյալ մակաբույծների միջոցով փոխանցվում, և փոխանցվո՞ւմ են արդյո ք մարդուն»։

Գիտնականն ասում է, որ հետաքրքիր է մակաբույծներին ուսումնասիրելը․ վերջինները նախկինում ավելի մեծ են եղել, կառուցվածքի պարզեցում է տեղի ունեցել, ժամանակի ընթացքում շատ օրգաններ ապաճել են, հիմնականում մնացել են մարսողության ու բազմացման համակարգերը։

 Գիտական հետազոտություններին զուգահեռ այստեղ նաև գնում են ահազանգերի հետքերով՝ օգնության հասնելով  հանրապետության տարբեր մարզերում ու Երևանում դրա կարիք ունեցող չղջիկներին։ Վերջին զանգերից մեկը Լևոն Շանթի անվան հիմնական դպրոցից էր՝ ասում է Աստղիկ Ղազարյանը՝ ձեռքում պահելով արդեն անշնչացած չղջիկին. չկարողացան փրկել փոքրիկ կաթնասունին։

Աստղիկն ասում է, որ արդեն երկու տարի է, ինչ ձմռան շրջանում ահազանգերի հետքերով իրենց մոտ հայտնված կենդանիները ձմեռում են լաբորատորիայում։ Գարնանն արդեն բաց են թողնում նրանց։ Սա աշխարհում հայտնի ձևաչափ է։ Որոշ երկրներում վերականգման կենտրոններ կան, որտեղ խնամում են չղջիկներին ու ոչ միայն։ Ի դեպ, գիտական հետազոտությունների նպատակով «օգտագործվող» չղջիկներին անպայման բաց են թողնում։

Ցուցադրել ավելի
Back to top button