Խոշորացույց

Աստծունը` Աստծուն, Կեսարինը` Կեսարին. եկեղեցին՝ աշխարհիկի մեջ. «Խոշորացույց»

Սրանից 15 տարի առաջ Շվեդիայի Կալմար քաղաքում իմ ավագ գործընկերը շփվել էր փոխքաղաքապետի հետ։ Պատմում էր, որ նա շվեդական եկեղեցու հոգեւորական էր, կանաչների կուսակցության անդամ, միայնակ հայր։ Նրա կենսագրությունն իրեն այնքան էր հետաքրքրել, որ խոսակցության՝ նախօրոք պլանավորած թեմայից շեղվել էր։ Իսկ նրա հետ խոսակցությունը գործընկերս սկսել էր Ավետարանից եւ Քրիստոսի խոսքից. «Աստծունը` Աստծուն, Կեսարինը` Կեսարին»` փորձելով պարզել, թե քաղաքական գործիչ հոգեւորականի համար որտեղ է անցնում այդ սահմանը։

Իսկ որտե՞ղ է անցնում Աստծո եւ Կեսարի, հոգեւորի եւ աշխարհիկի սահմանը։

Թվում է, թե հանրագիտարանը տալիս է հարցի հստակ պատասխանը.

  • աշխարհիկ պետություններն անջատված են եկեղեցուց,
  • պետությունը և եկեղեցին չեն կարող միջամտել մեկը մյուսի գործունեությանը,
  • պետությունը պարտա­վոր է բոլոր կրոնական ուսմունքների և կրոնական կազմակերպությունների համար ապահովել հավասար պայմաններ։
Այսօր ավետելով Քրիստոսի հայտնությունը՝ շատերը շնորհավորում են իրենց ընտանիքի Ավետիսներին։ Մարիամ Հովսեփյանը՝ եկեղեցական տոների ու անվանակոչությունների կապի մասին։

Հակառակ պետության՝ եկեղեցուց ան­ջատման գործընթացի ավելի քան երկուհարյուրամյա պատմությանը, այնուա­մենայնիվ, բազմաթիվ` այդ թվում եվրոպական ժողովրդավարական պետություններում սահմանադ­րորեն ամրագրված է պետական կամ պաշտոնական եկեղեցու ինստիտուտը։

Բայց Սահմանադրությամբ ինչ էլ որ ամրագրված լինի, հավատի հետեւորդները մարդիկ են, ոչ թե պետությունը։ Ու մարդիկ անկախ պետության ու եկեղեցու հարաբերություններից, երբեմն իրական հավատի, երբեմն իներցիայի ուժով մնում են որոշակի կրոնական կազմակերպության հետեւորդ։

Ու անկախ նրանից, թե ինչպես են շատերն այսօր վերագնահատում Հայ առաքելական եկեղեցու դերը, պատմական փաստ է, որ այն մեր ժողովրդի կյանքում շատ մեծ դեր ու նշանակություն ունի եւ ունեցել է, անգամ խորհրդային անաստվածության շրջանում։

Երբ պետությունն արգելում է եկեղեցական տոները, պետական տոներին հաջորդող օրն է դառնում մեռելոց։ Հռիփսիմե Հովհաննիսյանը` չմոռացվող ավանդույթների մասին։

Ինչո՞ւ այդ դեպքում անկախության վերահաստատումից հետո մենք այդպես էլ սահմանադրորեն պաշտոնական կարգավիճակ չտվեցինք ազգային մի ինստիտուտի, որին իր հավատարմությունն է հայտնում բնակչության 90 տոկոսից ավելին։

Անի ՄԻՆԱՍՅԱՆ

Հարցերի պատասխանները «Խոշորացույցի» տակ փորձել ենք գտնել աստվածաբան, Մատենադարանի ավագ գիտաշխատող Գառնիկ Հարությունյանի հետ։

Back to top button