ԿարևորՀասարակություն

Նարեկ սարկավագի մեծ ուխտագնացությունը․ «Ուխտավորի ուղեցույցը»՝ առանց սարկավագի

«Ավետիս», «Մեծ ավետիք», «Տաղ ծննդյան», «Մայրամ գնաց»․ այս ու էլի շատ երգեր երգվել են անցյալում՝ Սուրբ ծննդյան և աստվածահայտնության տոնին։ Իսկ ինչ է երգվել և երգվում այսօր՝ ուխի գնալիս, վերադառնալիս։ Դրանք հիմնականում հոգևոր երգեր են, բայց ոչ միայն։ Տարեվերջին լույս ընծայվեց Նարեկ սարկավագ Պետրոսյանի «Ուխտավորի ուղեցույց» գրքույկը։ Սա աղոթքների, հոգևոր ու ժողովրդական  երգերի ժողովածու է, որը պատրաստել էր Նարեկ սարկավագը՝ մինչև 44-օրյա պատերազմը։ Պատերազմում սարկավագը զոհվեց, «Ուխտավորի ուղեցույցը» հրատարակվեց նրա կնոջ՝ Մարիամի աշխատասիրությամբ, Կաթողիկե սուրբ Աստվածածին և սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ տեր Զենոնի նախաձեռնությամբ։

44 –օրյա պատերազմի հերոս  Նարեկ սարկավագ Պետրոսյանն է՝ Զինված ուժերի հոգևոր առաջնորդի օգնական, գնդերեց։ Երգում է  պատերազմի ամենաթեժ օրերին՝ Մարտունի ուղևորվելու  ճանապարհին։

Նարեկի հայրը նույնպես արցախյան պատերազմի նահատակներից է։ Ինքը, որպես գնդերեց, առաջնագծում էր հենց պատերազմի առաջին օրերից։

Պատերազմի ժամանակ զինվորական հագուստով  էր,  կրծքին՝ իրենից անբաժան «Աշոտ Երկաթ»–ի խաչը, ձեռքին՝ խաչ, որով  աղոթում ու օրհնում  էր զինվորներին։ Հենց այսպես է հիշում  նրան  մարտի դաշտում տեր Վարազդատ քահանա Նաջարյանը։ Նա Նարեկի կնքահայրն է։ Պատմում է՝ Նարեկն իրեն համարում էր զինվորների հովիվ։ Ասում էր՝ քաջ հովիվը պետք է կյանքը տա իր հոտի համար։ 

Տեր Վարազդատը  հիշում է՝ ծառայել են Արցախի Զինված ուժերում, Արցախում։ 2015 թիվն էր։ Նարեկը միակ գնդերեցն էր, որն  անհատապես  ճանաչում  էր  բոլոր զինվորներին։  Պատերազմի օրերին էլ նա զինվորի կողքին էր, ամենաթեժ  կետերում, ու ոչ ոք չէր կարող նրան հետ պահել։

«Իր պատասխանը լինում էր մեկ և սպառիչ ու միանգամից եզրափակող։ Եթե զինվորները այդ վտանգավոր, ձեր ներկայացարած շատ վտանգավոր իրադրության մեջ են, ուրեմն, մենք՝ հոգևորականներս,  իրավունք չունենք խուսափելու այդ վտանգավոր տեղերում լինելուց»,–պատմում է տեր Վարազդատ քահանան։

Դեռ պատերազմից առաջ կնոջ՝ Մարիամի  հետ որոշել էին տպագրել «Ուխտավորի ուղեցույցը»։ Գիրք, որտեղ զետեղված կլինեն բոլոր  աղոթքները, որոնք Նարեկ սարկավագը  կարդում էր ուխտագնացությունների   ժամանակ։ Գրքի երկրորդ հատվածում այն երգերն են, որոնք սարկավագը երգում էր արդեն ուխտագնացությունից վերադառնալիս․ 

«Նարեկի ձայնը չէր լռում։ Ինքը, թեկուզ վերջին շնչում, կտրված  ձայնով երգում էր։  Ուխտավորները շատ հաճախ ասում էին՝ թող ուրիշ մեկը երգի, բայց ինքը մինչև վերջին կանգառ հասնելը երգում էր»,–պատմում է կինը։  

Վերջին ուխտագնացությունը 2020թ-ի սեպտեմբերի 26-ին էր։ Տեր Զենոնի հետ Աղավնավանքում էին, սուրբ Պատարագ են մատուցել, քարոզել։ Քարոզի մեջ հորդորել է աղոթել խաղաղության համար։

Նարեկն աշխատել է նաև գրքի շապիկի վրա․ պատկերել է  ուխտավորի ճանապարհը՝ արահետներ, ծառուղիներ։  Գիրքը՝ հրատարակված, նա չտեսավ․ «Ուխտավորի ուղեցույցը» նվիրվեց Նարեկ սարկավագի հիշատակին։ Արարատյան հայրապետական թեմի Կաթողիկե սուրբ Աստվածածին և սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոնն ասում է՝ երբ ուխտավորը բացի ուղեցույցը, կտեսնի Նարեկին․

«Նարեկն ապրել է ամեն մի աղոթքով, ամեն մի երգով՝ լինի հոգևոր, շարական, թե հայրենասիրական։ Ինքը իր ապրումով ընտրել է այս ամեն ինչը։ Դրա համար վստահ եմ, որ հենց ուխտավորը այս գիրքը բացի, կտեսնի Նարեկի շուրթերով  քարոզվող Քրիստոսին»։

Կինը՝ Մարիամն էլ, հավատում է, որ Նարեկ սարկավագի մեծ ուխտագնացությունը շարունակվում է երկնքում՝ իր զինվորների հետ․

«Նարեկին նվիրված ֆիլմում առաջին կադրը հենց այդպես  է սկսվում՝ Նարեկը գնում է ուխտի՝ զինվորների հետ ։ Ու երևի հիմա էլ ուխտի  է գնում՝ զինվորների մեծ բանակով։ Ու էսպես էլ շարունակվում է  իր ուխտագնացությունը»։ 

ՀՀ նախագահի հրամանագրով Նարեկ սարկավագ Պետրոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության համար:

Back to top button